Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներն «Այբ»-ում

Երբ կրթությունը սահմաններ չի ճանաչում, սովորելը դառնում է ավելի հետաքրքրաշարժ, արկածներով ու բացահայտումներով լի։

Ավանդույթի համաձայն՝ «Այբ» դպրոցն այս տարի ևս իր դռները բացեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանողների առջև՝ միասին նորարար մեթոդներ կիրառելու և առաջադեմ հեռանկարները բացահայտելու։

MIT Global Teaching Labs ծրագրի շրջանակում, որի նպատակն է փորձի փոխանակումը ինչպես կրթական, այնպես էլ մշակութային ոլորտներում, MIT-ի 4 ուսանող այս տարի ևս այցելեցին «Այբ» դպրոց և ուսումնական տարվա մեկ ամիսը վերածեցին անմոռանալի ուղևորության ինչպես իրենց, այնպես էլ «Այբ» դպրոցի համար։ MIT Global Teaching Labs ծրագիրը հիանալի հնարավորություն է համախմբվելու և միմյանց հետ կիսելու ազգային մշակութային առանձնահատկությունները։

Մեկ ամսով մեզ այցելած ուսանողները մասնակցեցին մեր դասերին, համագործակցեցին ուսուցիչների հետ ու կիսեցին իրենց փորձը ԳՏՃՄ առարկաների, մասնավորապես մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ու ինֆորմատիկայի ոլորտներում։ Նրանք մասնակցում էին ինչպես դասասենյակային տեսական դասերին, այնպես էլ լաբորատորիայում անցկացվող դասերին ու գործնական աշխատանքներին։ Նրանց վարած դասերը յուրօրինակ հետաքրքրություն էին առաջացնում աշակերտների շրջանում, քանի որ վերջիններս ծանոթանում էին դասավանդման այլ մեթոդների։ Հատկանշական է, որ դասերը վարող ուսանողները գրեթե աշակերտների հասակակիցներն են, ինչը ստեղծում էր ավելի մտերմիկ ու անմիջական մթնոլորտ։

Բացի բուն դասապրոցեսից՝ ուսանողներն ու աշակերտներն ունեին միասին մի շարք ազատ ժամեր, որոնց ընթացքում էլ ընկերացան ու ավելի մոտիկից ճանաչեցին միմյանց ազգային մշակութային առանձնահատկություններն ու սովորույթները։

Ծրագրի շրջանակում դպրոց այցելած ուսանողները հյուրընկալվել էին «Այբ» դպրոցի աշակերտների ընտանիքներում, որն էլ բացառիկ հնարավորություն տվեց ավելի մոտիկից շփվելու հայկական ընտանիքների հետ և ծանոթանալու նրանց ավանդույթներին ու հյուրընկալությանը։ Սա ամուր կապ է ստեղծում ուսանողի ու հյուրընկալ ընտանիքի միջև, իսկ ուսանողներից յուրաքանչյուրը հեռանում է կրկին վերադառնալու սպասումով։

Ուսանողների այցն ամրապնդում է արդեն տարիների պատմություն ունեցող բարեկամությունը MIT-ի ու «Այբ» դպրոցի միջև։ Այս փորձառությունը հնարավորություն է ընձեռում աշակերտներին նոր ընկերներ ձեռք բերելու, իսկ ուսուցիչներին՝ համագործակցային կապեր հաստատելու։ Այն օգնում է ավելի արժևորելու կրթությունը և կարևորելու միջազգային համագործակցությունները կրթական ոլորտում։

Եվա Մուրադյան

12-րդ դասարան

Tweets by AybSchool
>