Կայացան 9-րդ Այբական խաղերը

«Միասնությունը ուժ է». այսպես էր այս տարի հնչում «Այբ» համայնքի ամենասպասված և թերևս ամենասիրված համայնքային միջոցառման՝ Այբական խաղերի նշանաբանը: Ավանդաբար Այբական խաղերը տեղի են ունենում ամեն տարի Սրբոց Թարգմանչաց տոնի առթիվ՝ հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը: Այս տարի ևս՝ հոկտեմբերի 15-ին, «Այբ» դպրոցում հաճելի ռազմամարզական իրարանցում էր՝ 9-րդ Այբական խաղերը: «Այբ» համայնքը համախմբվել էր հարազատ դպրոցի տանիքի տակ՝ մեր երկրի ու ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում միմյանց ջերմություն փոխանցելու, իրար մասին հոգ տանելու, ինչպես նաև գործուն նախաձեռնությունների մասնակցելու համար:

Այբական խաղերի թեման այս տարի ռազմամարզական էր՝ հաշվի առնելով մերօրյա իրականությունը: Բացի նրանից, որ խաղերի ողջ հասույթն ուղղվելու է դպրոցի ռազմամարզական ուսումնական ավանի կառուցմանը՝ խաղերը ևս ռազմամարզական բնույթի էին, միջոցառումներն ուղղված էին արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշմանն ու առաջին բուժօգնությանը, ծրագրում ներառված էին հայկական և արցախյան մշակույթի ճանաչողական խաղեր ու մրցույթներ, ավանդական ռազմապարերի ուսուցում և, իհարկե, հայկական համեղագույն խոհանոցի բազմատեսակ ուտեստներ: Այս ամենն, անշուշտ, ամենաայբական և հաճելի մթնոլորտում:

Այբական օրը բացվեց ավանդական երդման արարողությամբ: «Այբ» երգչախմբի կատարմամբ հնչած Տերունական աղոթքից հետո իրենց երդումը տվեցին դպրոցի նոր աշակերտները և անձնակազմը՝ խոստանալով հավատարիմ մնալ դպրոցի սկզբունքներին և ապրել ստեղծագործ կյանքով: Այս անգամ ՀՀ պետական օրհներգի ներքո դրոշների բարձրացման արարողությունը տեղի ունեցավ ռազմամարզական ավանի նորակառույց լաբորատորիա-դասասենյակի հարևանությամբ, նաև իր ողջույնի խոսքը համայնքին ուղղեց դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը՝ բոլոր մասնակիցներին մաղթելով հաջող խաղեր և արդար մրցակցություն: Ապա բոլոր խաղերի մրցավարները հանդիսավոր կերպով խոստացան լինել անաչառ, և տրվեց Այբական խաղերի մեկնարկը:

Օրվա ընթացքում դպրոցի ողջ տարածքը լի էր այբեցիների ժպտուն դեմքերով և մրցութային տրամադրությամբ: Այբական օրվա անբաժան մասն են արդեն ավանդույթ դարձած մրցութային և ոչ մրցութային խաղերը՝ թե՛ ֆուտբոլ և բասկետբոլ, թե՛ շախմատ և բազկամարտ և թե՛ «Արցախկերպ»: Բոլոր մարզաձևերում ընթանում էր լարված և հետաքրքիր պայքար. դրսում լսվում էին ֆուտբոլի երկրպագուների ձայները, Բ մասնաշենքի մարզադահլիճում՝ բասկետբոլի, իսկ Գ մասնաշենքում՝ սեղանի թենիսի գնդակի կտկտոցները: «Հայաստան» դահլիճում էլ կայացավ «Այբ» դպրոցի աշակերտների ստեղծած «Արցախկերպ» խաղ-մրցույթը, որ ստուգում էր մասնակիների գիտելիքները արցախյան բարբառի, պատմամշակութային տեղանունների և հայտնի մարդկանց մասին: Լարված պայքար էր նաև ռազմամարզական հնգամարտի դաշտում, որտեղ աշակերտները, շրջանավարտները, ուսուցիչներն ու ծնողները մրցում էին միանգամից հինգ մարզաձևերում՝ վազք և հրում, արգելագոտիների հաղթահարում և նույնիսկ զենքի քանդում-հավաքում:

Տեղի ունեցան նաև երկու կարևոր և տեղեկատվական սեմինարներ՝ առաջին բուժօգնության և արտակարգ իրավիճակներում արձագանքի թեմաներով, և այբեցիները հնարավորություն ունեցան լրացնելու իրենց գիտելիքների պաշարը: Իսկ ահա արվեստանոցը ներկայացել էր «Իմ Երևան» ցուցահանդեսով, որ շատ էր գրավում արվեստասեր մեր համայնքին: Այբեցի ամենափոքրիկները ևս ստեղծագործում էին՝ նկարում և գունավորում Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պատկերները, և վերջում նրանց նկարներից մի գողտրիկ հայկական կոմպոզիցիա հավաքվեց: Իսկ մշակույթով ամենից հետաքրքրվածների համար կազմակերպվել էր «Հայ նկարիչների արվեստանոցում» խաղը:

Էլ ի՞նչ Այբական խաղեր առանց համեղագույն և ախորժաբույր խոհանոցի: Ճիշտ եք, խոսքն այբական ավանդական սննդի տոնավաճառի մասին է, որն այս տարի ներկայացնում էր հարուստ ու բազմազան խոհանոցը Հայաստան աշխարհի բոլոր ծագերից՝ ղափամա և փախլավա, ժենգյալով հաց և վայոցձորյան կուտապ, հայկական անուշեղեն ու մրգեր: Դե իսկ հարիսան մատուցված էր առանձին՝ որպես ամենամյա այբական ճաշատեսակ, որ այբական խաղերին ավանդաբար օրհնվում է և հյուրասիրվում բոլոր մասնակիցներին: Բոլոր այբեցիներն ամենաշատը հարիսան են սիրում, որը ոչ մի տեղ այնքան համեղ չի լինում, որքան հենց Այբական խաղերի օրը:

Իսկ ահա օրվա ավարտին Գագիկ Գինոսյանը այբեցիներին սովորեցրեց Կարնո քոչարի ռազմապարը, և ամբողջ համայնքը միասնաբար պարեց մինչև փակման և մրցանակաբաշխության արարողությունների սկիզբը: Արարողությունների ժամանակ պարգևատրվեցին Այբական խաղերում լավագույն արդյունքները ցուցաբերած աշակերտներն ու շրջանավարտները և բասկետբոլային, ֆուտբոլային ու արցախկերպյան թիմերը: Օրն ամփոփվեց կրկին հայկական ավանդական պարերով, երբ բոլորն արդեն դրսում էին և հետևում էին այբեցիների խանդավառ պարին:

Վստահաբար կարելի է պնդել, որ բոլորն Այբական խաղերից հեռացան ժպիտով, վառ ու տպավորիչ հիշողություններով և հոբելյանական՝ 10-րդ Այբական խաղերի սպասումով:

Անժելա Մաթևոսյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>