Ինչու կարդալ Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» հուշագրությունը

Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է, որի նշանաբանն է՝ «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»։

Հայկական թատրոնը համարվում է աշխարհի ամենահին թատրոններից մեկը, ինչպես հունական և հռոմեական թատրոնները։ Ըստ հույն պատմաբանների՝ հայերը թատրոն են ունեցել դեռ Տիգրան Մեծի ժամանակներից, և ինչպես մյուս հին թատրոններում, այնպես էլ հայկականում սկզբում եղել են երկու ժանրի ներկայացումներ՝ ողբերգություններ և կատակերգություններ։ Ավելին՝ առաջին հայկական ողբերգությունները գրել և բեմադրվել են Տիգրանի որդու՝ Արտավազդի կողմից։ Ու այս ամենը՝ դեռ մ.թ.ա. I դարում։

Ունենալով այսքան հին պատմություն՝ հայկական թատրոնն ունեցել է մի շարք ազդեցիկ և նշանավոր ներկայացուցիչներ։

Հայ թատրոնի ճանաչված ու ազդեցիկ դեմքերից է Վահրամ Փափազյանը։ Նախ՝ մի քանի փաստ նրա կենսագրությունից։

Փափազյանը ծնվել է Կոստանդնուպոլսում 1888 թվականին։ Երկու տարի Վենետիկի հայկական վարժարանում սովորելուց հետո ընդունվել է Միլանի Գեղարվեստի ակադեմիա, որտեղ երեք տարի սովորելու ընթացքում հասցրել է շփվել ժամանակի իտալական թատրոնի ամենահայտնի ներկայացուցիչների հետ և նույնիսկ հասցրել հանդես գալ նրանց խմբերում։ Ուսումն ավարտելուց հետո՝ 1911 թվականին, մեկնել է ծննդավայր, որտեղ իրեն առաջին անգամ փորձել է Օթելլոյի դերում, որն էլ դարձել է նրա կարիերայի ամենահաջողված դերը։ Պոլսում հաջողություններից հետո Փափազյանը ելույթներ է ունենում Հունաստանում, Թրակիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում, Վրաստանում և այլուր։ 1928 թվականին Օթելլոյի նրա հոյակապ կերպարը ներկայացվում է Մոսկվայի Մեծ թատրոնում, իսկ 1932-ին՝ Փարիզի «Օդեոն» թատրոնում։ 1932-1954 թվականներին Փափազյանը բնակություն է հաստատում Սանկտ Պետերբուրգում, իսկ 1954-ին հանգրվանում Երևանում։ Այս ժամանակահատվածում նա հասցնում է արժանանալ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման և դառնալ ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Մինչ օրս Փափազյանը համարվում է Խորհրդային Միության ամենալավ շեքսպիրյան դերասանը (մասնավորապես Օթելլոյի)։

Փափազյանն իմ ամենասիրելի հայ դերասաններից է։ Նրան ճանաչելու և սիրելու գործում մեծ դեր է խաղացել «Հետադարձ հայացք» հուշագրությունը, որում Փափազյանը զավեշտալի կերպով ներկայացնում է իր կյանքն ու գործունեությունը։ Ահա գրքից մի հատված, որում Փափազյանը զավեշտալի կերպով ներկայացնում է իր առաջին ամուսնության մասին։

1911 թվականին Պոլսում Փափազյանի թատերախմբում ներգրավված էին Աղավնի և Ադրինե Դերձակյան քույրերը:

«Եվ եղավ մի օր, երբ երկու քույրերը, որոնց մասնակցությամբ էր պայմանավորված մեր թատրոնի գոյությունը, անկարող եղան դիմադրել մի թյուրք թատրոնի կողմից իրենց առաջարկված շլացուցիչ պայմաններին: Մեր թատրոնը նորից հասավ խափանման նախօրյակին: Փակել թատրոնը, ցրել խումբը, մի ամբողջ տարվա իմ աշխատանքը համարել չեղյալ, իմ ծննդավայրում հայաշունչ թատրոն ստեղծելու իմ ոսկե երազը՝ լոկ բանդագուշանք. ահա ինչը չէի կարող հանդուրժել: ...Սաստիկ ջերմախտից գալարվում էի, երբ առավոտյան Սարգիս էֆենդին հորաքրոջս եւ մեր դերասաններից մի երկուսի հետ այցի եկան ինձ՝ ...մի առաջարկով: Ասում են՝ կյանքիս էջերում մեղքերս շատ են, բայց դրանցից ոչ մեկի համար այնքան չեմ ցավել, որքան այս մեկիս: Առաջարկությունը, որով եկել էին մոտս, ինձ դերասանուհիներից մեկն ու մեկի հետ ամուսնացնելն էր և մեր ամուսնությամբ երկուսին (Աղավնի և Ադրինե քույրերին) մեկտեղ վերջնականապես թատրոնին կապելը: Ամուսնանալ մեծ քրոջ՝ Աղավնու հետ: Իմ առարկությունը, որ օրիորդը առնվազն տասնհինգ տարով մեծ էր ինձնից, համոզիչ չեղավ: Դեռ հույս ունեի, որ ինքը՝ Աղավնին, կհասկանա այդպիսի քայլի անհեթեթությունը և, որպես տարեց կին, կհրաժարվի, սակայն մեծ եղավ զարմանքս, երբ հաջորդ օրը երկու քույրերը վերադարձան թատրոն, որից հեռացել էին մի քանի օր առաջ, և նստեցին փորձի: Մի շաբաթ անց, առանց աղմուկի, գողնիգող, ծնողներիցս ծածուկ, բոլորը թափվեցին գլխիս ու ինձ ամուսնացրին...»։

Կարծում եմ, որ գիրքը չափազանց հետաքրքիր ու զավեշտալի է, և հնարավորություն է տալիս մոտիկից ծանոթանալու հայկական թատրոնի շեքսպիրյան վարպետին։ Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ հուշագրությունը, քանի որ այն ոչ միայն ծանոթացնում է հայկական թատերական մշակույթին, այլև ոգեշնչում ապրելու հնարավորինս հետաքրքիր, խենթ և արկածներով լի կյանք։

Դավիթ Բաղդասարյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>