«Այբ» կրթական հիմնադրամն «Այբ» դպրոցի հետ համատեղ օգոստոսի 26-28-ն առցանց և առկա եղանակներով անցկացրեց Արարատյան բակալավրիատի (ԱԲ) դպրոցների բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) ուսուցիչների և լաբորանտների համար լաբորատոր գործնական դասեր վարելու ինտենսիվ վերապատրաստում, որին մասնակցեց 60 ուսուցիչ և լաբորանտ: Առցանց տեսական մասին հաջորդեց երկօրյա գործնական մասը «Այբ» դպրոցում, որտեղ մասնակիցները մանրամասն գործնական գիտելիքներ ստացան պետության կողմից տրամադրված նոր սարքավորումներով արդյունավետ և թիրախային աշխատելու վերաբերյալ:
«Ավագ դպրոցներն ստացել են բավականին շատ լաբորատոր սարքավորումներ ու գույք, բայց ոչ բոլոր դպրոցներում են պատրաստ գործնականում արդյունավետ կիրառել այդ սարքավորումները։ Այդ նպատակով մենք նախաձեռնեցինք գործընկեր դպրոցների հետ ինտենսիվ վերապատրաստման այս ծրագիրը՝ մինչ այդ ունենալով նաև նրանցից նման առաջարկ և գնահատելով վերապատրաստման ցանկությունն ու պահանջարկը։ Հույս ունենք, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա ուսուցիչներին և որ ամենակարևորն է՝ մեր աշակերտներին։ Երբ ուսուցչական համայնքն ուժեղ է, բոլոր մարտահրավերներն են հաղթահարելի». Սոնա Կոշեցյան, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն:
«Այբ» կրթական հիմնադրամն արդեն իսկ հանրապետության տարբեր, այդ թվում՝ մարզային դպրոցներում հաջողությամբ ստեղծել է տեխնոլոգիապես հագեցած առարկայական 11 ԱյբԼաբ՝ վերազինմանը զուգահեռ ներդնելով դասավանդման կատարելագործված մեթոդաբանություն և դասավանդողներին ապահովելով անհրաժեշտ հմտություններով։ Մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շատ թվով ուսուցիչ և լաբորանտ ստանան այս փորձը, հատկապես, որ այն հնարավորություն կտա պետությունից ստացված նոր լաբորատոր սարքավորումներն առավել արդյունավետ կիրառել և դրանով բարձրացնել ինչպես դասավանդման, այնպես էլ այդ առարկաները սովորելու մոտիվացիան և արդյունավետությունը:
«Ինչպես միշտ, մեծ ուրախությամբ հյուրընկալեցինք ուսուցիչներին «Այբ» դպրոցում, մեր դռները միշտ բաց են գործընկերների համար, նաև Covid-ի պայմաններում։ Այս վերապատրաստումը շատ կարևոր և ակտուալ է մեր ուսուցիչների համար». Դավիթ Սահակյան, «Այբ» դպրոցի տնօրեն:
Վերապատրաստումների մասնակից, Վայքի ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Այծեմիկ Հարությունյանի կարծիքով՝ դպրոցում ուսուցիչները սովորաբար գործնական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չեն ունեցել կամ սարքավորումների, կամ նյութերի պակասի պատճառով: «Իսկ այժմ սարքավորումները կան, բայց քանի որ տարիներ շարունակ ուսուցիչները գործնական աշխատանքներ իրականացնելու հմտություններ չեն ունեցել, բնականաբար նրանց մոտ նոր վերապատրաստման կարիք իրոք կա: Կարծում եմ՝ սա բավականին օգտակար կլինի բոլոր ուսուցիչների համար, և իրենք իրենց հետ կտանեն շատ լավ հմտություններ և արդեն նոր ձևավորված լաբորատորիաներում կկարողանան աշակերտների հետ շատ ավելի հաջող գործնական աշխատանքներ անցկացնել»:
Հույս ունենք, որ վերապատրաստման արդյունքում ավագ դպրոցների աշակերտները նոր որակի լաբորատոր դասերի մասնակիցը կդառնան:
Կիսվել