Ինչո՞ւ «Այբ»․ պատասխանում են աշակերտները, ուսուցիչները, շրջանավարտներն ու ծնողները

«Որպես նախկին դիմորդի՝ ինձ ամենից շատ երևի զարմացրել է դպրոցում տիրող անմիջական, ջերմ ու գունավոր միջավայրը, որտեղ չկան տարիքային կամ էլ դասարանային բաժանումներ, և որտեղ ամբողջովին ազատ հարաբերություններ են ուսուցիչների և աշակերտների, ինչպես նաև համայնքի մյուս բոլոր անդամների միջև»։

«Իսկ ինձ, կհամարձակվեմ ասել, հատկապես զարմացրել են դպրոցի ընձեռած անհավանական բազմազանությունն ու տարբեր ոլորտներում հմտություններդ զարգացնելու հնարավորությունը՝ թե՛ ակադեմիական և թե՛ ոչ ակադեմիական ճյուղերում, լինի դա նախագծային ուսման, ամենօրյա դասերի, թե մասնագիտական կողմնորոշման միջոցով»։

Հենց այսպես պատասխանեցին «Այբ» ավագ դպրոցի աշակերտներ Մանեն ու Սարգիսը «Ինչու «Այբ»․ հայացք ներսից» միջոցառման ընթացքում այն հարցին, թե ինչն է, որ ամենաշատը պիտի զարմացնի «Այբ»–ում դպրոցի դիմորդին, աշակերտին և առհասարակ՝ այբական միջավայրում հայտնված ցանկացածին։

Եթե դուք երբևէ ցանկացել եք «ծիկրակել «Այբ»–ի պատուհաններից» ներս՝ փորձելով որսալ վերջինիս առանձնահատկությունները կամ էլ գտնել «ինչու»–ների պատասխանները, ապա «Ինչու «Այբ»․ հայացք ներսից» միջոցառումը հենց ձեզ համար է, քանի որ դպրոցը բացել էր ոչ միայն իր վարագույրները, այլև դռները՝ այսպիսով հնարավորություն տալով ծանոթանալու դպրոցին, շոշափելու այբական կյանքը տարբեր դիտանկյուններից և այս անգամ հայացք նետելու ներսից։ Առցանց հարթակում անցկացված հանդիպման բանախոսները «Այբ» համայնքի բաղկացուցիչ կարևոր օղակներից էին՝ աշակերտական, ծնողական, ուսուցչական և շրջանավարտների՝ նպատակ ունենալով հնարավորինս համապարփակ և բազմաբնույթ պատկերացում փոխանցելու դպրոցի մասին և լուսավորելու ու բացահայտելու անծանոթներին հետաքրքրող «ինչու»–ների ու մի շարք այլ հարցերի մութ անկյունները։ Ինչո՞ւ ընտրել հենց «Այբ»-ը, ինչո՞վ է այն տարբերվում մյուս կրթական հաստատություններից, ի՞նչ կարելի է ստանալ և տալ դպրոցում սովորելով, և շատ ավելին․ հենց նմանատիպ հարցեր էին ընկած միջոցառման հիմքում, իսկ բանախոսների՝ համայնքի տարբեր օղակներից լինելու հանգամանքը թույլ էր տալիս միևնույն հարցը մի քանի տեսանկյունից դիտարկել և բացահայտել։ Հանդիպման ընթացքում բանախոսները պատասխանեցին նաև դիտողների հարցերին, որոնք վերաբերում էին թե կրթական գործընթացին, թե միջավայրին, թե դպրոցական առօրյային և էլի բազմապիսի «թե»–երի՝ այս կերպ հնարավորինս խորությամբ բացահայտելով, բանախոսների որակմամբ, գունավոր, հոգատար և առաջադեմ այս անձնավորության՝ «Այբ»–ի բնավորությունն ու խառնվածքը։ Այսպիսով, եթե դու էլ ես ուզում ծանոթանալ այս վառ անհատականության հետ, բացահայտել նրա առանձնահատկությունները և, ինչու ոչ, դառնալ ընկերներից մեկը՝ միանալով «Այբ»–ի մեծ ու ջերմ համայնքին, ապա կարող ես հետևել այս հղմանը՝ ծանոթանալով հանդիպման ձայնագրությանը։

Լանա Մելիքյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>