«Այբ» դպրոցի և COAF-ի համատեղ միջոցառումը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

«Այբ» դպրոցն ու «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մայիսի 9-ին Լոռու մարզում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում համատեղ անցկացրին բազմաբովանդակ և նորարարական կրթական միջոցառում։ Կողմերը փորձ և գիտելիք փոխանակեցին, ինչպես նաև հնարավորություն ունեցան նոր կապեր հաստատելու։

Ծրագրում ներառված էին աշակերտական գիտափորձեր տարբեր առարկաներից՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն։ Բացի դրանից, մեծ տեղ ու դեր էր հատկացված մշակութային մասին․ «Այբ» դպրոցի նկարչական խմբակի աշակերտները ներկայացրին ճեպանկարներ ստեղծելու իրենց փորձը, ավագ դպրոցի աղջիկների երգչախումբը կատարեց Մաշտոցի, Կոմիտասի երգերի մշակումներ, ինչպես նաև Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից խմբերգեր։

««Այբ» դպրոցն իրականացնում է բազմաթիվ նախագծեր, որոնց նպատակն է՝ ՀՀ մարզերի հետ ստեղծել համագործակցության դաշտ, աշակերտներին ընձեռել հնարավորություն միմյանց հետ ծանոթանալու, հետաքրքիր փորձառություն, գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու։ Շնորհակալ ենք ՔՈԱՖ-ին «Այբ» դպրոցի նախաձեռնությանն արձագանքելու և մեզ հյուրընկալելու համար։ Սա հիանալի առիթ է մեր կուտակած փորձը կիսելու, ինչպես նաև ՍՄԱՐԹ կենտրոնի փորձառու ուսուցիչներից ու սաներից նոր մոտեցումներ ու գիտելիքներ ստանալու»,- ասաց «Այբ» դպրոցի համայնքային տնօրեն Աննա Ակոպյանը։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի սաներն ու աշխատակիցներն էլ իրենց երևանյան հյուրերին ներգրավեցին սեփական դասընթացներում՝ հրավիրելով նրանց մասնակցելու ռոբոտաշինության, թվանշային նկարչության, գեղանկարչության, հանրային խոսքի, կինոարվեստի ու թատրոնի դասընթացներին։

Անցկացվեց նաև «Time for Tea» նախագիծը։ Այս ձևաչափը մասնակիցներին հնարավորություն տվեց խմբերով քննարկելու համայնքային որևէ խնդիր, առաջարկելու սեփական լուծումները և հավաքական մտքերը ներկայացնելու միմյանց։

«Կրթական հաստատությունների հետ խոր և համապարփակ համագործակցություն զարգացնելով՝ ՔՈԱՖ-ը փորձի և տեղեկատվության փոխանակման հարթակ է ձևավորում։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ գյուղական համայնքների երեխաները հնարավորություն են ստանում ճանաչելու և աշխատելու իրենց երևանյան տարեկիցների հետ։ «Այբ»- ի հետ այս քայլը իրական համագործակցություն է հենց երեխաների և ուսուցիչների միջև․ արդեն իսկ առաջացան փոքրածավալ համատեղ նախաձեռնությունների և փոխայցերի գաղափարներ»,- ասաց ՔՈԱՖ-ի գործընկերությունների և միջոցառումների համակարգման ղեկավար Իրինա Իգիթխանյանը։

Օրվա ավարտին բոլորը միասին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բակում հայկական ազգային պարեր պարեցին՝ է՛լ ավելի համախմբվելով, զգալով միմյանց աջակցությունն ու միասնական ուժը։

Tweets by AybSchool
>