Քեզ համար բերել եմ ոգեշնչման մի մեծ աղբյուր, որ սկսես շախմատ խաղալ։ «Այբ» դպրոցում մեկնարկել է ավանդույթ դարձած շախմատի ներդպրոցական առաջնությունը։ Այս տարի համաճարակի պատճառով առաջնությունն անցկացվելու է առցանց։
Այս առիթով շախմատի գեղեցկության ու յուրահատկության մասին զրուցել եմ 10-րդ դասարանցի Սամվել Աղավելյանի հետ, որը փորձ ու հետաքրքրություն ունի այս ոլորտում։
Սամվելին լսելով՝ անհնար է չսիրահարվել շախմատին, նվազագույնը՝ չհետաքրքրվել մտքի մարզաձևով։
- Սամվել, որպես երիտասարդ շախմատիստ՝ ի՞նչ հաջողություններ ունես այս ոլորտում։
Նոր Նորքի շախմատի դպրոցում 2015 թվականի հուլիսի 23-ից 30-ը մասնակցեցի 4-րդ կարգի համար մրցաշարի։ Իսկ արդեն 2016 թվականի մայիսի 13-ից 20-ը Ավանի շախմատի մանկապատանեկան դպրոցում տեղի ունեցած մրցաշարում արժանացա 4-րդ կարգի ու արծաթե մեդալի։
- Ինչո՞ւ ես սիրում շախմատ խաղալ։
Շախմատն ինձ օգնում է կառավարել մտքերս ու ամեն բան հաշվարկել։ Շախմատի տված հմտություններն ու փորձը կյանքում անչափ շատ են օգնում։ Այն զարգացնում է ուժեղ տրամաբանություն, հաշվարկելու հմտություն ու ստիպում շատ մտածել, ինչպես նաև տարբերակները կշռադատելու ու լավագույն լուծումն ընտրելու կարողություն է տալիս։
- Ինչպե՞ս լավ խաղալ շախմատ, եթե դու սկսնակ ես․ ուսումնասիրել հաջողակների փորձն ու օրինակնե՞ր քաղել, թե՞ սեփական փորձը ձեռք բերել։
Պետք է սկսել սկզբից, օրինակ՝ գնալ շախմատի դպրոց, որտեղ լուծում են խնդիրներ, խաղում ու ձեռք բերում փորձ։ Վերջերս կորցրել էի շախմատ խաղալու մոտիվացիաս, բարեբախտաբար, կարճ ժամանակում այն վերականգնվեց, սակայն դրանից հետո փորձեցի նոր կերպ զարգացնել հմտություններս։ Սկսեցի շախմատ ուսումնասիրել տարբեր տեսանյութերով, որոնք հենց այդ հաջողակ փորձերն էին քննարկում ու վերլուծում։ Կարծում եմ՝ երկու տարբերակները համադրելը լավագույն արդյունքի կբերի։
- Որպես նախորդ հարցի շարունակություն՝ սկսնակի համար ո՞ր գիրքը խորհուրդ կտաս, որով հնարավոր կլինի պարապել շախմատ։
Sergey Ivashchenko, "Chess School 1a. The Manual of Chess Combinations". սա լավագույն խնդրագրքերից է շախմատի հմտությունները զարգացնելու համար։ Սկզբի էջերը կարող են հեշտ թվալ, բայց վերջին էջերում ահագին մտածել ստիպող խնդիրներ էլ կան։
- Դու նշեցիր, որ վերջերս շախմատ խաղալու շահադրդումը բացակայում էր, իսկ ի՞նչը օգնեց քեզ, որ շարունակես շախմատով հետաքրքրվել։
Հնարավոր է, որ մի փոքր ծիծաղելի հնչի, բայց երբ տանը զբաղվելու ոչինչ չէր լինում, դե վերջերս պարբերաբար էին լույսերը անջատում՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված, սկսում էի շախմատ խաղալ փոքր եղբորս հետ։ Սա դարձավ հնարավորություն տրամադրությանս վրա աշխատելու ու կրկին սիրելի գործին վերադառնալու համար։
- Խորհուրդ շախմատիստից․ առաջին քայլը՝ քայլ ձիո՞վ, թե՞ զինվորով։
Ես ընդհանրապես ձիով եմ սկսում խաղը, շախմատում ձին ավելի արժեքավոր քար է, քան զինվորը։
- Ինչպե՞ս ես վերաբերվում շախմատի ներդպրոցական առաջնություններին, ինչո՞վ են դրանք օգնում աշակերտներին։
Շախմատը դպրոցի կյանքում կարևոր է։ Այն աշակերտների միջև շփման և հարաբերությունների ձևավորման միջոց է։ Խաղընկերոջդ հետ խաղալիս սկսում ես նրան ավելի լավ ճանաչել։ Սրանում է հենց շախմատի հրաշքը։
- Վերջին հարցը․ առցա՞նց, թե՞ առկա շախմատ։
Երկուսն էլ միանշանակ ունեն իրենց թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը։ Առկա, որովհետև մրցակցիդ հետ կենդանի շփումը խաղի ընթացքում թույլ է տալիս քեզ հասկանալ նրա խաղի մարտավարությունը նրա դիմաշարժումների միջոցով, հասկանալ նրա հոգեբանությունն ու ճիշտ գործել։ Առցանց, որովհետև այդպիսով համակարգիչը բավականին խիստ ու նրբանկատ է գտնվում ցանկացած աննկատելի խախտման դեպքում, ինչը խաղը է՛լ ավելի արդար է դարձնում։
Էմմա Հովսեփյան, 12-րդ դասարան
Կիսվել