«Այբ» դպրոցի թիմը հաղթել է Diamond Challenge Armenia մրցույթում

«Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի «Այբպլաստ» նախագիծը հաղթել է Diamond Challenge Armenia մրցույթում։ «Այբպլաստ» նախագծի շրջանակում մեր աշակերտները փորձել են ստանալ բիոպլաստիկներ՝ օգտագործելով բնական հումք:

Հաղթելով մրցույթում՝ նրանք արժանացել են 1000 դոլար մրցանակի։ Բացի դրանից, թիմն ապրիլին կմեկնի ԱՄՆ՝ Դելավերի համալսարանում մասնակցելու մրցույթի համաշխարհային եզրափակիչին։

«Այբպլաստ» նախագծի նպատակը շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի էկոլոգիապես մաքուր փոխարինողներ ստանալն է՝ քիմիայի գիտելիքների կիրառմամբ։ Աշակերտները հետազոտել են և առաջարկել թերմոպլաստիկ օսլայի հիմքի վրա ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ` նավթային հումքի վրա հիմնված առկա պլաստիկների փոխարեն։

Նախագծային ուսումնառությունը (project-based learning) «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ: Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։ Նախագծերի իրականացման արդյունքում զարգանում են աշակերտների մի շարք կարևորագույն հմտություններ, ինչպիսին են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, առաջնահերթությունների կարգավորումը և այլն:

Tweets by AybSchool
>