«Արվեստանոցը» կստեղծի Երևանի անհայտ քանդակների փոխգործուն քարտեզ

Երևան։ Փողոցներ։ Արձաններ։ Քանդակներ։ Գեղեցիկ է, չէ՞։ Այո՛, քանդակները կարող են փոխանցել իրենց շունչը քաղաքին, բայց․․․ Կան շատ քանդակներ, որոնք կարծես թաքնված գանձեր լինեն, որոնք չենք նկատում։

Երևանի քանդակներն ուսումնասիրելու համար «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Արվեստանոց» ակումբը սկսել է «Քաղաքանդակ» նախագիծը, որի շնորհիվ հնարավոր կլինի բացահայտել Երևանի թաքնված արձանները։ Նախագիծն ունենալու է կայք, որի քարտեզում նշված են լինելու քանդակների գտնվելու վայրերը, և եռալեզու հակիրճ տեղեկույթ է լինելու յուրաքանչյուր ստեղծագործության ու քանդակագործի մասին։

«Արվեստանոցի» աշակերտների արած ճեպանկարների միջոցով արձանները կփորձենք ներկայացնել նոր գույներով։ Նախագծի ընթացքում մեր խումբը շրջել է Երևանի փողոցներում, յուրաքանչյուրս ճեպանկարել է քանդակները՝ ի ցույց դնելով ամեն մեկիս ուրույն ոճը։ Երբ նկարում էինք, այդ ընթացքում մեզ մոտենում էին անցորդները, զարմանում, թե ինչ ենք անում, ու այդ պահին «բացահայտում» աննկատելի դարձած նկատելի քանդակները, որոնց մի մասը թաքնված էր նորակառույց շենքերի արանքներում։ Այդ արձաններից մեկն է Ստեփան Թարյանի քանդակած «Սպասումը»։ Զարմիկս նույնիսկ հիշել էր, որ այդտեղ էր ամեն օր կանգնեցնում իր հեծանիվը, բայց չէր նկատում այդ քանդակն ու անտարբեր էր անցնում դրա կողքով։ Բացի դրանից, Օպերայի շենքի մոտ կա մի պառկած եղնիկի քանդակ, որի կողքով անցնելիս մարդիկ մտածում են, թե այն պարզապես քար է։ Ես նույնպես զարմացել էի, երբ իմացա, որ այն եղնիկի քանդակ է։

Մենք այցելել ենք նաև Դերենիկ Դանիելյանի ու Թերեզա Միրզոյանի արվեստանոցներ, զրուցել նրանց ազգականների հետ։ Նման այցերի ընթացքում մենք բացահայտեցինք քանդակագործությունը մեկ այլ կողմից, ծանոթացանք կերամիկական աշխատանքների։ Նախագծից առաջ ես ինքս, բացի Երվանդ Քոչարից, ուրիշ քանդակագործ չգիտեի, և այս նախագիծն ինձ համար շատ մեծ արժեք ունեցավ նաև հայկական արվեստին ծանոթանալու առումով։

Մեր քաղաքի քարե բնակիչների հանդեպ հենց այս անարդարությանը վերջ տալու համար են աշակերտներն իրականացնում «Քաղաքանդակ» նախագիծը։ Կայքը և փոխգործուն քարտեզը նախագծելու գործում մեզ աջակցում է «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության մեկ այլ ակումբ՝ «Տեխնոշարժը»։

Հեսու Հակոբյան, 12-րդ դասարան

«Արվեստանոց» ակումբ, «Քաղաքանդակ» նախագիծ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>