Ինչպես դառնալ ավելի կարգապահ ու ճիշտ կառավարել ժամանակը։ «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Խաչատրյանը խոստովանում է, որ այս երկու կարևոր ունակություններն ինքը ձեռք բերեց բանակման ժամանակ։
Բանակում։ Հենց այսպես ենք մենք՝ այբեցիներս, անվանում «Այբ» ավագ դպրոցի Նախնական զինվորական պատրաստություն առարկայի ուսուցումը, որը կատարվում է եռօրյա ամառային ճամբարի տեսքով։ Այն որոշ չափով նմանեցված է ՀՀ ԶՈՒ-ում ծառայող զինվորների կենցաղին։
2017-18 ուսումնական տարվա բանակումն անցկացվեց Աղվերանի «Պարկ Ռեզորթ» հանգստյան գոտում։ Ըստ «Այբ» դպրոցի ՆԶՊ-ի ուսուցիչ Հրաչյա Պետրոսյանցի՝ բանակման հիմական նպատակն է աշակերտներին հնարավորինս մոտեցնել բանակային կյանքին, զարգացնել նրանց մեջ թիմային ոգին, և ամենակարևորը, աշակերտներին հաղորդել գործնական հմտություններ ՆԶՊ առարկայից։
Այս տարի բանակումն անցկացվեց 3 փուլով՝ հուլիսի 1-4-ը, հուլիսի 9-12-ը և օգոստոսի 21-24-ը։ Բոլոր փուլերում ծրագիրը նույն կառուցվածքն ուներ։
Առաջին օրը մասնակիցները սովորեցին շարային պատրաստություն և առաջին բուժօգնության հիմունքները։ Ուսումնական պարապմունքներից հետո աշակերտները պետք է հավաքեին իրենց սենյակը և զբաղվեին ճամբարի տարածքի մաքրման աշխատանքներով։ Իսկ երեկոյան նախատեսված էին զանազան սպորտային խաղեր և զրույց Հրաչյա Պետրոսյանցի հետ կարգապահության մասին։ Օրվա վերջում փոխգնդապետը, նշանակելով գիշերային հերթապահներին, տվեց «Քուն» հրամանը։
Երկրորդ օրը սկսեց առավոտյան մարմնամարզությամբ, որին հաջորդեց սողեսող տեղաշարժման մասին տեսական դասը, այնուհետև՝ նույն թեմայի գործնական պարապմունքը։ «Առաջին բուժօգնություն» թեմայի շրջնակում սովորեցինք, թե ինչ օգնություն ցուցաբերել շոկի մեջ գտնվող մարդկանց։ Տեսական հատվածին հաջորդեց նաև գործնականը, այնուհետև՝ սպորտային միջոցառումների մասը։ Օրվա վերջում ծավալվեց զրույց տարածաշրջանում վիճակի և Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների մասին։
Երրորդ օրը ևս սկսվեց առավոտյան մարմնամարզությամբ, իսկ դրան հաջորդեց տեսական դաս ՝«Տեղափոխում կրակի տակ՝ սողեսող կողքի վրա, վազեվազքով» թեմայով և դրա գործնական պարապմունքը։ Երրորդ օրվա առաջին բուժօգնության թեման էր «Ինչ անել կոտրվածքների դեպքում»։ Ինչպես նախարդ երկու օրերը այս օրվա վերջում ևս կազմակերպվեցին սպորտային միջոցառումներ։
Վերջին` չորրորդ, օրվա համար նախատեսված էր միայն երթ դեպի Իշխանավանք։
Աշակերտները այս տարվա բանակումից հետո հարստացան բազմաթիվ գործնական գիտելիքներով և, իհարկե, լավ հիշողություններով։
Անհամբեր սպասում ենք հաջորդ տարվա բանակմանը։
Վահե Դաբաղյան
11-րդ դասարան