Ապրիլի 17-ին «Այբ» դպրոցը հյուրընկալեց Չառլ Մալասին, որը նախկինում երկար ժամանակ եղել է բասկետբոլի մրցավար, այժմ զբաղվում է բիզնեսով և ունի իր ներդրումը հայանպաստ գործերում։
Նա ծնվել է Իրաքի Բաղդադ քաղաքում։ Կրթություն է ստացել Բրիտանիայում, որտեղ ուսանել է էլեկտրաֆիզիկա։ 35 տարի աշխատանքային փորձ է ձեռք բերել լոգիստիկայի բնագավառում: Այժմ նրա մասնագիտությունը նավահանգիստների կառավարումն է։ Մինչ օրս նրա կազմակերպությունը բազում ձեռքբերումներ է ունեցել, որոնցից են զարգացած բեռնատար ավիափոխադրումների թվայնացված տարբերակը, Հայաստանի նախագահական ինքնաթիռի պաշտոնական մշակումը և այլն։ Մեծ և հաջողված նախագիծ է եղել վերջերս Իրաքի Ում Քասր քաղաքի միակ նավահանգստի կառուցումը։ Չառլ Մալասը և նրա եղբայրը եղել են առաջինը, որ Գյումրու աղետի ժամանակ օգնություն են հասցրել տուժածներին։ Նրանք կարողացել են նաև օգնություն բերել Բրիտանիայից։
Հայաստան է եկել իր համարյա պատրաստ նոր նախագծով․ ասում է, որ պակասում է միայն կառավարության հաստատումը։ Մասնագետը կարծում է, որ այսօր Հայաստանի տնտեսության թույլ կողմը արտաքին աշխարհի և համաշխարհային շուկայի հետ կապն է։ Խնդիրը դրանք կապող կայանների թերզարգացումն է (երկաթուղի, խողովակաշար, օդանավակայան և այլն)։ Գաղափարը հետևյալն է։ Հայաստանը, չունենալով ծովափեր և նավահանգիստներ, կարող է ունենալ dry port (չոր՝ ցամաքային կայան)։ Այն նախատեսում է բեռների տեղափոխում երկաթգծերով։ Կառուցման համար կպահանջվի մոտ երկու տարի։ Եթե այն կառուցվի, աշխատանքի կանցնի 8000 մարդ։ Ասում է, որ Հայաստանն այդպիսի 3 կայանի կարիք ունի՝ մեկ մեծ և երկու փոքր։ Պարոն Մալասն ավելի քան հավատացած է, որ Հայաստանի համար սա լավագույն տարբերակն է՝ հաշվի առնելով տեղի ռելիեֆը։ Այն կհեշտացնի մուտքը համաշխարհային շուկա և մասնակցությունը համաշխարհային առևտրին։
Մենք հաջողություն ենք մաղթում նրան իր ծրագրի իրականացման ճանապարհին և հույս ունենք, որ այն կկազմի Հայաստանի տնտեսական հեղափոխության կարևոր մաս։