Հինգշաբթի էր, և դպրոցից հետո ես, վարորդներից մեկին հազիվ համոզելով, որ իր ավտոբուսով երթևեկեմ, շուտով հասնում եմ տատիկի և պապիկի տուն։ Նրանց միշտ եմ կարոտում՝ անկախ ժամանակից, տեղից, եղանակից ու տրամադրությունից։ Րոպեներն էի հաշվում․ ինձ պետք է տանեին տուն, բայց քիչ անց անչափ ուրախացա․ նամակ էինք ստացել դպրոցից, որ վաղը դասեր չեն լինելու։ Առաջին հայացքից ուրախալի մի լուր․ կմնամ տատիկենց հետ ու տուն գնալու մասին չեմ էլ մտածի, դե դպրոց գնալու մասին՝ առավել ևս․ դասերն առցանց էինք անելու։ Այդպես էլ եղավ։ Մինչև վերջին ստուգողականիս օրը մնացի այնտեղ, այսինքն՝ մոտ 3 ամիս։ Սակայն ամեն ինչ այդքան էլ ուրախ չէր, քանի որ տնից դուրս չգալը շուտով դարձավ ստիպողաբար և ոչ կամավոր, իսկ հնարավորության դեպքում՝ պարտադիր դիմակով, մեզանից անբաժանելի ախտահանիչով և խուսափելով ծանոթներից, գրկախառնություններից, ձեռքսեղմումներից․․․ Քիչ-քիչ սկսում ես նաև ինքդ քեզ սահմանափակել՝ հաշվի առնելով ստեղծված համաճարակային իրավիճակը և մտածելով ոչ միայն քո, այլև ընտանիքիդ մյուս անդամների մասին։ Նման գիտակցություն առաջին անգամ էր ձևավորվում, և առաջին ամիսներին դժվար էր համակերպվել։ Բայց պետք է խոստովանեմ՝ երբ հասկանում ես, որ տարրական կանոնների պահպանման դեպքում ամեն բան դառնում է ավելի հեշտ ու ապահով, սկսում ես զգալ ու ստանձնել անձնական պատասխանատվություն քեզ ու քո սիրելիների համար։
Հիմա հուլիսի 22-ն է, և ես համարյա ազատ ժամանակ չունեմ․ գրում եմ սա՝ զուգահեռ մասնակցելով մեկ այլ առցանց դասընթացի, որն իր հերթին ևս կարևոր է, ու երբ ավարտվի, պետք է այլ դաս միացնեմ ու սկսեմ նոր գիտելիքներ կուտակել։ Ժամանակս հնարավորինս արդյունավետ օգտագործելով՝ փորձում եմ զբաղվել ինքնակրթությամբ, դրսևորում ինձ ամենատարբեր ոլորտներում, փորձում աշխատեցնել ստեղծարարությունս։ Հասկանալու համար՝ ինչու ասացի այս ամենը՝ հիմա կպատմեմ իմ մեջ լավ տպավորված քննարկումներից մեկը, որ տեղի էր ունեցել մեր դասարանում։
Մեզ տրված էր առաջադրանք, և մենք պետք է նշեինք այն զբաղմունքները, որոնք կցանկանայինք ունենալ դպրոց չհաճախելու և անսահմանափակ ժամանակ ու միջոցներ ունենալու դեպքում։ Բոլորն էլ ներկայացրին՝ ինչ կանեին, և ստացվեց այնպես, որ ամեն դեպքում բոլորս էլ նախընտրել էինք սովորել, ուսումնասիրել, նորը բացահայտել, որ հետ չմնանք ուրիշներից։ Օրինակ՝ եթե սիրում ես նվագել, անպայման պետք է սովորել երաժշտության տեսության մասին. եթե ուզում ես նկարել, պետք է ծանոթ լինես արվեստի պատմությանը, նկարիչներին ու նրանց հայտնի գործերին։ Միշտ էլ պետք է սովորես, որ ձեռքիդ ամեն հաջորդ շարժումն է՛լ ավելի հմտորեն անես։ Ցանկացած բանով զբաղվելուց առաջ պետք է պատրաստ լինես սովորել ձգտելու, ինքնակատարելագործվելու, պետք է կարողանաս անգամ ամենաանելանելի իրավիճակից օգուտ քաղել՝ երազանքիդ մեկ քայլով ավելի մոտենալու համար։ Հիմա է ժամանակը ինքնակրթվելու ու ինքնազարգանալու, ավելի մրցունակ դառնալու։ Ահա թե ինչ եմ անում ես ինքնամեկուսացման ժամանակ ու կոչ եմ անում բոլորիդ արդյունավետ օգտագործելու ձեր ժամանակը։ Դժվար ժամանակներ միշտ եղել են ու կլինեն, սակայն դրանք չպետք է ազդեն անհատի ձևավորման վրա, քանի որ դա կախված է հենց անհատից։
Այնպես որ մտածեք՝ ինչ կանեիք, եթե ունենայիք անսահմանափակ ժամանակ․ դա հենց այն է, ինչը ձեզ հաճույք է պատճառում, վստահություն ներշնչում ու ձևավորում անհատին ձեր մեջ։
Էլեն Անտապյան 114 դասարան
Կիսվել
[[tags:1:1]]