Оդում «սավառնող»›, ծառերի ճյուղերին «օրորվող», այգիներում «զբոսնող» պոլիէթիլենային տոպրակներ, ծանոթ տեսարան է, չէ՞: Ամենևին էլ հաճելի երևույթ չէ, հատկապես, երբ գիտակցում ես՝ շրջակա միջավայրում հայտնված պոլիէթիլենային տոպրակները շատ երկար ժամանակ պահպանվում են և կենսաբանորեն չեն քայքայվում: Դժվար չէ հասկանալ, որ սա կայուն աղտոտվածության հիմնական պատճառ է դառնում: Նմանապես, ամեն անգամ գնումներ կատարելիս անխնա վերցնում ենք այդ տոպրակները: Օգտագործելով մոտ 10-15 րոպե՝ դեն ենք նետում և թողնում, որ քայքայվեն հարյուրավոր տարիների ընթացքում:
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանում տարեկան մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում: Այդ փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված են մեր երկրի գետերի հիմնական մասը, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները: Գեղագիտական հաճույքի մասին էլ կարելի է մոռանալ:
Մենք՝ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտներս, առաջարկում ենք խնդրի լուծման արդյունավետ տարբերակ: Մեր ակումբը մի քանի տարի է՝ զբաղվում է բիոպլաստիկների ստեղծմամբ և մշակմամբ։ Այս բիոպլաստիկները զգալի առավելություններով կարող են փոխարինել պոլիէթիլենին: Արտադրանքը պատրաստվում է օսլայի հումքով, էկոլոգիապես մաքուր է և անվնաս: Ի տարբերություն պոլիէթիլենի՝ հարյուրավոր տարիների փոխարեն բիոպլաստիկը քայքայվում է 1-2 ամիսների ընթացքում:
Արդեն որոշակի առաջընթաց ունենք այս ոլորտում: Նախորդ տարի պարբերաբար փորձարկել ենք մեր «բաղադրատոմսը», բարելավել ենք ու կատարելագործել: Բիոպլաստիկների պատրաստման «Կանաչ քիմիա» ակումբի մշակած եղանակն անգամ գյուտի արտոնագիր է ստացել Մտավոր սեփականության գործակալության կողմից և շուտով տեղ կգտնի ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տեղեկագրում։ Այս տարի մեկ այլ նպատակ ունենք՝ աշխատելու ենք պատրաստի հումքը արտադրական տեսքի բերելու ուղղությամբ: Հետևաբար, նախագծի տրամաբանական շարունակությունը լինելու է սարքի նախագծումը և մոդելավորումը:
Բիոպլաստիկների կիրառումն աշխարհում լայն տարածում ունի: 2019 թ. մոտ 2,11 միլիոն տոննա բիոպլաստիկ է արտադրվել, իսկ մինչև 2024 թ. այս թիվը կհասնի 2,42 միլիոն տոննայի: Չնայած որ բիոպլաստիկի օգտագործման հիմնական թիրախը մնում է փաթեթավորման ոլորտը, այն չի սահմանափակվում միայն տոպրակներ արտադրելով: Արտադրանքի կիրառությունները բազմաթիվ են՝ սկսած սննդի արդյունաբերությունից, կենցաղային տեխնիկայից, գյուղատնտեսությունից, վերջացրած խաղալիքներով և տեքստիլ արդյունաբերությամբ:
Ի վերջո, բոլորս էլ նախընտրում ենք քայլել մաքուր փողոցներով, հանգստանալ մաքուր, կոկիկ լողափում... Բոլորս էլ գեղագիտական հաճույք և ներդաշնակություն ենք զգում, երբ մեզ շրջապատող միջավայրը, կանաչապատ տարածքները մաքուր են, չապականված: Ցավոք, միայն նախընտրելն ու սիրելը բավարար չեն: Մենք պետք է ստեղծենք այդ միջավայրը: Եղած ուժերի սահմաններում կարող ենք ինչ-որ ձևով նպաստել ցանկալի մաքրությանը, էկոմշակույթի զարգացմանը (ներմուծմանը):
«Կանաչ քիմիա» ակումբի աշակերտներն իրենց ներդրումն ունենալու հրաշալի տարբերակ են գտել: Համապատասխան գումարի, միջոցների առկայության դեպքում նրանք կկարողանան իրականացնել իրենց նորարարական մտահղացումը՝ ստեղծելով ավտոմատացված սարքի մոդել, որը կապահովի հեղուկ հումքից բիոպլաստիկի թաղանթի ստացում լաբորատոր պայմաններում:
Սաթեն Հարությունյան, 12-րդ դասարան
«Կանաչ քիմիա» ակումբ, «Բիոպլաստիկներ» նախագիծ
Կիսվել