Օրերս Հայաստանում էր Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի փոխտնօրեն Դեն Բրեյը։ Դեն Բրեյի այցի ընթացքում «Արմենպրես»-ը նրա հետ զրուցել է Արարատյան բակալավրիատի (ԱԲ) ճակատագրի, համաշխարահին կրթական միտումների և «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարների մասին։
- Պարոն Բրեյ, ներկայում շատ են տարբեր քննարկումները Արարատյան բակալավրիատի, ծրագրի միջազգային ճանաչման և նպատակահարմարության շուրջ։ Առհասարակ ինչո՞վ է որևէ որակավորման միջազգային ճանաչումը կարևոր։
- Առաջինը և, ըստ իս, ամենակարևորն այն է, որ միջազգային ճանաչումը որակի երաշխիք է․ մի բան, որ չափազանց կարևոր է շատերի, այդ թվում՝ ծնողների, ուսուցիչների, դպրոցների և հենց աշակերտների համար։ Միջազգային ճանաչումը հաստատում ու հավաստում է, որ տվյալ որակավորումն իր որակով համազոր է աշխարհում առկա մյուս որակավորումներին։ Երկրորդն արժեքն է․ միջազգային ճանաչումը փաստում է հավաստագրի արժեքը՝ դա ցույց տալով թե՛ հայաստանյան և թե՛ օտարերկրյա բուհերին, գործատուներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տվյալ որակավորման հավաստագրի արժեքով։ Այսպիսով՝ միջազգային ճանաչումը ցույց է տալիս տվյալ որակավորման և հավաստագրի որակն ու արժեքը։
«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրն ունի մի շարք խելացիորեն մշակված կողմեր։ Բացի դրանից, ի սկզբանե շատ հստակ է եղել «Այբ» կրթական հիմնադրամի տեսլականը, թե ինչի է ցանկանում հասնել այս ծրագրով։ Մեր համագործակցության ընթացքում մենք չենք շեղվել այդ նպատակից և պահել ենք ծրագրի ռացիոնալ և արդյունավետ կողմը։ Արդյունքում արձանագրել ենք երկու կարևոր ձեռքբերում՝ ա) հասել ենք արագ միջազգային ճանաչման, և բ) դա արել ենք առանց մեծ ծախսերի՝ միևնույն ժամանակ որևէ կերպ չկորցնելով կամ վտանգելով որակը։
- Ո՞ւմ համար է Արարատյան բակալավրիատը։
- Բոլոր հաջողակ կրթական համակարգերը կարիք ունեն շատ տարբերակների՝ տարբեր կարողություններով ու հետաքրքրություններով աշակերտների ուսումնառությունը կազմակերպելու համար։ Կարծում եմ՝ իր մանրակրկիտ մշակման և բարձր որակի շնորհիվ Արարատյան բակալավրիատը կարող է լինել ուշագրավ տարբերակ Հայաստանի այն աշակերտների համար, որոնք նախընտրում են ավելի խստապահանջ կրթական ուղի։ Բոլոր կրթական համակարգերին անհրաժեշտ է ծրագրերի և հավաստագրերի զանազանություն, և Հայաստանի պարագայում Արարատյան բակալավրիատը կարող է լինել գերազանցության ամենահզոր փարոսներից մեկը տեղի բնակչության համար։
- Արարատյան բակալավրիատի համաքննումն իրականացվել է բրիտանական Cambridge International A Level խորացված մակարդակի դպրոցական որակավորման հետ համեմատությամբ։ Ինչո՞ւ է ընտրվել հենց այդ որակավորումը։
- Այդ որակավորումն ընտրվել է մի քանի պատճառով։ Առաջին հերթին՝ այն համաշխարհային ճանաչում ունեցող որակավորում է, և կրթական աշխարհը հասկանում է, թե ինչ մակարդակի և որակի կրթություն է այն ապահովում։ Երկրորդ՝ այն ճկուն է և ներկայացնում է աշակերտներից ակնկալվող վերջնարդյունքների ամբողջություն։ Այսպիսով՝ Արարատյան բակալավրիատի համաքննումն իրականացվել է A Level-ի հետ համեմատությամբ՝ հասկանալու, թե ԱԲ-ն ինչ մակարդակներ է ապահովում։
- Հաշվի առնելով Արարատյան բակալավրիատի շուրջ ստեղծված անորոշությունը՝ կլինե՞ն «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցելու այլ հեռանկարներ։
- Հեռանկարներն արդեն իսկ կան, ինչի համար մենք անչափ ուրախ ենք։ Մի ուղղություն, որի շրջանակում նախատեսում ենք համագործակցել, տվյալների համալիր կիրառումն է դասարաններում՝ աջակցելու ուսուցիչներին և աշակերտներին։ Այսօր տվյալների վերլուծության և համակարգչային գիտության աշխարհը շատ արագ է փոխվում։ Ներկայում զգալի զարգացումներ կան մեքենայական ուսումնառության և արհեստական բանականության ոլորտներում, և իմաստ էլ չունի մտածել, որ դրանք կարող են դադարել։ Կարևոր է, որ կրթության աշխարհը ևս հասկանում է, թե ինչ ուժ կարելի է ստանալ ու ստեղծել այդ տվյալներից, և թե ինչպես դա կարող է օգնել ուսուցիչներին դասարաններում։ «Այբ» կրթական հիմնադրամն ունի գաղափարներ դրա վերաբերյալ։ Մեր երկու կառույցները կհամագործակցեն և միասին կաշխատեն՝ հասկանալու, թե ինչպես կարելի է կյանքի կոչել այդ գաղափարները։ Մենք ոչ թե ցանկանում ենք փոխարինել ուսուցիչներին համակարգիչներով, այլ հասկանալ, թե ուսուցիչների աշխատանքի որ բաղադրիչները համակարգիչները չեն կարող կատարել և համակարգիչներին հանձնարարել ուսուցիչների աշխատանքի մեքենայական տարրերը՝ այդպիսով ազատելով նրանց մեքենայական գործողություններ կատարելուց և ընձեռելով հնարավորոություն՝ ավելի շատ ժամանակ տրամադրելու և ավելի շատ կենտրոնանալու դասավանդման և աշակերտների ուսումնառության վրա։ Մենք միանշանակ կարող ենք ստեղծել այնպիսի արտադրանք և ծառայություններ, որոնք օգտակար կլինեն թե՛ այսօրվա և թե՛ վաղվա դպրոցների համար։ Սա առաջնահերթություն է թե՛ Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի, թե՛ «Այբ» կրթական հիմնադրամի համար․ մեր երկու կառույցների համար առաջնահերթ է գտնել ուղիներ, որոնց շնորհիվ մենք կկարողանանք միավորել հմտություններն ու ռեսուրսները՝ այս ոլորտն ավելի խոր ուսումնասիրելու համար։
- Արդյո՞ք դա նշանակում է, որ մի օր ավանդական դասարանը կարող է վերածվել առցանց դասարանի։
- Շատ կարևոր է հասկանալ, թե համակարգիչներն ինչպես կարող են աջակցել ուսուցիչներին, և ոչ թե մտածել, թե դրանք ինչպես կարող են փոխարինել նրանց։ Դպրոցն անում է շատ ավելին, քան պարզապես դասավանդումը։ Դպրոց գնալով՝ աշակերտները սովորում են, թե ինչ է սոցիալական շփումը, սովորում են գործել խմբերում, թիմում և այլն, և դա շատ դժվար է կրկնօրինակել առցանց։ Այս առումով չեմ կարծում, որ իմ կյանքի ընթացքում առնվազն երեխաների միջնակարգ կրթության պարագայում մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ դպրոցներում չեն լինի դասարաններ։ Սակայն ակնհայտ է, որ դասարանները շատ տարբեր կլինեն այսօրվա դասարաններից․ դրանք ավելի շատ կենտրոնացած կլինեն ուսումնառության նախագծային ու անհատականացված մոտեցումների վրա, այդ դասարաններում ուսուցիչներն ավելի շատ հանդես կգան որպես ուսումնառության գործընթացի օժանդակողներ և այլն։
- Նոր համագործակցության արդյունքում ստեղծված արդյունքը հասանելի կլինի՞ Հայաստանի դպրոցների համար։
- «Այբ» կրթական հիմնադրամի հետ մենք միշտ մշակել ենք կրթական լուծումներ, որոնք հասանելի կդառնան և կտարածվեն ողջ երկրում։ Դա է «Այբ» կրթական հիմնադրամի տեսլականը։ Հենց այդ տեսլականն են նրանք ներկայացրել մեզ՝ Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնին, երբ մեր համագործակցությունը՝ Արարատյան բակալավրիատի շուրջ, դեռ նոր պետք է մեկնարկեր։ Միասին մենք ստեղծում ենք համակարգեր, որոնք կօժանդակեն ազգային կրթակարգին։ Մենք մեծ ցանկություն ունենք և պատրաստակամ ենք՝ տարածելու արդյունքը և այն հասանելի դարձնելու Հայաստանի դպրոցների համար, սակայն դա տեղի իշխանությունների և քաղաքականություն մշակողների որոշելիքն է․ նրանք պետք է որոշեն՝ արդյոք ստեղծված արդյունքը հասանելի կդառնա բոլո՞ր դպրոցների համար, միայն մի՞ քանի դպրոցի, թե ոչ մի դպրոցի։