«Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած․․․»։ Պարույր Սևակի այս խոսքն անշուշտ համաճարակներին չի վերաբերում, սակայն ստեղծված իրավիճակում մարդկանց հատուկ է ամեն ինչ կապել COVID-19-ի հետ, և ես նկատեցի, որ այս արտահայտությունը լավագույնս ներկայացնում է այս և մյուս համաճարակների բնույթը։ Դրանք իսկապես այնքան ուշ-ուշ են գալիս, որ մարդիկ իրենց կյանքում հիմնականում միայն մեկ համաճարակի կարող են ականատես լինել և այդ պատճառով էլ երբեք դրան պատրաստ չեն լինում։ Սակայն, ինչպես Պարույր Սևակը նկատել է, նրանք ճիշտ ժամանակին են գալիս։ Նմանապես ես կարծում եմ, որ այս համավարակը եկավ ճիշտ ժամանակին և մեր կյանք բերեց այն փոփոխությունները, որոնք տեսնելն ու զգալն առանց համաճարակի միջնորդության տարիներ կպահանջեին։ Համաճարակը մեզ նոր հնարավորություններ ընձեռեց, սակայն քիչ չեն նաև նրա պատճառած վնասները։
Ինչպես բոլոր համաճարակները, այս մեկը նույնպես խլեց բազմաթիվ մարդկային կյանքեր և դեռ երկար ժամանակ կխլի, ինչը, իհարկե, մեծ ողբերգություն է։ Սակայն եթե բարձրանանք տիեզերք ու այնտեղից նայենք Երկրին, եթե մի պահ մոռանանք այն բոլոր մարդկանց մասին, որոնց սիրում ենք և որոնք վտանգված են, կտեսնենք, որ այս մահերը նաև բեռնաթափում են մեր մոլորակը, քանի որ վերջին հարյուր տարվա ընթացքում Երկրի բնակչությունը եռապատկվել է և դեռ շարունակում է մեծ տեմպերով աճել։ Նույն դրական ազդեցությունն են թողնում համաճարակի պատճառով փակված բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք օգտագործում էին Երկրի հումքը։ Մեր մոլորակը վերջապես հնարավորություն ունի մի փոքր հանգիստ շունչ քաշելու ու մտածելու իր մասին։ Սակայն նույն տնտեսական անգործությունը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել՝ դառնալով ճգնաժամի, մահվան և աշխարհի քարտեզի վրա տնտեսական փոփոխությունների պատճառ։
Մյուս կողմից համաճարակը հնարավորություն տվեց մարդկության ստեղծած տեխնոլոգիաները՝ համակարգիչները, հեռախոսները ավելի արդյունավետորեն օգտագործելու՝ բացահայտելով վերջիններիս իրական ներուժը։ Այժմ համացանցը դարձել է ընտանիքից դուրս շփման հիմնական միջոցը․ կարծես թե սկսում է փոխարինել սովորական շփմանը։ Կարծում եմ՝ համաճարակի ավարտից հետո համացանցով շփումն այնքան ամրացած կլինի մեր մեջ, որ վերադառնալով մեր ոչ արտասովոր կյանքին՝ կշարունակենք օգտագործել տեխնոլոգիաները՝ որպես շփման հիմնական միջոց։ Նախկինում մարդկանց համար տարիներ էին պահանջվում՝ հանդիպելու, ինչ-որ հարցեր քննարկելու, որոշումներ կայացնելու համար։ Տեխնոլոգիաները հեշտացրել են մեր կյանքը։ Մենք կարող ենք կապվել ցանկացած մարդու հետ ցանկացած ժամի և աշխարհի ցանկացած վայրում։ Սակայն մարդիկ այս ամենը չէին գիտակցում, մինչև որ համաճարակը սա դարձրեց նկատելի ու կիրառելի։
Կորոնավիրուսը բացեց մարդկանց աչքերը։ Սրա ազդեցությունը դեռ կուսումնասիրենք մեզ վրա, երբ համաճարակն ավարտվի։ Բայց պետք չէ մոռանալ նաև վիրուսի ահռելի վնասների մասին․ մարդիկ հնարավոր է այլևս չձևավորեն ջերմ հարաբերություններ, քանի որ դա այլևս կենսական անհրաժեշտություն չէ։ Իսկ մենք գիտենք, որ մարդկային հարաբերությունները երջանկության գլխավոր աղբյուրն են մեր կյանքում։
Կյանքի շատ ասպարեզների վրա է իր հետքը թողել այս չարաբաստիկ վիրուսը, բայց կցանկանայի խոսքս ավարտել վիրուսի դրական ազդեցություններից կարևորագույնի մասին խոսելով։ Կորոնավիրուսի շնորհիվ շատերս ամիսներով տանը փակված մնացինք ու սկսեցինք նկատել, թե ովքեր են ապրում մեր կողքին, ում հետ ենք առավոտյան արթնանում և երեկոյան պառկում քնելու։ Մենք սկսեցինք նկատել մեր ընտանիքի անդամներին՝ այն մարդկանց, որոնց հետ հավաքվում ու մեկ միասնություն ենք դառնում կյանքի դժվարին փուլերում։ Կորոնավիրուսի շնորհիվ մարդիկ սկսեցին ավելի շատ հոգ տանել հարազատների մասին ու ցույց տալ իրենց սերն ընտանիքի անդամների հանդեպ, ինչն էլ հենց համարում եմ իրավիճակային ամենամեծ ձեռքբերումը, որն անկասկած պետք է բոլոր ուժերով փորձենք պահպանել։
Դավիթ Բաղդասարյան 114 դասարան
Կիսվել