«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Մուլտիմեդիա» ակումբի «Սիրո մի կյանք. Շառլ Ազնավուր» ֆիլմի ցուցադրությունները շարունակվում են:
Դիլիջանի Restart Boutique Hotel-ի նախաձեռնությամբ «Այբ» դպրոցի աշակերտների ստեղծած «Սիրո մի կյանք» ֆիլմը ներկայացվեց Տավուշի մարզի հանդիսատեսի դատին: Ֆիլմը դիտեցին դպրոցականներ, հյուրանոցի այցելուներ և արվեստագետներ: Հունվար-փետրվար ամիսներին նախատեսվում են նոր ցուցադրություններ:
Ֆիլմի շնորհիվ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ բացահայտելու Ազնավուրի կյանքի և արվեստի դրվագները աշակերտների հայացքով: Ֆիլմն ընդունվեց մեծ ոգևորությամբ: Տպավորությունները վկայում են, որ երիտասարդ ստեղծագործողները կարողացել են կյանքի կոչել հուզիչ և ամփոփ հեռուստաֆիլմ:
Ֆիլմի նպատակն էր ոչ միայն ներկայացնել Ազնավուրի ստեղծագործական ուղին, այլև երիտասարդ սերնդին փոխանցել նրա արվեստի մեծությունը, կյանքի սկզբունքներն ու արժեքները՝ որպես ոգեշնչման աղբյուր:
«Սիրո մի կյանք» ֆիլմն արդեն ցուցադրվել է Լոռու և Շիրակի մարզերում, նաև սփյուռքում՝ Ռումինիայի հայկական համայնքներում: Երևանում այն մեծ էկրան բարձրացավ «Ռոլան» միջազգային մանկապատանեկան փառատոնում՝ արժանանալով «Երեխաները երեխաների համար» անվանակարգի պատվոգրի:
Ֆիլմի ստեղծումն ուսումնական գործընթաց է եղել: «Այբ» դպրոցի աշակերտները կարդացել են հայերեն հրատարակված Ազնավուրի ինքնակենսագրականները, վերլուծել նրա կյանքի և կարիերայի մանրամասները և հարցազրույցներ անցկացրել նրա հետ աշխատած ու նրան ճանաչած մարդկանց հետ:
Այս ֆիլմը հայ մեծ շանսոնիեի ստեղծագործական ճանապարհի յուրօրինակ ներկայացումն է, աշակերտների հայացքով ձևավորված հարգանքի տուրք Ազնավուրին՝ ապագա սերունդներին փոխանցելով նրա արվեստի և կյանքի կարևորագույն արժեքները։
Մարիամ Բաղդասարյան
11-րդ դասարան