«Խլացնող լռություն» և հնչեղ ծափեր Սունդուկյանի Փոքր բեմին

Կարծում եմ՝ իմ առաջ բավականին բարդ խնդիր է դրված։ Եթե ձեզ պատմեն, որ «Այբ» դպրոցի աշակերտները ներկայացում են պատրաստել, դժվար թե շտապեք ձեռք բերել տոմսերն այս հղումով։ Եթե ավելացնեն, որ ներկայացումը տեղի է ունենալու Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 31-ին, դա ձեզ, բնավ, չի զարմացնի։ Բայց եթե նշեն, որ «Խլացնող լռություն» խորագրով այս ներկայացումը, որի հիմքում իրական պատմություններ են, հուլիսի 31-ին երկրորդ անգամ է բեմ բարձրացվելու հաջող պրեմիերայից ու դրական արձագանքներից հետո, միգուցե դուք շարունակեք կարդալ այս նյութը, իսկ վերջում ձեռք բերեք տոմսերը՝ որոշելով հուլիսյան վերջին երեկոն անցկացնել մեզ հետ։ Ահա հենց դա էլ իմ առաջ դրված խնդիրն է։

Հուլիսի 16, հնչեցնում ենք «Խլացնող լռություն» ներկայացումն ամփոփող և կարծես դրա ավարտն ազդարարող խորագիրը՝ «Սա մեր պատմությունն էր»։ Փոքր բեմը ողողվում է ծափահարություններով։ Վստահաբար կարող եմ նշել, որ այդ պահին ոչ միայն մեզ, այլ նաև հանդիսատեսին պատել էին տարաբնույթ զգացմունքներ, որոնք կարծես հրաժարվում էին իրար տեղ տալ։ Զգացմունքների տեղատարափին զուգահեռ գլխում պտտվում էին մտքեր, մտքեր ամեն օր դպրոց հաճախող երեխայի, սահմանում պայքարող զինվորի, կարծես միշտ արթուն բժշկի ու համացանցում «բնակվող» ծնողի մասին․ նրանք մեր հասարակության մեջ ապրող մասնիկներ են, որոնց ձայները հաճախ չլսված են մնում։ Սա ավարտն էր, ու հենց ավարտին էլ ակամա մտովի տեղափոխվում ես սկիզբ։

Իսկ սկիզբը 2021թ․ սեպտեմբերն էր, երբ «Վավերագրական թատրոն» նախագծային ուսումնառության ակումբը ձևավորվեց Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի նախաձեռնությամբ, ով նաև «Այբ» դպրոցում բեմարվեստ է դասավանդել։ Դոկումենտալ կամ վավերագրական թատրոնին ծանոթացանք նրա շնորհիվ։ Ի տարբերություն դասական թատրոնի՝ այս դեպքում գրական հիմքը կազմված է իրական դեպքերից ու փաստերից։ Մեր ներկայացումն էլ բացառություն չէ․ տարվա ընթացքում հավաքել ենք և գրի առել պատմություններ՝ նպատակ ունենալով ընդգծել հասարակության մեջ հարգանքի առկայության ու բացակայության հետևանքները։

Երկարատև քննարկումների, հարցազրույցների, փնտրտուքների արդյունքում գրվեց պիեսը, որը բեմադրվեց ու ներկայացվեց հուլիսի 16-ին։ Այս օրը 4 դպրոցական ընկեր կրկին հանդիպեցին տարիներ անց: Դպրոցն ավարտելուց ի վեր նրանք իրենց ճանապարհին բախվել են փորձությունների ու տարաբնույթ խնդիրների: Այնուամենայնիվ, նրանց միջև կապը չի թուլացել: 4 ընկեր ու 4 իրական փաստերի վրա հիմնված, իրար հետ կապ չունեցող պատմություններ։ Նրանք կրկին կհանդիպեն հուլիսի 31-ին նույն ժամին և նույն տեղում՝ կիսվելու ձեզ հետ իրենց փորձով, առօրյայով, մտքերով ու հիշողություններով։

Մերի Ղուլյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>