«Այբ» դպրոցը հիմնել է խորհրդատվական խորհուրդ

«Այբ» դպրոցը հիմնել է խորհրդատվական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են հեղինակավոր անձինք, որոնց գիտելիքը և փորձառությունն ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ՝ կրթությունից և բարձր տեխնոլոգիաներից մինչև զանգվածային լրատվություն ու մարդասիրություն։ Խորհրդատվական խորհրդի հիմնական գործառույթը դպրոցի ռազմավարական ծրագրերի վերաբերյալ խորհուրդներ և առաջարկներ տրամադրելն է: Խորհրդի ստեղծումն արտացոլում է դպրոցի կատարած ներդրումը կրթության նորարարության ոլորտում և ամրագրում համաշխարհային կրթության զարգացումներին համընթաց քայլելու և Հայաստանի երեխաներին լավագույն կրթության հնարավորություն ընձեռելու «Այբ» դպրոցի տեսլականը:

Խորհրդատվական խորհրդի կազմը

Նուբար Աֆեյան (Flagship Ventures, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ)

Ռուբեն Վարդանյան (IDeA հիմնադրամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն)

Դավիդ Յան (ABBYY, iiko)

Թիմ Օութս (Քեմբրիջի համալսարան)

Փատրիկ Դերհամ (ՄԲ)

Մայքլ Ռեյս (Լոնդոնի համալսարանական քոլեջ)

Լարա Սեդրակյան (News Deeply, Bloomberg TV, ABC News)

Մեսրոպ քհն. Արամյան («Այբ» կրթական հիմնադրամ)

«Այբ» դպրոցի մասին

«Այբ» դպրոցը սովորելու նորարարական միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական ծրագրեր և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման:

«Այբ» դպրոցի առաքելությունն է՝ կրթել և դաստիարակել ուսյալ, պատասխանատու և ապագա կերտող երիտասարդների սերունդներ:

Դպրոցը բացվել է 2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ կրթության գաղափարի շուրջ միավորված հարյուրավոր բարերարների ֆինանսական աջակցությամբ:

Tweets by AybSchool
>