«Անջիգյար» Սևակն ու անհետացած Ամանորը

Քննական ծանր շրջանից հետո դեկտեմբերի 22-ն «Այբ» դպրոցում ավելի քան սպասված էր. ժամանակն էր լիցքաթափվելու և դիտելու աշակերտների բեմադրած ամենամյա տոնական համերգը:

Համերգը սկսվեց, ինչպես նշեց դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, «պաշտոնական մասով», որի ընթաքում մեր շրջանավարտներին հանձնվեցին Արարատյան բակալավրիատի երկար սպասված դիպլոմները, որ աշակերտները վաստակել էին քրտնաջան աշխատանքով։

Շրջանավարտներին ուրախացնելուց հետո հերթն ամբողջ «Այբ» համայնքինն էր, որ հավաքվել էր նշելու քննությունների ավարտն ու գալիք Ամանորը:

Իսկ այբեցիներն այս տարի էլ չդադարեցրին զարմացնել իրենց տաղանդներով և ստեղծարարությամբ: Մեր սիրելի հայկական ազգագրական պարերից մինչև վրացական լեզգինկա, տղաների երգչախմբից մինչև հետաքրքիր երաժշտական կատարումներ, և այս ամենը՝ համեմված յուրահատուկ «Այբ»-ական հումորով ու զվարճալի դիպաշարով:

Բեմադրության գլխավոր հերոսը մեր 11-րդ դասարանցի «անջիգյար» Սևակն էր, որը չէր սիրում Նոր տարին և երազում էր, որ այդ տոնն անհետանա: Կորցնելով ունեցածը` նա սկսեց գնահատել և կարևորել բոլորիս սիրելի տոնը և մտերիմների հետ այն նշելու ցանկությունը:

Իսկ ի՞նչ Նոր տարի առանց Ձմեռ պապի, որը միջոցարման վերջում շնորհավորեց բոլորիս գալիք Ամանորը և խորհուրդ տվեց չդառնալ տեխնոլոգիաների զոհ, գնահատել տոները, որոնք մտերմացնում ու ջերմացնում են բոլորիս:

«Այբ» դպրոցը հրաժեշտ տվեց այս հետաքրքիր, հաղթանակներով ու նվաճումներով լի տարվան՝ ակնկալելով նորանոր ձեռքբերումներ գալիք տարում:

Շնորհավորում ենք բոլորիս գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը:

Եվա Սեյլանյան

(12-րդ դասարան)

Tweets by AybSchool
>