Քննական լարված շրջանից առաջ՝ մայիսի 8-ն «Այբ» դպրոցում ավելի քան սպասված էր։ Այդ օրը տեղի ունեցած միջոցառումը հետաքրքիր հնարավորություն էր գալիք քննություններից առաջ լիցքաթափվելու և արվեստների խմբերի ծավալած գործունեությամբ լեցուն տարին ամփոփելու համար:
Ներկաները ոչ միայն վայելեցին ամենամյա հաշվետու համերգը, այլև դպրոցի տնօրինության կողմից ստացան պատվոգրեր, հավաստագրեր և շնորհակալագրեր:
Այբեցիներն այս տարի էլ չդադարեցին զարմացնել իրենց տաղանդներով: Այս տարի նույնպես անպակաս էին սիրելի հայկական ազգագրական պարերը, ինչպես նաև աղջիկների և տղաների երգչախմբերի՝ կոմիտասյան երգերի կատարումները:
Հիանալի ելույթների միջև դադարները չէին ձանձրացնում ներկաներին, քանի որ այդ ընթացքում դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը պատվոգրեր և շնորհակալագրեր էր հանձնում ամբողջ տարվա ընթացքում տարբեր ոլորտներում ամենաակտիվ աշակերտներին և ծնողներին՝ ամենահոգատարներին, «Այբ»-ի 8 սկզբունքներին ամենահամապատասխաններին, օլիմպիադաներում ակտիվ մասնակցություն ցուցաբերածներին, ամենասպորտայիններին և այսպես շարունակ: Բոլորին միավորում էր մեկ ընդհանուր գաղափար` աշխատել և չհանձնվել: Այս միջոցառումը լավ շահադրդեց բոլորին ավելիին ձգտելու, և թեև այս տարին ամփոփված է, սակայն «Այբ» համայնքը չի դադարելու աշխատել: Բոլորս սպասում ենք աշակերտների նորանոր հաջողություններին:
Եվա Սեյլանյան
(12-րդ դասարան)