«Լորիկ» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցում տեղի ունեցավ «Լորիկ» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը։ Ֆիլմի պորդյուսերն է «Այբ»-ի բարերար, բարեկամ Մարտիրոս Մինասյանը։ Մեդիաթիմի անդամ Օֆելյա Սմբատյանը գրել է ռևյու ֆիլմի մասին։

Լոուրենս Օլիվիեն, Ջոն Լենոնը, հայտնի հեքիաթից Ալիսը: Թվում է՝ նրանց միջև միակ ընդհանրությունը հանրաճանաչ լինելն է: Բայց արի ու տես, որ նրանք կարող են ապրել նույն քաղաքում՝ կողք կողքի, ապրել հանճարի անունով, բայց լինել հարբեցող, եսասեր ու անտարբեր կամ էլ մահվան եզրին կանգնած մեկը: Իսկ գուցե տխուր աչքե՞րն են նրանց կապում…

«Լորիկը» ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի՝ 2018 թվականին նկարահանած արկածային ու տրագիկոմեդիա ժանրերի ֆիլմ է: Կատակերգության միջոցով ֆիլմը ցույց է տալիս հասարակության արատավոր կողմերը` սոցիալական անհավասարությունը, մարդկային անտարբերությունը տարաբնույթ անարդարության հանդեպ: Այսպես է գրված «Վիքիպեդիայում»: Իսկ իրականում ֆիլմի կադրերում թաքնված է առավել մեծ խնդիր՝ մարդկային ներքին ցավը, որը հաճախ նկատելի չէ շրջապատի համար: Հենց այդպիսի անտարբեր հասարակության մաս էր կազմում նաև Լոուրենսը՝ Լորիկը, որին հետաքրքրում էին միայն իր կերտած հերոսների հույզերն ու ապրումները: Ու միայն թատրոնի փակվելուց հետո է նա կարողանում իրեն շրջապատող մարդկանց զգացմունքները հասկանալ:

Լորիկը կարողանում է մտնել հարբեցող հարևան Ջոնիկի, անծանոթ գեղեցկուհի Չինարի, փոքրիկ մահամերձ Հասմիկի ու նախագահի թեկնածու Ղանդիլյանի մարմինների մեջ: Ասպիսի կերպարանափոխության միջոցով նա կարողանում է դառնալ այդ մարդկանց կյանքի մի մասնիկը՝ իհարկե նաև ստիպված լինելով լուծել նրանց խնդիրները: «Կրկեսը փակվել է, իսկ ծաղրածուները անգործ են մնացել»: Բայց թատրոնի փակվելուց հետո Լորիկին «հանձնարարվում» է խաղալ մարդկային ներքին դրաման, որը լի է բարդություններով, խնդիրներով, ուրախություններով, լացով ու ծիծաղով: Ուրիշի ցավի ու խնդիրների միջոցով լսվում է գլխավոր հարցը՝ ո՞վ է ինքը:

Ֆիլմում ներկայացված են հայ հասարակության սոցիալական, քաղաքական ու կենցաղային խնդիրները: Բայց «այն ֆիլմ է ոչ միայն հայերի համար, այլ բոլորի համար ու բոլորի մասին», ինչպես նշում է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Մարտին Մինասյանը:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Լորիկի դերակատարը՝ անզուգական Միքայել Պողոսյանը, նշել է. «Մարդիկ նույնիսկ միմյանց չեն ուզում ճանաչել»: Սակայն իր մեջ ընկղմված մարդը չի կարող ապրել լիարժեք: Իսկ մեր հերոսը, թեև իր կամքից անկախ, բայց կարողանում է դուրս գալ իր սահմաններից: Այդ կերպարանափոխությունն օգնում է ոչ միայն Լորիկին, այլև մյուս հերոսներին: Հին Լորիկը մահանում է՝ զոհաբերելով իրեն լավի համար ու հոգևոր վերածնունդ ապրելով: Ֆիլմի վերջում Լորիկն այդպես էլ չի հասկանում, թե ով է ինքը: Եվ դա բնական է. չէ՞ որ նա բոլորի մի մասն էր կազմում: Արդյոք մահացա՞վ Լորիկը, թե ոչ: Յուրաքանչյուրն ինքը պետք է զգա ու հասկանա դա: Գուցե նա մահացավ ֆիզիկապես, բայց ծնվեց հոգեպես՝ փոխելով նաև մյուսներին:

Յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական պատմությունը, բայց այն լիարժեք է միայն ուրիշների պատմություններն իր մեջ ներառելով: Մարդկային կյանքի փոփոխությունն ու զարգացումը հասկանալու համար «Լորիկը» դիտելը լավագույն միջոցներից կարող է լինել:

Օֆելյա Սմբատյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>