Առցանց հանդիպում Մխիթար Հայրապետյանի հետ

Ապրիլի 11-ին «Այբ» դպրոցի աշխատակազմը, աշակերտները և նրանց ծնողները հանդիպեցին ՀՀ Ազգային Ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ՝ քննարկելու առցանց ուսուցման և դրա կազմակերպման հետ կապված մի շարք կարևոր և օրակարգային հարցեր։ Քննարկումն առավել արդյունավետ անցկացնելու համար Մխիթար Հայրապետյանն առաջարկեց կենտրոնանալ կոնկրետ երկու հարցի վրա․

1) առցանց ուսուցման կազմակերպման հենց այս փուլում որքանո՞վ են հաղթահարվել մարտահրավերներն ու խնդիրները, որո՞նք են այս համակարգի հիմնական թերություններն ու առավելությունները, և՝

2) արդյո՞ք կան առցանց ուսուցման տարրեր, որոնք հետագայում կարող ենք օգտագործել, որո՞նք են դրանք և ի՞նչ չափաբաժին պետք է ունենան առկա ուսուցման կազմակերպման մեջ։

Տեղի ունեցավ կարծիքների փոխանակում հեռավար ուսուցման հետ կապված առկա խնդիրների, առավելությունների, թերությունների և հետագա անելիքների մասին։

Առավելություններ

Զանգվածային հեռավար ուսուցում մեր երկրում իրագործվում է առաջին անգամ, և բացի ստեղծված դժվարություններից՝ այն կրթական համակարգում ներգրավված բոլոր անձանց մատուցեց մի շարք առավելություններ, որոնց մասին իրենց խոսքում նշեցին հանդիպման մասնակիցները։ Նշվեց, որ հեռավար ուսուցման փորձարկումը ամբողջ կրթական համակարգի համար հիանալի փորձ էր, ուստի հետագա արտակարգ իրավիճակներում այս ամենի կազմակերպումն ու իրականացումը կընթանան մի քանի անգամ ավելի արագ և անցնցում։ Աշակերտները նշեցին, որ այս համակարգում ծուլանալը շատ ավելի դժվար է, համակարգի շնորհիվ մեծացել են աշակերտների շահադրդումն ու ճկունությունը, նվազել է հոգնածության չափը, ժամանակի կառավարումը և բաշխումը դարձել են ավելի հեշտ և արդյունավետ, աշակերտները և ուսուցիչները տան պայմաններում առավել ազատ և հարմարավետ են իրենց զգում, ինչը խթանում է արդյունավետ աշխատանքի իրականացմանը։ Ծնողները նշեցին, որ հեռավար ուսուցումը հիանալի տարբերակ է արտակարգ իրավիճակներում երեխաների ուսումը շատ արագ կազմակերպելու, կրթական համակարգից տևական ժամանակով նրանց դուրս չթողնելու և դասապատրաստումը չընդհատելու համար։ Առցանց ուսուցման առավելությունները տեսնելու համար նախ և առաջ հարկավոր է գիտակցել դրա ընձեռած հնարավորությունները։

Թերություններ

Առավելությունների և ընձեռած հնարավորությունների հետ մեկտեղ առցանց ուսուցումն ունի նաև որոշ թերություններ, որոնք ժամանակ առ ժամանակ խաթարում են համակարգի բնականոն աշխատանքը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները Մխիթար Հայրապետյանի ուշադրությունը բևեռեցին հատկապես մի քանի շատ կարևոր խնդիրների վրա, որոնցից հիմնականներն էին համակարգչի առջև անցկացվող բավականին երկար ժամանակը, որը վնասակար է տեսողության, մտավոր և ֆիզիկական առողջության համար, առաջացնում է գլխացավեր։ Ծնողները խորհուրդ տվեցին նաև այս ծրագիրն իրականացնել փուլ առ փուլ, քանի որ ուսուցիչների և աշակերտների մեծ մասը դեռևս ընտելացած չէ այս համակարգին, ինչպես նաև կան բազմաթիվ երեխաներ անապահով ընտանիքներից, որոնք բավարար միջոցներ չունեն հեռավար ուսուցմանը մասնակցելու համար։ Խոսվեց նաև տեսախցիկ միացնել-չմիացնելու մասին, նշվեց, որ չմիացնելու պարագայում աշակերտը կարող է զբաղվել ցանկացած բանով, և ուսուցչին այն տեսանելի չի լինի, սակայն «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը նշեց, որ դեռահասները սեփական արտաքինի հետ կապված շատ բարդույթներ ունեն, ուստի ուսուցիչները չեն կարող պարտադրել նրանց միացնել տեսախցիկները, սակայն, համենայն դեպս, այդ խնդրին որոշակի լուծում կտրվի։ Դասընթացի խաթարման պատճառ հանդիսացող երևույթներից նշվեցին նաև ժամանակ առ ժամանակ կապի ընդհատումները, դասի ընթացքում միաժամանակ խոսելը և այլ տեխնիկական խնդիրներ։ Քննարկման արդյունքում որոշվեց ևս մեկ անգամ վերանայել առաջացած խնդիրները, ծանոթանալ նորերի հետ և հնարավորինս կարճ ժամանակահատվածում արդյունավետ լուծումներ գտնել դրանց համար։

«Հանդիպումը բավականին օգտակար էր ինձ համար, մտածելու տեղիք տվող շատ կարծիքներ հնչեցին։ Մեր գլխավոր նպատակն է կառավարությանն աջակցել հնարավորինս արդյունավետ իրականացնել հեռավար ուսուցման կազմակերպումը։ Կարող եք վստահ լինել, որ բարձրացված յուրաքանչյուր կարծիք և առաջարկ անպայման կդրվի քննարկման և կարվեն հետևություններ։ Ի վերջո կստանանք համապարփակ, համընդհանուր պատկեր, որը կօգնի պատշաճ պատասխան գտնելու և լուծումներ առաջարկելու բոլոր տեսակի խնդիրներին, նույնիսկ այն խնդիրներին, որոնք խորքային են և գալիս են դեռ շատ վաղուց։ Սա եզակի պահ է կրթական ոլորտում կարևոր հետազոտություններ և հարցումներ իրականացնելու համար։ Մեզ պետք էր մի այսպիսի իրավիճակ՝ «հարմարավետ գոտուց» դուրս գալու և այս ամենն ի շահ կրթական բարեփոխումների օգտագործելու համար»,- հանդիպման վերջում նշեց Մխիթար Հայրապետյանը՝ լիահույս, որ այս ամենն իրականացվելու է համատեղ ջանքերի և փոխհամագործակցության միջոցով։

Ավետիսյան Աիդա, 10-րդ դասարան

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>