«Այբ» դպրոցում տեղի ունեցավ հանդիպում հոգեբան, հոգեթերապևտ Արման Բեգոյանի հետ։ Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց զարգանում են նաև գիտության այլ ճյուղեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձանք հոգեբանության զարգացմանը նյարդակենսաբանության և արհեստական բանականության հետ հարաբերակցության տեսանկյունից։
Հանդիպման սկզբում հյուրը պատմեց հոգեբանի աշխատանքի մասին՝ նշելով, որ հոգեբանները նախքան բուն թերապիային անցնելը կատարում են նախնական գնահատում։ Տասնամյակներ շարունակ ընդունված է եղել մարդու հատկանիշները համարել այնպիսին, ինչպիսին որ նշում է բուժառուն։ Սակայն այսօր նյարդակենսաբանությունը տալիս է հիմքեր կասկածի տակ դնելու այդ մոտեցումը։
— Պատկերացնո՞ւմ եք, դուք ձեզ համարում եք ալարկոտ, բայց մեկ էլ պարզվում է, որ այդ պատկերացումները հիմնավոր չեն։ Այսինքն՝ չկան հստակ անձնային հատկանիշներ, այլ կան միայն պատկերացումներ, թե ինչպիսի անձնային հատկանիշներ ենք ուզում ունենալ։
Հյուրը շարունակեց իր խոսքը՝ հարց ուղղելով աշակերտներին, թե նրանցից ով է իրեն համարում գոնե մի քիչ ալարկոտ։ Աշակերտների մեծամասնության համաձայնողական արձագանքից հետո հոգեբանն ասաց, որ ալարկոտությունը ոչ այլ ինչ է, քան մոտիվացիայի պակաս ու բնավ կապ չունի անձնային հատկանիշների հետ։
— Այսինքն՝ փաստացի մենք կարող ենք դրական անձնային հատկանիշներ մտածել մեր մասին ու տեսնել դրական ազդեցություն, — հարց հնչեց լսարանից։ — Այդպես վարվելու դեպքում հավանականությունը մեծանում է, որ մեզ կդրսևորենք տվյալ անձնային հատկանիշին համապատասխան վարքագծով։
Պարոն Բեգոյանը նշեց նաև, որ մարդիկ կարծում են, թե մոտ ապագայում հնարավոր է, որ հոգեբանին փոխարինի արհեստական բանականությունը։ Նա ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց այդ տեսակետը, սակայն նշեց, որ արհեստական բանականությունը չունի ապրումակցելու կարողություն։ Բացի դրանից, արհեստական բանականությունը չունի ինքնագիտակցություն ու այն ամենը, ինչը կապ ունի գիտակցության հետ։ Սրանք լուրջ խոչընդոտներ են հոգեբանին արհեստական բանականությամբ փոխարինելու համար: Այնուամենայնիվ, արհեստական բանականության մուտքը հոգեբանության ոլորտ անխուսափելի է. գուցե ոչ ամբողջությամբ, սակայն այն իր վրա կվերցնի հոգեբանության կարևոր գործառույթներ։
Արման Բեգոյանը նշեց ԱԲ-ի ևս մեկ առավելություն, այն է՝ վերլուծելու մեծ ներուժը, որի հետ մարդը չի կարող անգամ մրցել, ինչը հետագայում մեծապես կնպաստի հոգեբանության ոլորտում նորանոր նվաճումների հասնելուն։
Մհեր Ենգիբարյան
12-րդ դասարան