Կորոնամարդիկ

Այս օրերին անհնար է գտնել մի այնպիսի մարդ, որ տեղյակ չլինի կորոնավիրուսից: Նոր կորոնավիրուս կամ COVID-19՝ վարակ, որը բռնկվել է 2019 թվականի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում և սկսել է տարածվել կայծակնային արագությամբ՝ փոխանցվելով մարդուց մարդուն: Մինչ այս եղել են շատ տարբեր կովիդ-վիրուսներ, սակայն դրանցից ոչ մեկն այսչափ ուժգին չէր ազդել մարդկության վրա: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն մոտենում է 20 միլիոնի սահմանին: Եվ, չնայած նրան, որ թիրախային խումբը ծերերն են, այն անտարբեր չի անցնում նաև երեխաների ու երիտասարդների կողքով:

Աշխարհը կանգ է առել անտեսանելի թշնամու պատճառով, որը խլում է շատ ու շատ մարդկային կյանքեր, բայց ինչպե՞ս կարող ենք չնկատել այն, որ մեքենաների, ատոմակայանների, արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքի նվազման շնորհիվ բնությունը նոր շունչ է ստացել, շրջակա միջավայրը մաքրվել է:

Այնուամենայնիվ, մարտի 1-ին Հայաստան եկավ գարունը՝ իր հետ բերելով արդեն մեծ ճանաչում ստացած թագաբացիլը: Ոմանք հասկանում էին, որ առաջին ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի ու ինքնամեկուսանալ, իսկ ոմանք էլ պատրաստվում էին նշանդրեքի, որպեսզի իրենց կորոնանվերները բաժանեն բոլոր հյուրերին: Եվ այո՛, դեռ կան մարդիկ, ովքեր մտածում են «Հա ի՞նչ, կվարակվեմ, իմունիտետ ձեռք կբերեմ», «Էդ վիրուսը հաստատ մեզ չի կպնի» կամ էլ «Չկա կորոնավիրուս, սաղ սարքովի ա»: Այն, ինչը կարող է մեր իմունիտետը բարձրացնել կամ հարբուխի նման անցնել, մյուսների համար կարող է մահացու լինել: Կարո՞ղ ենք արդյոք գիտակցել, որ մեր սխալ վերաբերմունքի պատճառով խոցելի են դառնում մեր մտերիմները, մեր տատիկ-պապիկները:

Հիշե՛ք, կորոնավիրուսից նվազագույն պաշտպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրությամբ հետևել ձեռքերի հիգիենային: Եվ, իհարկե, եթե բոլորն ընդունեն այս շրջանում ամենատարածված «մնա տանը» արտահայտությունը որպես կոչ, այն կնպաստի կորոնավիրուսի տարածման նվազմանը և նույնիսկ վերացմանը:

Ի վերջո, բոլորս էինք անհամբեր սպասում ձմռան ավարտին, մաքուր ու թարմ օդին, գարնան ծաղկունքին, ապա՝ ամռան տապը հաճելի դարձնող ծովափին, իսկ հիմա միայն լուսամուտից կարող ենք դրանք վայելել. համենայն դեպս նրանք, ովքեր ավելի լրջորեն են մոտենում այս իրավիճակին և դուրս չեն գալիս տնից:

Ստրեսին բախվեցին շատ մարդիկ, այդ թվում նաև ես ու իմ հասակակիցները, քանի որ կտրուկ ընդհատվեցին մարդկային շփումը, կորավ քաղաքը լեցուն տեսնելու, զվարճանքի կենտրոններում ժամանակ անցկացնելու կամ պարզապես տնից դուրս գալու հնարավորությունը: Ու կյանքն անցավ նստակյաց վիճակի: Ինքնամեկուսացումը, սակայն, կարծում եմ, թույլ տվեց մարդկանց գնահատել ամեն մի օրը, որովհետև ոմանք, երբ բողոքում էին իրենց անցկացրած օրվանից, ընկերներին հանդիպելը թողնում էին մյուս շաբաթվան, նույնիսկ չէին պատկերացնում, որ ամեն ինչ այսչափ կլրջանա:

Ստացվում է, որ շատերն են երազում ու սպասում այս ամենի ավարտին, որը կախված է մեզնից յուրաքանչյուրից: Ինչպե՞ս չմնանք տանը այն դեպքում, երբ բժիշկներն են հանուն մեզ աշխատում՝ իրենց սեփական կյանքը վտանգելով:

Անդրադառնամ սեփական փորձիս: Ես իրականում ծանր էի տանում աշխարհում տիրող քաոսային իրավիճակը, քանի որ հասկանում էի, որ կան որոշ բաներ, որոնց մասին մտածելն անգամ զուր է նույնիսկ այս դրության ավարտից հետո, որովհետև ամեն բան իր ժամանակն ուներ, սակայն փորձում եմ լավատեսությամբ մոտենալ ու ներքին դատարկությունը լրացնել ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելով: Ի դեպ, այս շրջանը հոգեպես հաղթահարելու լավագույն միջոցը ամենատարբեր զբաղմունքներ գտնելն է:

Մի խոսքով՝ կարծում եմ՝ ես կարողանում եմ լավ ընկալել «պատասխանատվության զգացում» ասվածը, քանի որ մայրս բժիշկ է, որն ամեն օր գնում է աշխատանքի՝ գիտակցելով, որ ընդունելու է կորոնավիրուսով վարակված հիվանդի և ախտորոշելու է թոքաբորբ: Սակայն վստահաբար կարող եմ ասել, որ նա պահում է հիգիենայի բոլոր կանոնները՝ անդադար նաև ախտահանելով իր աշխատասենյակը:

Այնպես որ մի՛ մտածեք, թե դուք որևէ կերպ չեք կարող ինչ-որ բան փոխել աշխարհում, քանի որ տանը մնալն արդեն իսկ ենթադրում է ողջ մարդկությանն ու ոչ միայն մարդկությանը փրկել համաճարակից:

Հրաչյա Նալբանդյան

Այսօր ցանկանում եմ խոսել մեզ արդեն շատ հայտնի դարձած կորոնավիրուսի՝ նրա կառուցվածքի, գործառույթների և վարակից պաշտպանվելու մասին:

Կորոնավիրուսը գիտությանը հայտնի վարակ է, պարզապես այն ներկայումս ի հայտ է եկել մեկ այլ տարբերակով. վիրուսի ընկալիչները փոխարինվել են չղջիկի ընկալիչներով: Եվ քանի որ մեր օրգանիզմը դեռևս չի հանդիպել նման վիրուսի, ստիպված օգտագործում է մեծ քանակությամբ էներգիա այդ վարակը տապալելու համար:

Ինչ վերաբերում է դրա դիմաց պատվաստանյութեր ստեղծելուն, ապա շտապեմ նշել, որ մեծ հավանականություն կա, որ այս վիրուսն ամեն անգամ կիսվելով կենթարկվի մուտացիայի: Հետևաբար դժվար է հայթայթել մի այնպիսի պատվաստանյութ, որը կազդի բոլոր տեսակների վրա:

Կորոնավիրուսն առաջացնում է բարդություններ թոքերում: Ավելի վտանգավոր է մեծահասակների և այն մարդկանց համար, ովքեր ունեն իմունիտետային կամ շնչառական խնդիրներ. քանի որ իմունիտետը թույլ է, օրգանիզմը չի կարողանում արդյունավետ պայքարել, ինչը հանգեցնում է մահվան:

Այժմ պատմեմ այն ամենի մասին, ինչը հարկավոր է չվարակվելու համար: Պետք է պարբերաբար ախտահանել ձեռքերը և չախտահանված ձեռքերով չդիպչել երեսին, քանի որ վարակն այդ եղանակով կարող է անցնել օրգանիզմ: Անհրաժեշտ է նաև կրել դիմակ օդակաթիլային ճանապարհով վարակվելուց խուսափելու համար և պահպանել մեկուկես մետր սոցիալական հեռավորությունը:

109731229_289678719009396_7377739264118631939_n.jpg116294109_625249798102453_6908609909685163208_n.jpg

Սիրելինե՛րս, ես կարծում եմ, որ ոչինչ անհնարին չէ մարդկության համար, ուղղակի հարկավոր է համախմբվել և պայքարել, որի արդյունքում մենք դուրս կգանք հաղթանակած: Առո՛ղջ եղեք:

Լիլիթ Բախշեցյան

Այս պահին դժվար է մոլորակի վրա գտնել մի մարդու, ով չի լսել կորոնավիրուսի մասին։ Այն գտել է լայն տարածում և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համարվել համաճարակ։

Վերջին անգամ այսպիսի քաոսային դեպք գրանցվել է 2009-2010 թվականներին H1N1 գրիպի ժամանակ: Եվ ահա ուղիղ տասը տարի հետո մենք ականատես ենք լինում ավելի լայն տարածում ստացած վիրուսի։

Մինչ պաշտպանվելու եղանակներն ուսումնասիրելը պետք է հասկանանք, թե ինչ է կորոնավիրուսը և ինչ ճանապարհներով է փոխանցվում։ COVID-19-ը վարակային հիվանդություն է, որը սերտ առնչվում է «ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ» (SARS) կոչվող վիրուսային հիվանդության հետ: Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ վարակակիր անձինք շնչում, հազում կամ փռշտում են։ Վարակումից մինչև ախտանշանների դրսևորումն ընկած ժամանակահատվածը՝ ինկուբացիոն շրջանը, տևում է մինչև տասնչորս օր։ Հիվանդները կարող են ախտանշաններ նույնիսկ չունենալ: Մյուս կողմից հիվանդությունը կարող է խորանալ՝ հանգեցնելով թոքաբորբի և բազմաօրգանային անբավարարության: Պատվաստանյութ կամ յուրահատուկ հակավիրուսային բուժում դեռևս գոյություն չունի, իսկ բուժման տարբերակներից են ախտանշանային, սատարող և փորձնական գործողությունները։

Իսկ հիմա ամենասպասված հատվածը, թե ինչպես պայքարել վիրուսի դեմ։ Ինչքան էլ պարզամտորեն հնչի, բայց տնից դուրս մի՛ եկեք։ Այս պահին նույնիսկ գիտնականներն ու բժիշկները ավելի լավ լուծում չեն կարող առաջարկել։ Հանգստացնում է միայն այն փաստը, որ այս վիրուսով վարակված յոթանասուն տարեկանից փոքր անձինք հազվադեպ են գործ ունենում հիվանդության ավելի ծանր ձևի հետ։ Այնուամենայնիվ պետք չէ մոռանալ անձնական հիգիենայի կանոնների մասին: Վիրուսը, ցավոք, լուրջ հետևանքների է հանգեցնում, իսկ վարակվածների թիվն օրեցօր աճում է։ Այդ իսկ պատճառով փորձեք չլսել այն մարդկանց, ովքեր ասում են. «Հա լա՛վ, գրիպ ա էլի, կանցնի»:

Նոննա Գուլքանյան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>