Այբեցիների երկօրյա առօրյան Զառիթափում

Այբեցիները մեկնել էին Վայոց ձորի Զառիթափ համայնք: Ավագ դպրոցի աշակերտները «Այբապատում» նախագծի շրջանակում դասընթացներ էին պատրաստել Զառիթափի դպրոցականների համար, նաև նոր ծանոթություններ ու ընկերական հարաբերություններ հաստատվեցին:

Զառիթափում մնացինք 2 օր և հասցրինք հարմարվել ու սիրել գյուղական միջավայրը և առօրյան: Մեզ ուղեկցեցին գյուղի սրբավայր, հանդիպեցինք մեղվապահներին և եղանք գյուղի էկո-ջերմոցում: Զառիթափցիներն անչափ ուրախ էին հյուրընկալելու «Այբ» դպրոցի աշակերտներին. յուրաքանչյուրը շտապում էր հետաքրքրվելու, թե այբեցիներն ինչ առարկա են վարելու գյուղի դպրոցականների համար:

«Այբ» դպրոցի աշակերտները դասեր էին պատրաստել տեսողական արվեստ, կենսաբանություն, քիմիա, երկրաչափություն և անգլերեն առարկաներից: Առարկաները դասավանդվեցին 7-11-րդ դասարանցիներին: Դասերն այնքան գոհացրին աշակերտներին, որ դպրոցն առաջարկեց 2-րդ օրը կրկնել նույն ծրագիրը այլ դասարանների համար: Մեր աշակերտները նույնպես մասնակցեցին Զառիթափի դպրոցի դասերին: Նրանք եղան կենսաբանության, մաթեմատիկայի, քիմիայի, ռուսաց լեզվի և ֆրանսերենի դասերին, նույնիսկ հասցրին սպորտային խաղեր խաղալ:

Ինչպես միշտ, հրաժեշտի պահը լի էր գրկախառնություններով և նույնիսկ արցունքներով: Զառիթափից այբեցիները վերադարձան հագեցած նոր տպավորություններով և նոր հուշերով:

Մարիա Ղուկասյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>