«Այբ» դպրոցը, ի թիվս այլ նախաձեռնությունների, իրականացնում է «Այբապատում» նախագիծը, որի նպատակն է ՀՀ մարզերի դպրոցների հետ ստեղծել համագործակցության դաշտ, աշակերտներին ընձեռել հնարավորություն միմյանց հետ ծանոթանալու, հետաքրքիր փորձառություն, գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու։
Այս տարի ապրիլի 6-ից 14-ը «Այբապատում» նախագիծն իրականացվեց միանգամից 4 ուղղությամբ, որոնցից 3-ը՝ գիշերակացով։ Մեր աշակերտներն ու ուսուցիչներն այցելեցին Գետաշենի, Աքորու, Ծաղկավանի ու Բերքաբերի դպրոցներ։
Այս տարի բոլոր չորս ուղղություններին մասնակցեց մոտ 50 աշակերտ։ Հատկանշական է, որ Գետաշեն այցին մասնակցեցին նաև միջին դպրոցի աշակերտները։
Այբեցիները ներկայացրին նախագծեր ու գործնական աշխատանքներ թե՛ բնագիտական, թե՛ հումանիտար առարկաներից։
Ուշագրավն այն է, որ ծրագրի մաս կազմող առարկայական նախագծերի մշակման և նյութի մատուցման հիմնական պատասխանատվությունը կրում են աշակերտները, այլ խոսքով՝ ուսուցչի դերում հանդես են գալիս նրանք։ Աշակերտներին է տրվում հնարավորություն իրենց գիտելիքները կիսելու իրենց հասակակիցների հետ։
Ծաղկավան գյուղում աշակերտները մասնակցեցին նաև ռազմամարզական խաղերին։ Դրանք գյուղում ամենամյա են, իսկ այս տարի մեր 11-րդցիներից առաջին տեղը զբաղեցրեց Արա Հովհաննիսյանը, 2-րդ տեղը՝ Սթիվ Հակուփյանը։
Մինչ օրս «Այբապատում» նախագիծն իրականացվել է նաև Արցախում՝ Շուշիի, Վանքի, Քարվաճառի դպրոցներում, և Տավուշի մարզի Բերքաբեր, Ներքին Կարմիրաղբյուր ու Աչաջուր գյուղերի դպրոցներում։