«Ռոքեստր» ակումբ, «Battle for Evermore» երաժշտախումբ
Նախագծի անվանումը՝ «Երաժշտական գործիքները ռոքում»
Նախագծավարներ՝ Վահագն Պապայան և Էրիկ Ալոյան
Ակումբի անդամ աշակերտներն ուսումնասիրում են ռոքում կիրառվող գործիքների պատմությունն ու առանձնահատկությունները և արտասովոր գործիքների կիրառումը, որոնք ներկայացվելու են ուսուցողական համերգով։
«Ռոքեստր» ակումբի նպատակը երաժշտական աշխարհի գաղտնիքները բացահայտելն ու ուսումնասիրելն է։
«Battle for Evermore» երաժշտախումբը ձևավորվել է 2013 թվականի հոկտեմբերին, իսկ 2015-ից՝ նախագծային ուսումնառության ներդրման տարվանից, իր նախագծերն իրականացնում է «Ռոքեստր» ակումբի կազմում։
«Արվեստանոց» ակումբ
Նախագիծ՝ «Այբում» (AyBoom)
Նախագծավար՝ Մարի Ադամյան
«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Արվեստանոց» ակումբի «Այբում» նախագծի նպատակն է ներկայացնել «Այբ» համայնքը և վերաբացահայտել «Այբ» դպրոցի 8 սկզբունքները աշակերտների տեսանկյունից՝ ստեղծելով դպրոցական հիշարժան իրադարձությունների տարեգիրք: Յուրաքանչյուր իրադարձության լուսաբանումը կատարվում է 8 սկզբունքների տեսանկյունից:
Տարեգրքի բոլոր նկարազարդումների և բովանդակային տեքստերի հեղինակները «Արվեստանոց» ակումբի աշակերտներն են:
Բժշկագիտական հետազոտությունների ակումբ
Նախագծի անվանում` «Այբոլիտ»
Նախագծի ղեկավար` Տիգրան Աղաբեկյան
Բժշկագիտական հետազոտությունների ակումբը հնարավորություն է տալիս աշակերտներին ծանոթանալու գիտական փորձերի ու հետազոտությունների կատարման ընթացքին։
«Այբոլիտ» նախագծի շրջանակում կատարվում է հետազոտություն՝ հարբուխի պատվաստանյութերի կիրառման տոկոսը պարզելու համար։ Որպես վերջնարդյունք՝ կազմակերպվելու է սոցիալական արշավ՝ հասարակության մեջ պատվաստման մշակույթը ներդնելու և իրազեկության մեծացման համար։
Անհրաժեշտ տեղեկույթը հասարակության բոլոր շերտերին փոխանցվելու է առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ և տարբեր ԶԼՄ-ների ու սոցիալական հարթակների միջոցով։
Նախատեսվում է նաև գիտական հոդվածի թողարկում՝ որպես գիտական աշխատանքի տրամաբանական ավարտ։
Ինժեներական ակումբ
Նախագիծ՝ «Լաբորատոր աճեցման բլոկներ» (ԼԱԲ)
Նախագծավար՝ Վազգեն Գաբրիելյան, Ռուբեն Քերոբյան
Նախագծի նպատակն է՝ կատարելով անհրաժեշտ հետազոտություններ և ուսումնասիրություններ՝ մշակել ընտրված բույսերի և սնկերի աճեցման՝ սահմանափակ պայմաններում արդյունավետ գործող միջավայր՝ խելացի կառավարման համակարգով։ Նախագծի շրջանակում մշակվում են մարդու կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ բույսերի և սնկերի լաբորատոր աճեցման բլոկներ, որոնց մշակման արդյունքում ակնկալվում է սովորական պայմաններում ստանալ էկոլոգիապես մաքուր սնունդ և սահմանափակ պայմաններում՝ պարենային անվտանգություն։
ԼԱԲ-ն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, որոնցից են էներգախնայողությունը, հուսալի և անխափան աշխատանքը, նվազագույն սպասարկումը, ցածր ինքնարժեքը, մեծ արդյունավետությունը։ Բլոկը կարող է օգտագործվել բնակարաններում, դպրոցներում, ապաստարաններում, կազմակերպություններում և այլ վայրերում:
«Կանաչ քիմիա» ակումբ
Նախագծավարներ՝ Լիլիթ Համբարձումյան, Լևոն Սարգսյան
«Կանաչ քիմիան» «Այբ» դպրոցի նախագծային ակումբներից մեկն է, որը կրկին վերաբացվել է ընդմիջումից հետո։ Ակումբը շարունակում է նոր լուծումներ փնտրել բնության առջև ծառացած խնդիրների համար՝ իրականացնելով մի քանի նախագծեր։
«Բիոպլաստիկներ» թիմը նախագծելու է արտադրական սարք՝ բնության մեջ կեսնաքայքայվող պոլիմերների՝ բիոպլաստիկների սինթեզի համար։
Renemask-ը ուսումնասիրելու և բարելավելու է պլաստիկի քիմիական վերամշակման մեթոդը և զբաղվելու է վերջանյութերի գործածման ճանապարհներ որոնելով։
«CO2-ի արտանետումներ» թիմը զբաղվելու է մթնոլորտում CO2-ի քանակների կրճատմամբ՝ երկու տարբեր մոտեցումներով։ «Համով էներգիա» թիմը սննդային թափոններից ստանալու է էներգիա ու պարարտախառնուրդ (կոմպոստ)։
«Կաքավագիր» ակումբ
Նախագիծ՝ «Պարահեն ինքնություն»
Նախագծավար՝ Գագիկ Գինոսյան
«Կաքավագիր» ակումբի նպատակը հայոց ավանդական պարերը գրառելն է, ճշգրտորեն պահպանելը և սերնդեսերունդ փոխանցելը: Ակումբն իրականացնում է արտագնա բաց դասեր ու դասախոսություններ և, դուրս գալով Երևանի սահմաններից, ներկայացնում պարերի գրառման համակարգը մարզերում:
Դասախոսություններից զատ, որպես տարվա հիմնանպատակ, ակումբն իրականացնում է «Պարահեն ինքնություն» նախագիծը, որի նպատակը բացահայտելն է Բարձր Հայքի ազգաբնակչության առանձնահատկությունների արտացոլումը տարածաշրջանին հատուկ պարերում և դրանց միջոցով հայի ինքնությունը երևան հանելը:
«Ճարտար կինո» ակումբ
Նախագծավար՝ Դավիթ Ներկարարյան
Ակումբի նպատակն է հանրությանը ծանոթացնել հայկական ճարտարապետության առանձնահատկություններին և ճանաչելի դարձնել շինությունների վրա պահպանված զարդաքանդակները։
Այս նպատակին հասնելու համար նկարահանվում է վավերագրական փորձարարական ֆիլմ՝ «Ճարտար կինո»-ն:
«Ստվերների թատրոն» ակումբ
Նախագծավար՝ Մարինե Դանիելյան
Ստվերների թատրոնը հնարավորություն է տալիս տեսնելու կենդանացած ու սեփական կյանքն ապրող ստվերներ։ Ակումբն առաջին նախագծի շրջանակում, համագործակցելով «Լավ էլի» խմբի հետ, նախատեսում է պատրաստել տեսահոլովակ ստվերների թատրոնի միջոցով։ Համագործակցությունը հնարավորություն կտա տարածելու ստվերների թատրոնը հայկական մշակույթում:
Հաջորդ նախագիծը ուսումնական ճամպրուկ-գրքի պատրաստումն է ստվերների թատրոնի տարրերով։ Դրա նպատակը կրթական նյութը ներգործուն ժամանցային միջոցներով մատուցելն է՝ երեխաներին առավելագույնս ներգրավելով դասապրոցեսի մեջ և զարգացնելով նրանց երևակայությունը։
Տվյալների վերլուծության ակումբ
Նախագիծ՝ «Տվյալները բոլորի համար են»
Նախագծավար՝ Մանե Բեգլարյան
Տվյալների վերլուծության ակումբը ներկայացնում է «Տվյալները բոլորի համար են» նախագիծը։ Տվյալների վերլուծությունն աստիճանաբար ոչ միայն դառնում է պահանջված մասնագիտություն, այլ նաև ներթափանցում մարդկանց առօրյա կյանք։ Օգտագործելով սոցիալական հարթակները՝ ակումբը տարածելու է Excel-ի վերաբերյալ փոքրիկ հոլովակներ և նյութեր՝ մարդկանց հնարավորություն ընձեռելով ավելի հմտորեն օգտվելու Excel-ից։
Փոդքաստինգի ակումբ
Նախագիծ՝ «Հայփոդ»
Նախագծավար՝ Անի Հակոբյան
Փոդքաստինգի ակումբն իր առջև դրել է Հայաստանի մարզային կյանքը ներկայացնելու նպատակ՝ կոտրելու տարբեր մարզերի վերաբերյալ առկա կարծրատիպերը։ Միամիտ լոռեցին, հումորով գյումրեցին և կյանքից անտեղյակ ապարանցին հավաքվել են մի հարթակում, որպեսզի իրենք խոսեն իրենց մասին՝ հերքելով կամ հաստատելով հասարակության շրջանում առաջացած և տարածված կարծրատիպերը։
Ֆիլմարտադրության ակումբ
Նախագիծ՝ «Ձանձրալի մշակութային արժեքները»
Նախագծավար՝ Արուսյակ Զախարյան
«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ֆիլմարտադրություն» ակումբի նախագծի նպատակն է հանրահռչակել Հայաստանի թանգարանային ոլորտն ու մեր մշակութային հարստությունը։
Արագ փոփոխվող կյանքի ու աշխարհի պայմաններում, ցավոք, շատերը ժամանակ չեն հատկացնում թանգարաններ այցելելուն և աննկարագրելի հմայք ու մշակութային կարևորություն ունեցող ցուցանմուշներին ծանոթանալուն։
Ակումբը առանձնացնելու է նմուշներ և սոցցանցերում դրանց մասին կարճ տեսանյութեր տեղադրելով՝ դրանք ներկայացնելու հանրության լայն շերտերին։
Որպեսզի հնարավորինս շատ նմուշների մասին խոսվի, նախագիծը կկիրառի ֆլեշմոբներ։
Կիսվել