«Այբապատում 2022»․ ուղղությունը՝ դեպի Ներքին Կարմիրաղբյուր

Կանաչազարդ ոլորաններ, սարեր ու ձորեր, անվախ ու հայրենասեր բնակիչներ. այս անգամ «Այբապատման» շրջանակում «Այբ» ավագ դպրոցի սաներն ուղևորվեցին Ներքին Կարմիրաղբյուր՝ գիտելիքներ փոխանակելու, գյուղական միջավայրն է՛լ ավելի լավ ճանաչելու և, իհարկե, կրթության հանդեպ սեր սփռելու համար։ Բազմաբովանդակ այցելությունը սկսվեց գյուղի դպրոց ժամանմամբ, որտեղ Ներքին Կարմիրաղբյուրի աշակերտները մեզ դիմավորեցին հայկական ժողովրդական պարով, որին միացանք նաև մենք։

Ծանոթություններին հաջորդեց առաջին դասը՝ գործարարությանը։ «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նանե Միրզոյանն ու Արևիկ Մելիքյանը պատմեցին ֆինանսների կարևորության, կիրառության ու տեսակների մասին։ Փոխանցված գիտելիքներն ամրապնդվեցին խմբային աշխատանքներով և առցանց թեստերով։ Աշակերտները հատկապես տպավորված էին խաղային գլուխկոտրուկներով ու հագեցած քննարկումներով։

Դասապրոցեսը շարունակվեց դպրոցի բակում, որտեղ մենք տեղի աշակերտների հետ մասնակցեցինք բակի բարեկարգման աշխատանքներին՝ զբաղվելով այգեգործությամբ։ Ինչպես Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչներն են պատմում, նմանատիպ աշխատանքներն իրենց մոտ ամենօրյա են, քանզի բնությունն իրենց առօրյայի կարևոր բաղադրիչն է ու նրա մաքրությունը յուրաքանչյուրի պարտականությունն է։

Ճամփորդությունը տպավորիչ էր նաև գյուղում շրջայցով, որի ժամանակ եկեղեցու, դպրոցի ու այգու խորապատկերին կարելի էր տեսնել աշխատասեր ու անկոտրում գյուղացիներին՝ սեփական աշխատանքին նվիրված ու տեղի պատմությանն ու անցյալին քաջածանոթ։

Մութն ընկնելուն պես դպրոցի բակում մեծ խարույկ վառելով՝ թե՛ այբեցիները և թե՛ տեղի բնակիչները շուրջպար բռնեցին՝ փափուրի, Կարնո քոչարի, Իշխանաց պար․․․։ Շարքն ասես անվերջանալի էր, քանզի միահյուսվել էին հայկական մշակույթը, գյուղական խաղաղ աշխարհն ու նույն նպատակի շուրջ հավաքված մարդիկ։

Հաջորդ օրն այբեցիներն անցկացրին բնագիտական առարկաների դասեր։ Տասնմեկերորդցիներ Մերի Գրիգորյանն ու Լուսինե Բաղդասարյանը անցկացրին կենսաբանության, Դավիթ Վանյանն ու Արամ Դավթյանը՝ ֆիզիկայի, իսկ 12-րդ դասարանցիներ Իլյա Լալազարյանն ու Նանե Ենգիբարյանը՝ քիմիայի դասեր։ Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցականները, հետևելով նյութի պատկերավոր ներկայացմանն ու տեսական փորձերին, ամրապնդեցին բնագիտական առարկաների իրենց գիտելիքները։

Այբեցիներն ինչպես փոխանցեցին, այնպես էլ ստացան ու լրացրին իրենց գիտելիքների պաշարը։ Ներքին Կարմիրաղբյուրի աշակերտներն իրենց ուսուցչի հետ ցուցադրեցին մեղվապահության դասընթացից ստացած տեղեկույթը շրջանակներ պատրաստելու, մեղվի կարևորության ու մեղրի ստացման գործընթացի մասին։

Հիշարժան ճամփորդությունը նույնպես ավարտվեց պարերգերով. այս անգամ տեղացիներին ծանոթացրինք «Վանա ձկնորս» պարի պատմությանն ու շարժումներին։

«Այբապատում» նախագիծն այս ուսումնական տարի անցկացվում է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան և Ներքին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի Զառիթափ, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքների դպրոցների հետ։ Նախագծի նպատակն է «Այբ»-ի գաղափարախոսությունն «Այբ» դպրոցից դուրս՝ Հայաստանի տարբեր շրջաններում տարածելը, ինչպես նաև այլ դպրոցների հետ համագործակցության դաշտ ստեղծելը, որի արդյունքում նաև մեր աշակերտներն են ձեռք բերում հետաքրքիր փորձառություն և նոր հմտություններ։

Նանե Միրզոյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>