Այբական օրերը միշտ չէ, որ լցված են գիտական փորձերով և հետազոտություններով։ Յուրաքանչյուր այբեցու առօրյայի անբաժան մասն է նաև արվեստը։ Աշակերտների դասացուցակներում, որոնք հաճախ լեցուն են բնագիտական կամ հումանիտար առարկաներով, պարտադիր տեղ ունեն կա՛մ «պար», կա՛մ «բեմարվեստ», կա՛մ «երաժշտախումբ» և հաճախ նաև «երգչախումբ» անվանումները։
«Արվեստների շաբաթ»․ այսպես է կոչվում այբական ավանդական այն շաբաթը, որի ընթացքում դպրոցի աշակերտները հանդես են գալիս նկարչական ցուցահանդեսով և տարեվերջյան համերգներով՝ ամփոփելով և համայնքին ներկայացնելով տարվա ընթացքում կատարված հսկայական ստեղծագործական աշխատանքները։
Այս տարի Արվեստների շաբաթը կայացավ մայիսի 10-14-ին: Սկիզբն ազդարարվեց պարախմբերի ելույթներով, որոնք այս անգամ յուրահատուկ էին իրենց բեմադրություններով և պարերգերով։ «Այբ»-ի պարասերներն ապացուցեցին՝ «կա պար, որ հաղթում է չարին», և միմյանց ձեռքերն ամուր սեղմած՝ պարեցին քոչարին։
Սրանից ընդամենը մեկ օր անց «Հայաստան» դահլիճի բեմը պարային հրապարակից միանգամից վերափոխվեց թատրոնի բեմի։ Բեմարվեստի խմբերը ներկայացան 3 տարբեր ներկայացումներով։ Աշակերտներից ոմանք այնքան էին ներթափանցել իրենց բաժին ընկած դերի մեջ, որ նույնիսկ ներկայացման ընթացքում հասցրին կտրել սեփական մազերը՝ սեփական ձեռքերով։ Կարծում եմ, որ այս քայլի համար 12-րդ դասարանի Անդրե Վարդանյանին պետք է շնորհել «այբական օսկար» և հատուկ մրցանակ «հանդիսատեսի համազարմանք» անվանակարգում։
«Հայաստան» դահլիճի բեմը այսքանով չսահմանափակվեց։ Եվս մեկ օր, և այն լցված էր երաժշտական ամենատարբեր գործիքներով՝ թմբուկ, ֆլեյտա, ուդ, կիթառ, դաշնամուր և այսպես շարունակ։ Բազմազան էին ոչ միայն գործիքները, այլև երաժշտախմբի աշակերտների ներկայացրած երգերը՝ ֆիններեն երգերից մինչև գնչուական, գնչուականից մինչև ուկրաինական։ Անմասն չմնացին նաև երաժշտական դասականները՝ The Beatles, The Beach Boys և այլն։ Հատկանշական է նաև, որ «Այբ» դպրոցի երաժշտախումբը կոչվում է “Battle of Evermore”․ ինչպես խմբի ղեկավար Վահագն Պապայանը նշեց, «այստեղ գործում է B տառի կանոնը»։ Խմբի համերգից անմիջապես հետո «Այբ»-ի աշակերտների համար տեղի ունեցավ անակնկալ իրադարձություն. պատվոգրեր ստացան «Այբ»-ի աշակերտի սկզբունքներին ամենահամապատասխան աշակերտները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալել հասարակական թիմերի աշխատանքներում։
Այբական շաբաթը դուրս եկավ «Հայաստան» դահլիճի տարածքից և ցրվեց ամբողջ դպրոցով՝ Ա մասնաշենքի ճաշարանից մինչև Գ մասնաշենքի ճաշարան և ամֆիթատրոն։ «Այբ»-ն ամփոփում էր այս տոնական շաբաթը նկարչության ցուցահանդեսով և երգչախմբի ելույթով։ Համայնքը հավաքվել էր Կոմիտաս ունկնդրելու և անմիջապես հետո ցուցահանդես ուսումնասիրելու․ գուցե մեր մեջ տեսնեին նոր Սարյան, Աբեղյան, Այվազովսկի։ Ի դեպ, այդ օրվա ընթացքում անցկացվեցին նաև աշխատարաններ՝ գեղագրության, ճեպանկարի, պոլիմերային կավի, պայուսակների նկարազարդման։ Ուսուցիչներից և երեխաներից ոմանք իրենց մեջ նոր տաղանդ գտան․ նրանք կարողանում են նկարել։
Այսպիսին էր Արվեստների շաբաթը, անչափ հագեցած ու միաժամանակ այնքան բազմազան ու տարբեր, և այսպիսին է հենց «Այբ»-ը՝ ամբողջությամբ․ մի օր դու խորասուզված ես մաթեմատիկայի ծանր խնդրի մեջ, իսկ մյուս օրը շրջապատված ես բարձրաճաշակ երաժշտությամբ, որը կատարում են քո ամենահարազատ դպրոցի ամենահարազատ ընկերները։ Այո՛, յուրաքանչյուր այբեցի նաև արվեստցի է։
Արվեստների շաբաթվա միջոցառումների ընթացքում նաև տեղի ունեցան այբական մրցանակաբաշխություններ։ Պարգևատրվեցին օլիմպիադաներում մրցանկակիր դարձած, այբական սկզբունքներին համապատասխանող, նաև հասարակական թիմերում ակտիվությամբ աչքի ընկած աշակերտները։
Էլինա Դանիելյան, 12-րդ դասարան
Կիսվել