2019 թվականի մարտի 9-17-ը Երևանը կհյուրընկալի Եվրոպական երիտասարդական պառլամենտի 89-րդ միջազգային գագաթնաժողովը՝ «Երևան 2019»-ը՝ մայրաքաղաքում հավաքելով Եվրոպայի 40 երկրից շուրջ 300 երիտասարդի։
«Երևան 2019»-ը մինչև այսօր Հայաստանում կազմակերպված ամենամեծ միջազգային երիտասարդական կոնֆերանսն է լինելու, որի շրջանակում երիտասարդ առաջնորդները հանդիպումներ են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ երկրների դեսպանների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Երևան 2019»-ի գլխավոր գործընկերն «Այբ» դպրոցն է, որն էլ միջոցառման հիմնական հյուրընկալն է։
«Մեզ համար մեծ պատիվ է և միաժամանակ անչափ ոգևորիչ՝ «Այբ» դպրոցի պատերի ներսում հյուրընկալել այսպիսի հեղինակավոր և շատ կարևոր միջազգային միջոցառում, որն այս տարի առաջին անգամ տեղի է ունենում Հայաստանում։ «Այբ»-ի աշակերտները տարիներ շարունակ մասնակցել են Եվրոպական երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին, և դա նրանց շատ բան է տվել։ Մենք համարում ենք, որ այսպիսի միջոցառումներով է, որ երկրում կայանում է ժողովրդավարությունն ու արմատանում են ժողովրդավարական արժեքները։ Եվ սա այն գրավականն է, որի շնորհիվ հաջորդ սերունդը կկրի ժողովրդավարական արժեքները և է՛լ ավելի հետևողականորեն դրանք կտանի առաջ»,- բացման արարողության ժամանակ ասաց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։
Ողջույնի խոսք հղեցին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, «Շվարցկոպֆ» հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրե Շմիտց-Շվարցկոպֆը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Անչափ ուրախ ենք, որ Եվրոպական երիտասարդական պառլամենտի 89-րդ գագաթնաժողովը առաջին անգամ անցկացվելու է Երևանում։ Սա հիանալի հնարավորություն է Եվրոպայի երիտասարդության համար՝ Հայաստանին ծանոթանալու և այստեղի երիտասարդության հետ ամուր կապեր հաստատելու»,- այս առթիվ նշել է Եվրոպական երիտասարդական պառլամենտի գործադիր տնօրեն Լուկաս Ֆենդելը։
Գագաթնաժողովի խորագիրն է՝ «Հաղթահարելով գլոբալ մարտահրավերները միասին»։ Եվրոպայի առաջադեմ կրթական հաստատությունների՝ Հայաստան ժամանած ուսանողներն այս թեմայի շուրջ քննարկումներ կանցկացնեն համապատասխան հանձնաժողովներում։ Քննարկուﬓերի փուլից հետո մասնակիցների առաջարկած բանաձևերը կներկայացվեն Եվրոպական երիտասարդական պառլաﬔնտի՝ Բեռլինում գտնվող գրասենյակ, ինչպես նաև համապատասխան պետական և մասնավոր մարﬕնների: