Կորոնավիրուսի դրական և բացասական ազդեցությունները

Ինչպես բոլորս գիտենք, վերջին մի քանի ամիսներին COVID-19 վարակը «սփռվել» է ողջ աշխարհով մեկ: Մեզնից անկախ՝ մենք հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ ստիպված ենք մնալ տանը: Ես կներկայացնեմ այս իրականության հետ բախման իմ սեփական փորձառությունը և դրա բացասական ու դրական կողմերը:

Սկսենք բացասականից․ ինչի՞ց ես զրկվեցի ինքնամեկուսացման ընթացքում։ Քանի որ բնության հետ շատ կապված եմ, ինձ համար անտանելի ծանր էր գարնանային զարթոնքին տան պատշգամբից հետևելը: Կարծես մի անտեսանելի ուժ ինձ ձգեր դեպի բողբոջող ծառերն ու փթթող թփերը: Այնուամենայնիվ, ես հակառակվում էի այդ ուժին և ինքս ինձ ստիպում հեռվից հիանալ արթնացող բնության գեղեցկությամբ: Ավելին, շատ ուժեղ էր զգացվում մարդկային շփման պակասը. ինչպես ասում են, «կարոտը խեղդում էր»: Հավանաբար բոլորն ինձ կհասկանան, որովհետև բոլորը կարոտել էին իրենց տատիկ-պապիկներին և մյուս բարեկամներին, կարոտել էին աղմկոտ խնջույքներին ու հումորներով լի խոսակցություններին, և իհարկե բոլորս կարոտել էինք մեր համադասարանցիներին կամ համակուրսեցիներին, կարոտել էինք նրանց հետ հիշողություններ ձեռք բերելուն ու ուսուցիչներից ու դասախոսներից բողոքելուն․ չէ՞ որ դա միավորում է մարդկանց: Այսպիսով՝ ինձ համար մեկուսացման ամենաբացասական կողմը կարոտն էր հարազատ մարդկանց և բնության նկատմամբ:

Ամեն դեպքում ինձ համար ավելի ծանրակշիռ էին մեկուսացման դրական կողմերը: Ճիշտ է՝ դրա պատճառով մենք զրկվել էինք ընկերների և հեռու բարեկամների հետ շփման հնարավորությունից, բայց նաև ձեռք էինք բերել մեր ընտանիքի անդամների հետ անմիջական շփման աննախադեպ հնարավորություն: Մեր ընտանիքի փորձառությունը հավանաբար տարբերվում է այլ ընտանիքների փորձից: Վստահ եմ՝ մյուսները կասեն․ «Մենք ողջ ընտանիքով գրքեր էինք կարդում և ապա քննարկում դրանք»: Այո՛, նման զբաղմունքները նույնպես տեղ ունեին իմ ընտանիքի «ինքնամեկուսացման առօրյայում», բայց ամենամեծ բացահայտումը թերևս բլոտ խաղալն էր: Մեր տանը բացի հայրիկիցս ուրիշ ոչ ոք չգիտեր այս խաղը, սակայն մենք ազատ ժամանակ շա՜տ ունեինք: Գիտեմ՝ ոմանք կասեն, որ թղթախաղը ժամանցի ամենալավ միջոցը չէ, բայց ես կասեմ, որ բազմաթիվ հետաքրքիր հմտություններ եմ ձեռք բերել բլոտ խաղալիս:

Ինչպես և շախմատի դեպքում, բլոտ խաղալիս ևս պետք է նախապես հաշվարկես յուրաքանչյուր քայլդ և լինես ավելի հեռատես, քան հակառակորդդ: Ավելին, բլոտը թիմային խաղ է, և պետք է թիմակիցներով կես բառից իրար հասկանալ, որպեսզի համագործակցությունը ավելի արդյունավետ լինի: Ես ու մայրիկս իրար այնքան լավ էինք հասկանում, որ հաղթում էինք մեզ խաղալ սովորեցրած հայրիկիս և եղբորս: Ասածս ինչ է. «բլոտը հարուստ խաղ ա», և պետք չէ այն թերագնահատել: Բայց սա դեռ ամենը չէ․ ես շատ ազատ ժամանակ ունեի ու սկսեցի ավելի շատ ժամանակ տրամադրել հետաքրքրություններիս: Տարբեր աշխատություններ էի կարդում կենսաբանության հետ կապված, նկարում էի, նույնիսկ սկսեցի կիթառ նվագել սովորել:

Ամփոփելով ասեմ, որ ինքնամեկուսացման իմ փորձառությունն այնքան էլ անհաջող չէր, քանի որ կարողացա ընտանիքիս հետ հաճելի ժամանակ անցկացնել և ինքնազարգանալ: Այս ամենից ես մի շատ կարևոր դաս քաղեցի: Բոլորս պետք է կարողանանք ոչ թե բողոքել նոր իրականությունից, այլ հարմարվել դրան և նույնիսկ օգուտներ քաղել դրանից, քանի որ կյանքը միշտ շարժման մեջ է, և ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է լինել վաղը:

Մարինա Քոչինյան 114 դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>