«Հայաստան» դահլիճը լի էր ազգային ոգով, անսպառ էներգիայով և բարձր տրամադրությամբ: «Այբ» դպրոցի 12-րդ դասարանցիները ներկայացրին պարախմբի հաշվետու համերգ։ Այն առանձնահատուկ էր, քանի որ նման համերգով աշակերտներն առաջին անգամ էին հանդես գալիս:
Համերգի սկզբից մինչև վերջ նրանք հանդիսատեսին հիացրին խրոխտ ու ոգեշնչող ազգային պարերով՝ նոր շունչ հաղորդելով դրանց։ Պարերն առանձնանում էին իրենց յուրահատուկ բեմադրություններով, որոնց հեղինակը Գագիկ Գինոսյանն է։ Նրա խոսքով՝ աշակերտների՝ համերգով ներկայանալու առաջարկը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել, ու որոշ պարեր առաջին անգամ բեմադրվել են հենց «Այբ» դպրոցի աշակերտների համար։ Աշակերտների հետ աշխատել և իր հսկայական ներդրումն է ունեցել նաև Անի Գինոսյանը։
Մինչև պարելը աշակերտները նաև ներկայացրին հակիրճ ուսուցողական նկարագրություն յուրաքանչյուր պարի մասին, որոնցից մի քանիսին կարող եք ծանոթանալ նաև ինքներդ։
Շավալի
«Շավալին» Կարնո հին շորորաձև հարսանեկան երգ-պար է։ Այն հատկապես հիշատակվում է որպես խնամու պար։ Ջավախքում և Ախալցխայում վերաբնակեցված կարնեցի հայերի շրջանում պահպանված է ավանդույթ, ըստ որի հարսանիքի ընթացքում թամադան հրամայում է հարսանքավորներին ազատել պարահրապարակը, որպեսզի խնամիները պարեն։ Սրանից կարելի է ենթադրել, որ այն հարսի բարեկամների պարն է եղել։ Այն դասվում է շորորաձև պարերի շարքին։ Նման պարերը նախկին տոտեմների, տնային աստվածությունների և ընտանիքի նախնիների պաշտամունքի մնացորդներ են. դա են հաստատում պարում առկա ձախ գնացող քայլերը և շորորալը:
Մածուն եմ դրել վըր դարուն
Այս պարը Վասպուրականի պարերից է, որը պարում են միայն իգական սեռի ներկայացուցիչները: Այն ծիսական պար է, հավանաբար ուղղված ջրի պաշտամունքին: Բացի հարսանեկան ծեսերից՝ «Մածուն եմ դրել վըր դարուն» պարը օջախի բոլոր կանայք պարել են նաև այն ժամանակ, երբ մածունը դրել են բարձր տեղ։ «Դար» բառը հենց բարձր իմաստն ունի։
Իշխանաց պար
Ի սկզբանե Իշխանաց պարը պատկանել է այն պարերի թվին, որ պարել են միայն տաճարներում և մեհյաններում. պարը կարող էին ներկայացնել միայն իշխանական և բարձր հոգևոր դասի ներկայացուցիչները: Իշխանաց պարը իր էությամբ հզորների և ուժեղների պար է՝ առյուծների պար, որը ներառում է Առյուծ Մհերի կամ Տիրոջ, այսինքն` Իշխանի գաղափարը: Մինչև 19-20-րդ դարեր Իշխանաց պարը հնարավորություն են ունեցել պարելու միայն իշխանազարմ մարդիկ, իսկ հասարակ մահկանացուներին չի թույլատրվել։ Պարել են ուխտագնացությունների, տոների, խնջույքների ժամանակ։
Սղերդի քոչարի
Սղերդի քոչարին խրոխտ և ոգեղեն պար է։ Պահպանված քոչարիներից միակն է, որն ունի վեր խոյացող շարժում։ Դա է թերևս նրա առանձնահատկությունը՝ խոյահարող շարժումը։ Պարն ամբողջովին վերարտադրում է խոյերի մենամարտի տեսարանը՝ տապալելով ախոյանին և տոնելով սեփական հաղթանակը։
Շատախի ռազմապար
Շատախի ռազմապարը ծագում է համանուն տարածքից, որը երկու կողմից շրջապատված էր Առնոս և Արտոս լեռներից և եղել է դժվարահաս նույնիսկ սայլերի համար։ Շատախի ռազմապարը ի սկզբանե ենթադրաբար եղել է Շատախի շրջանի լորկե պարը, որը, թռչունների պաշտամունքից ծնված, նաև որսորդական պար է։ Պարի վայրիվերումներով շարժումները նպատակ ունեին լորերը թռցնելու և որսալու։
Քերծի
Կան ենթադրություններ, թե այն որսորդական պար է, որը մեկ անգամ ևս ապացուցում է պարի ռազմական բնույթ ունենալը: Քերծիի որսորդական պար լինելու օգտին են խոսում Վասպուրականի Ոզմ գավառից գաղթած և Արտաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները: Նրանցից գրառված պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կատարվում են կիսակքանիստ, որը համեմատվում էր որսի գնացողի գաղտագողի շարժումների հետ: Պարի անվանումն առաջացել է գյուղի անունից:
Նարե Կուրղինյան
12-րդ դասարան
Կիսվել