Դեսպան Տիգրան Մկրտչյան․ 21-րդ դարում դիվանագիտության էությունը փոխվել է

«Այբ» դպրոցում հյուրընկալել էինք Հունաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին։ Հանդիպումը կազմակերպել էին պատմության ուսուցիչ Լիլիթ Մինասյանը և մասնագիտական կողմնորոշման բաժինը։ Աշակերտները կանգնած էին դժվար ընտրության առաջ․ հարցնել դիվանագիտության նրբությունների՞, սերունդների առաքելությա՞ն, թե՞ անհրաժեշտ կրթության ու մասնագիտական կողմնորոշման մասին։ Աշակերտները ստացան բազմաթիվ խորհուրդներ և պարզաբանումներ դեսպան Մկրտչյանից, որն իր դիվանագիտական կարիերայի 12 տարիների, ինչպես նա է նշում, համեստ փորձի ընթացքում շոշափելի արդյունքների է հասել Բալթյան երկրներում՝ Լիտվիայում, Լատվիայում և Էստոնիայում դեսպանավարելու ընթացքում։

Հանդիպման առավել հետաքրքիր հատվածները՝ ամփոփ։

  • Լավ դիվանագետ դառնալու համար ինչպիսի՞ կրթություն է պետք ստանալ։

20-րդ դարի վերջի զարգացումներն այնպիսի ուղղությամբ ընթացան, որ դիվանագետի մասնագիտությունը բավական շատ ընդլայնվեց։ Պարտադիր չէ, որ մարդ հաճախի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որ դառնա դիվանագետ։ Դիվանագիտական համակարգում ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ կարող են ներգրավվել։ Իհարկե, առաջնային են միջազգային հարաբերությունների, արևելագիտության և պատմության ֆակուլտետները։ Մինչ դիվանագիտությանն անցնելն անհրաժեշտ է կողմնորոշվել, թե որ ուղղությամբ եք ցանկանում մասնագիտանալ։

  • Իսկ ի՞նչ հմտություններ են պետք լավ դիվանագետ դառնալու համար։

Որևէ առանձնահատկություն ես կխուսափեի նշել, սակայն լավ դիվանագետ, ինչպես նաև ցանկացած այլ ուղղությամբ մասնագետ լինելու համար պետք է սիրել այդ մասնագիտությունը։ Եթե դուք տրվեք այդ աշխատանքին ամբողջովին, կլինեք լավ կադր։

Մի սխալ տեսակետ կա, որ դիվանագետը մարդ է, որին ուղարկում են արտասահման լավ ստելով երկրի շահերն առաջ տանելու համար։ Ես կարծում եմ, որ սուտ խոսելը շատ վտանգավոր «հմտություն» է դիվանագետի համար։ Մեր օրերում նման մեթոդներով աշխատելը բնականաբար հնարավոր չէ, քանի որ շատ արագ պարզվում է ամեն ինչ։

  • Այսօր կա՞ն Բիսմարկի պես դիվանագետներ։

Հետպատերազմյան իրավիճակում, երբ մեր դիմանագիտության առջև ծառացան մեծ խնդիրներ, իմ կինը, որն ազգությամբ լատվիացի է, ասաց, որ Հայաստանին անհրաժեշտ է Բիսմարկի նման դիվանագետ, ինչը, ցավոք սրտի, իրատեսական չէ։ Այդպիսիք ծնվում են խոշոր երկրներում, որովհետև մեր արտաքին քաղաքական դիապազոնն ավելի նեղ է և սահմանափակ։ Կարելի է ունենալ նմանատիպ հմտություններ և գիտելիքներ, սակայն Բիսմարկի հանճարը նրանում էր, որ նա և նրա պես գործիչները, օրինակ՝ Օգոստոս կայսրը, ունենալով իշխանության ընդլայնման անսահմանափակ հնարավորություն, գիտակցեց, որ այն անհրաժեշտ է սահմանափակել։ Աշխարհում հավանաբար կլինեն նրա պես դիվանագետներ, բայց նման գործիչներին սովորաբար ժամանակն է ծնում։

  • Հայաստանի դիվանագիտական դպրոցն, ըստ Ձեզ, ի՞նչ մակարդակի վրա է։

Այն կայացման փուլում է 1991 թ․-ից ի վեր։ ԱԳՆ համեմատաբար ամենակայացած պետական համակարգն է մեր երկրում, որտեղ աշխատում են շատ փորձառու դիվանագետներ, որոնք ի վիճակի են առաջ տանելու պետության կողմից նրանց ներկայացված այս կամ այն առաջադրանքը այս կամ այն ուղղությամբ։

Աշխարհում, սակայն, հատկապես Հայաստանում, արդի փոփոխություններին համահունչ քայլելու ցանկության պակաս կա։ Միայն մաքուր դիվանագիտության կրթություն ունեցող անհատն այսօր չի կարող հասկանալ ամեն տեսակի տարաբնույթ հարցեր։ Եթե առաջ դիվանագետի շփումը շատ սահմանափակ մարդկանց հետ էր՝ միայն իր գորընկերների և տվյալ երկրի իշխանությունների, ապա 21-րդ դարում այս մասնագիտության էությունը փոխվել է։ Հիմա մենք գործ ունենք ցանցային դիվանագիտության հետ, որտեղ ահռելի մեծ նշանակություն ունեն թվային ու հանրային դիվանագիտության տեսակներն իրենց ենթաշերտերով։

Խնդիրներից մեկն էլ այն է, որ դեռևս կա այն ընկալումը, որ դիվանագիտությունը «բարձր քաղաքականություն» սպասարկող համակարգ է։ Մենք խոսում ենք պատերազմից ու խաղաղությունից ու լուծում ենք պատերազմի և խաղաղության հարցեր։ Դիվանագետը պիտի պատրաստ լինի ցանկացած իրավիճակի ու կրի դրա լուծման պարտականությունը։ Կան շատ այլ խնդիրներ ու թեմաներ, որոնք անդի են, այսպես կոչված, «բարձր քաղաքականությունից», սակայն դիվանագետի ամենօրյա աշխատանքի մաս են։ Այս առումով մեր համակարգը պետք է ավելի մեծ ճկունություն ունենա ու կարողանա ավելի արագ հարմարվել փոփոխվող աշխարհին։

«Հայրենիքին պետք է վերաբերվել ինչպես մի զավակի»,— հիշեց իր ուսուցչի պատգամը դեսպան Մկրտչյանն ու եզրափակեց հանդիպումը՝ ընդգծելով հայրենիքի մեծացման ու հզորացման, վերակազմավորման, ինքնապաշտպանության ու զարգացման ապահովման գործում որակյալ կրթության կարևորությունը և հետևաբար հաջորդ սերնդի առաքելությունը։

Մերի Ղուլյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>