Սովորաբար դժվար է արթնանալ առավոտյան ժամը 6-ին, բայց երբ առջևում անմոռանալի ճամփորդություն է, դու արթնանում ես վեցից հինգ պակաս և այն էլ՝ առանց զարթուցիչի։ Արագ թեյ ես խմում, վերցնում արշավական ծանր պայուսակդ, որը քեզ պետք է փրկի ցանկացած հանկարծահաս նեղությունների դեպքում կամ էլ, երբ սովը և ծարավը խանգարում են կենտրոնանալ չքնաղ բնության և ճանապարհի վրա։
«Այբ» դպրոցի ավտոբուսները կայանեցին Վայոց ձորի Վերնաշեն գյուղում։ Ես և իմ սերնդակիցները քայլարշավով ուղևորվեցինք Սպիտակավոր Սբ Աստվածածին վանական համալիր, որի բակում է ամփոփված զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը։ Սկզբում բոլորս լի էինք անսպառ թվացող ուժերով՝ ամեն մեկս մի ուխտավոր։ Եղանակը հրաշալի էր։ Արևը հասցրել էր կարմրացնել մեր այտերը։ Անցան 5 րոպե, 10, 25, նույնիսկ 1 ժամ, բայց եկեղեցին այդպես էլ չէր երևում։ Ճանապարհը թվում էր անվերջ ու անհաղթահարելի։ Մենք արդեն հասցրել էինք հատել գետի ափը։
Ճանապարհը գուցե և դժվար էր, սակայն երբ 5 րոպեով կանգ ես առնում, լռում, նստում խոտերին, որոնք ամբողջությամբ պատված են ձնծաղիկներով հյուսված գորգով, երբ կծում ես անմահական հաց ու պանրով սենդվիչը (որը դեռ երբեք այդքան երազելի համ չէր ունեցել), հասկանում ես՝ ինչքան տիեզերական է բնությունը և ինչքան ներդաշնակ՝ քո հետ։ Նոր ուժերով և հույսերով շարունակեցինք մեր ճանապարհը, սարեր ելանք, ձորեր իջանք, մի քանի գետեր ևս անցանք և վերջապես հեռվից լսեցինք եկեղեցու զանգերի ղողանջը իբրև հույսի և հավատի ղողանջ։ Այդ ձայնը ստիպեց մեզ մի պահ լռել և հասկանալ, որ բոլոր անհաղթահարելի ճանապարհները հաղթահարելի են դառնում, երբ կողքիդ կան քո ընկերները, ուսուցիչները և, իհարկե, միտքդ, որը լցված է մեկ նպատակով և երազանքով։
Սպիտակավոր մեզնից բացի ժամանել էին նաև մի խումբ լեռնագնացներ, ովքեր, թվում էր, անծանոթ էին, սակայն Կարնո քոչարին և իշխանացը ամուր թելով միավորեցին բոլորիս։ Չկային երաժշտություն ապահովելու հարմար միջոցներ։ Պարելու ընթացքում երգն ընդհատվեց, սակայն բոլորս, չխոչընդոտելով պարի սահուն ընթացքը, սկսեցինք երգել․ քոչարին կենդանացավ։
Եկեղեցու չքնաղ ճարտարապետությունը հիշեցնում էր Նորավանքը։ Մեկ ժամ անցկացնելուց հետո մենք գնացինք վերադարձի ճանապարհով. այն համեմատաբար հեշտ և անցանելի էր։ Բոլորիս շուրթերից հնչում էին ազգային երգերը։
Այս ճամփորդությունը յուրաքանչյուրիս ևս մեկ անգամ ստիպեց սիրել ու գնահատել հայրենի բնությունը, լեռների մեջ թաքնված առվակները, ծաղկած բալենիները, չորացած մասուրներով օծված ծառերի ճյուղերը․․․
Եվ չէ՞ որ հայրենիքդ բացահայտելով ես սիրում։ Չէ՞ որ հայրենիքդ հենց քո ընկերներն են, նաև օտար, բայց շատ հարազատ լեռնագնացները։ Հայրենիքդ քեզ ուղեկցող վայոցձորցի շունիկն է, Սպիտակավորում վառածդ մոմն ու եկեղեցու ղողանջող զանգերն են քո հայրենիքը։
Էլիա Դանիելյան, 12-րդ դասարան
Կիսվել