«Աղբերս ու ես» կամ ինչպես արվեստի միջոցով լուծել աղտոտվածության խնդիրը

«Աղբը անտառը չնետել՝ թափել գետը». այսպիսի գրառումով ցուցանակներ հանդիպած կլինեք կամ գոնե տեսել եք համացանցում, ինչպես ես: Ըստ Համաշխարհային բանկի՝ Հայաստանը մեկ շնչի հաշվով աղբ ստեղծող երկրների շարքում 6-րդն է: Այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրը ստեղծում է տարեկան 16,3 տոննա թափոն: Աղբը նետում ենք շրջակա միջավայր հաճախ առանց տեսակավորելու` այդպես գրեթե անհնար դարձնելով նաև աղբի վերօգտագործումը:

Հավանաբար ծանոթ եք «Ախպերս ու ես» հայրենասիրական երգին: Այժմ էլ ծանոթացեք «Աղբերս ու ես» նախագծին: «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ֆ8» ակումբի աշակերտներով փորձելու ենք բարձրաձայնել աղբին ու թափոններին առնչվող խնդիրները յուրահատուկ ցուցահանդեսի միջոցով:

Մեր շրջակայքում կան աղտոտված վայրեր, որոնք և՛ վնասակար են բնությանը, և՛ հակադրվում են մեր իմացած գեղեցիկ վայրերին: Նախագծի մի ուղղությամբ լուսանկարել ենք Հայաստանում և Արցախում աղտոտված տարածքներ: Այնուհետև դիմել ենք մոտ 20 հայ երիտասարդների, որոնք համաձայնել են նկարվել այդ աղբաշատ վայրերում: Համաճարակը թույլ չտվեց երիտասարդներին իրականում նկարել, սակայն օգտագործել ենք որոշակի տեխնիկական միջոցներ՝ նրանց արդեն արված նկարները ներկայացնելով մեր լուսանկարած աղբավայրերի հետնապատկերին: Նկարների կողքին կլինեն նաև աղտոտված տարածքների կոորդինատները:

Կան արվեստագետներ, ովքեր ոչ միայն գիտակցում են աղբն այստեղ-այնտեղ չթափելու կարևորությունը, այլև կարողանում են աղբին ու թափոնին երկրորդ կյանք տալ: Մյուս ուղղությամբ համագործակցել ենք 5 արվեստագետների հետ: Երկաթի թափոններ, զենքի մասեր, պլաստիկ շշեր և կափարիչներ, անպետք լամպեր, բանալիներ, պտուտակներ. ահա, թե ինչ թափոններ են օգտագործում մեր արվեստագետներն իրենց գործերում, որպեսզի ստանան զարդեր, խճանկարներ, կտավներ ու քանդակներ: Նրանք բոլորը նշում են, որ իրենց գործերը նաև բնապահպանական խնդիր են լուծում: Ակումբի անդամներով հանդիպել ենք արվեստագետների հետ, նկարել նրանց ստեղծագործություններն ու աշխատելու գործընթացը և վերցրել հարցազրույցներ:

Նախագծի արդյունքում մենք դարձանք ավելի իրազեկված: Մեզ համար հետաքրքիր էր ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր կարողանում են թափոնը վերաիմաստավորել այն դեպքում, երբ մեզնից ոմանք այն ուղղակի նետում են բնության մեջ: Իսկ մենք չենք ուզում ապրել աղբի մեջ: «Աղբերս ու ես» նախագծի աշխատանքները ներկայացնելու ենք վիրտուալ ցուցահանդեսի միջոցով:

Օֆելյա Շամոյան

«Ֆ8» ակումբ

«Աղբերս ու ես» նախագիծ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>