«Մեդիագիտակներն» ամփոփեցին նախագծային աշխատանքները

«Հսկայական սարդոստայն» մուտք գործելը դարձել է շատերիս առօրյայի անբաժան մասը։ Թվում է, թե համացանցն անվտանգ է, սակայն անտեսվում են ինչպես բացահայտ, այնպես էլ ոչ այնքան ակնհայտ վտանգները՝ դեղին մամուլից, ֆոտո- և տեսակեղծիքներից մինչև ատելության խոսք, բուլինգ և անգամ տեղեկատվական պատերազմներ։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ 2020-21 ուսումնական տարում «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակում ավելացավ ևս մեկ ակումբ՝ «Մեդիագիտակներ»։

Ակումբի ղեկավարը հաղորդավար, խմբագիր, լրագրող Արամ Աբրահամյանն է։ «Վստահ եմ, որ տեղեկատվական այսօրվա իրավիճակում մարդկանց անհրաժեշտ է տալ գործիքներ, որոնցով նրանք հնարավորություն կունենան կողմնորոշվելու լուրերի օվկիանոսում», - այսպես է նա հիմնավորում ակումբի ստեղծման գաղափարը և հավելում, որ «որքան շուտ տրվեն այդ գործիքները, այնքան կնվազի ապակողմնորոշվելու, խաբվելու, լվացված ուղեղով ապրելու ռիսկը»: Մեդիագիտակներն աշխատում էին վերոնշյալ «գործիքների» շուրջ՝ փորձելով ոչ թե հաղթահարել «մեդիաաղետները», այլ գտնել դրանցից արդյունավետորեն խուսափելու միջոցներ։

Ակումբի առաջարկած միջոցներից մեկը հայալեզու կայքն է, որը ներառում է հոդվածներ, տեսահոլովակներ, փոդքաստներ և այլ նյութեր համացանցի վտանգների և դրանց հակամիջոցների մասին։ Նպատակը մեդիագրագիտության ընդհանուր մակարդակի բարձրացումն է։ Վերոնշյալ նյութերը պատրաստել են այբեցի «մեդիագիտակները» ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում։ «Ինչպես խուսափել համացանցային կախվածությունից», «2017-18-19 թվականների ամենահայտնի կեղծ լուրերը», «Որ դեպքերում և ինչպես պետք է սահմանափակվի խոսքի ազատությունը». այս և այլ նման վերնագրերով նյութեր կարելի է տեսնել «Մեդիագիտակներ» ակումբի կայքում։

«Մեդիագիտակները» չեն ցանկանում սահմանափակվել այս տարվա աշխատանքով. նրանք ունեն մի շարք նպատակներ՝ կայքի թարգմանում այլ լեզուներով (կայքը հասանելի դարձնել ռուսալեզու և անգլալեզու օգտատերերին), այլ նյութերով հարստացում (գրված ոչ միայն ակումբի անդամների, այլև այլ աշակերտների, շրջանավարտների և մասնագետների կողմից), էքսկուրսիաներ լրատվական խմբագրություններում, մասնագետներին դասարան հրավիրում, կապերի հաստատում մեդիագրագիտություն ուսուցանող դպրոցների հետ, այցելություններ այլ դպրոցներ և սահիկաշարերի ներկայացում, ինչպես նաև մեդիագրագիտությունը փոքրիկների համար հասանելի դարձնելը։

Մերի Ղուլյան, «Մեդիագիտակներ» ակումբի անդամ

Կիսվել

Tag Articles Tag News Tag Լուրեր Tag Հոդվածներ

Tweets by AybSchool
>