Հայաստանի տարբեր դպրոցների 250-ից ավելի երեխաներ մասնակցեցին «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին տեղի ունենեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը, որը Երևանում կազմակերպվել էր արդեն 5-րդ անգամ, և մասնակցում էին 250-ից ավելի դպրոցականներ Հայաստանի տարբեր համայնքներից: Ծրագրավորման նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և երեխաների տրամաբանությունը զարգացնելու նպատակով յուրաքանչյուր տարի աշխարհի 180-ից ավելի երկրներում կազմակերպվում է Hour of Code միջոցառումը՝ ներգրավելով ավելի քան 280 մլն մասնակցի։

Համաշխարհային ՏՏ ընկերությունները միջոցառման համար մշակում են, խաղերի տեսքով, ծրագրավորման տարբեր խնդիրներ, որոնք մասնակիցները փորձում են լուծել մենտորների օգնությամբ։ Որպես մենտոր են հանդես գալիս առաջատար տեղական և միջազգային ՏՏ ընկերությունների աշխատակիցները։ Այս տարի 50-ից ավելի պրոֆեսիոնալ ծրագրավորողներ աշխատեցին մասնակից երեխաների հետ, որոնք լուծեցին տարբեր խնդիրներ և ծանոթացան ծրագրավորման տրամաբանությանը։ Միջոցառման գործընկեր Ucom ընկերությունը միջոցառման ընթացքում մասնակիցների համար ապահովեց անխափան և գերարագ ինտերնետ կապ։

«Հայաստանում ՏՏ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է հատկապես երեխաների և նրանց ծնողների շրջանում։ «Ծրագրավորման ժամը» միջոցառման միջոցով մենք փորձում ենք երեխաներին ցույց տալ, թե ինչ է ծրագրավորումը, ինչպիսի խնդիրներ կարելի է լուծել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես կարելի է առաջին քայլերն անել այս ոլորտում։ Հաշվի առնելով ներկայումս ծրագրավորողների՝ աշխատաշուկայում տիրող մեծ պահանջարկը՝ ծրագրավորմանն առնչվող առարկաները կարելի է նաև ներառել դպրոցական ծրագրում, ինչը դպրոցականներին հնարավորություն կտա ուսումն ավարտելուց հետո ունենալու լավ հիմք և զարգացնելու աշխատանքային գործնական հմտությունները»,— նշեց «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

«Այն երեխաները, որ այսօր հաճախում են առաջին դասարան, դպրոցը կավարտեն բոլորովին այլ իրականությունում։ 12 տարի անց աշխարհը բոլորովին այլ է լինելու։ Այդ նոր աշխարհում մենք շրջապատված ենք լինելու ավտոմատ համակարգերով, որոնք իրենց վրա կվերցնեն այսօր մարդկանց մենաշնորհը համարվող շատ գործառույթներ։ Մենք պետք է անենք հնարավորը, որ մեր երեխաները վաղ տարիքից սկսեն տիրապետել ծրագրավորման լեզուներին։ Առանց դրա գործնականում անհնար կլինի լիարժեք կյանք վարելն ապագայում։ «Այբ» դպրոցը պատասխանատվություն է ստանձնել նոր սերնդին ապագային պատրաստելու, և հնարավորինս շատ մարդկանց, անկախ տարիքից, ծրագրավորման աշխարհին ծանոթացնելը կարևոր քայլ է այդ առաքելության իրագործման ճանապապհին»,— ընդգծեց «Այբ» դպրոցի գործառնական տնօրեն Դավիթ Սահակյանը:

Tweets by AybSchool
>