«Արվեստանոցի» CinemArt ցուցահանդեսը՝ հայկական ֆիլմերի պաստառներով

Վերցնել սպիտակ պատերն ու դրանք լցնել տասնյակ ֆիլմերի հրավիրատոմսերով այնպես, որ դիտորդներին ստիպես փնտրել այդ հրավիրատոմսի հետևում թաքնվածը։ Ահա հենց սրանով էին զբաղված նախագծային ուսումնառության «Արվեստանոց» ակումբի անդամները հուլիսի 6-ին և 7-ին ՀԲԸՄ կենտրոնում՝ CinemArt նախագծի շնորհանդեսի ընթացքում։ Իսկ ֆիլմերի հրավիրատոմսերը ոչ այլ ինչ էին, քան հայկական ժամանակակից տասնութ ֆիլմերի համար մեկ տարվա ընթացքում ստեղծված քսանհինգ պաստառներ, որ իրենց մեջ հաջողել էին խտացնել նաև ռեժիսորների հետ ունեցած բազմաթիվ հանդիպումները, ֆիլմերի քննարկումներն ու պաստառների ստեղծման աշխատանքային ողջ ընթացքը։ Նկարներում խտացված մեկ տարվա հենց այդ պատմությունն էր, որ ծնունդ էր տալու երկօրյա փառատոնին։

Իսկ ո՞ւմ և ո՞ւր են կանչում հրավիրատոմսերը՝ աշակերտների հեղինակած պաստառները, հարցին «Արվեստանոցը» նույնպես պատասխանել է։ Պաստառների ցուցադրությանը զուգահեռ ակումբի անդամները նախ ներկայացրին նախագիծն ու իրենց կատարած աշխատանքը, այնուհետև տեղի ունեցան պաստառների համար ստեղծագործական հումք ծառայած ֆիլմերից մի քանիսի ցուցադրությունները։ Երկօրյա փառատոնի ընթացքում ՀԲԸՄ կենտրոնում, տասնյակ արվեստասերներից բացի, հյուրընկալվել էին նաև ֆիլմերի ռեժիսորները, դերասաններն ու կինոնկարիչները, այնպես որ, օրինակ, «Սիմոնի ճամփան» դիտելուց առաջ կարելի էր լսել հենց ռեժիսորին՝ Էդգար Բաղդասարյանին, իսկ հետո Դիանա Կարդումյանին ու Նաիրա Սարգսյանին կամ էլ «Տամագոչիի» գլխավոր դերակատար Արտյոմ Ազարյանին ու «Կոշիկի» նկարիչ Արևիկ Գրիգորյանին։ Մի դահլիճում հավաքված ֆիլմերը կարող էիր դիտել հենց դրանք ստեղծողների հետ՝ տասից ավելի ֆիլմեր, իսկ հետո աչքի անցկացնել ֆիլմերի պաստառները, որոնց մասին իրենց հերթին պատմեցին դրանք ստեղծողները՝ «Արվեստանոցի» անդամները։

Այս երկու օրվա ընթացքում «Արվեստանոցը» ստեղծել էր մի հարթակ, որտեղ նկարչությունն ու կինոարվեստը լավագույնս են գոյակցում։ Ինչպես նշեցին ռեժիսորներից շատերը, սրանով միաժամանակ առաջարկվում է հայկական կինոարվեստի հանրաճանաչման նորարական ու այլընտրանքային եղանակ, որ փաստում է նախագծի թիրախավորած նպատակի՝ նկարչության միջոցով հայկական ժամանակակից հեղինակային ֆիլմերի հասանելիության մեծացման ու դրանց հանդեպ հետաքրքրության մեծացման հաջողման մասին։ Իսկ դուք դեռ կարող եք աչքի անցկացնել ՀԲԸՄ կենտրոնում տեղ գտած հրավիրատոմսերը՝ ֆիլմերի պաստառները, և տեսնել, թե ուր են կանչելու նկարչական այդ պատառիկները։

Լանա Մելիքյան

12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>