«Այբ» դպրոցում տեղի ունեցավ առցանց պանելային քննարկում «Կիբերանվտանգություն. ինչից զգուշանալ» խորագրով։ Հանդիպման խոսնակներն էին «ԱրմՍեկ» հիմնադրամի տնօրեն, «Թվային աջակցություն քաղհասարակությանը» վերլուծական կենտրոնի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը և «Այբ» դպրոցի ավագ հոգեբան Սոլանժ Թամամյանը:
Այն հարցին, թե ինչ է կիբերանվտանգությունը, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց, որ այն կարելի է հակիրճ բնութագրել որպես թվանշային միջավայրում անվտանգ լինելու հնարավորություն, տեխնիկայի ճիշտ կիրառություն ու հմտություն՝ գիտակցելու թվանշային աշխարհի հնարավոր վտանգները։
Քննարկվեց նաև, թե ինչպես կարելի է երեխաներին պաշտպանել ՏՏ աշխարհի վտանգներից։ Խոսնակները պատասխանեցին, որ ծնողական մոտեցումներն այս հարցում շատ տարբեր են, և յուրաքանչյուր երեխայի համար պետք է գտնել անհատական մոտեցում։ Արամ Փախչանյանը, անդրադառնալով հարցին, ասաց, որ ծնողների մոտ ժամանակի ընթացքում պետք է ձևավորվի գիտակցություն, թե ինչն է վտանգավոր թվանշային աշխարհում, և ինչը՝ անվտանգ, որպեսզի կարողանան այդ ամենը ճիշտ փոխանցել երեխային։ Նշվեց նաև, որ պետք է կիսել երեխաների հետաքրքրությունները, որպեսզի երեխան ընդունի ծնողին որպես ընկերոջ։
«Հիմա այնպիսի ժամանակաշրջանում ենք, որ նույնիսկ մեծահասակները կարող են չվերահսկել կիբեր աշխարհի վտանգները, բայց պետք է ուշադիր և զգուշավոր լինել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Հանդիպման ավարտին խոսնակները նշեցին թվային գրագիտության 5 կանոն, որոնք հետևյալն են։
Իլոնա Արտազյան, 10-րդ դասարան
Կիսվել