Հերոսամարտ 2020․ Նոր գրվող պատմություն

Սեպտեմբերի 27-ին մենք արթնացանք պատերազմող երկրում։ Մեր խաղաղ անդորրը խաթարվեց։ Թշնամից հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Հայոց բանակն անսասան է։ Հայրենիքի սահմանները պաշտպանող յուրաքանչյուր զինվոր հերոս է՝ ոմանք, ցավոք, հետմահու, ոմանք էլ՝ դիրքերում շարունակելով ծառայությունը: Նոր գրվող այս հերոսամարտն ունի աննախադեպ սխրանքներ իրականացնող հերոսներ։

Նախ պետք է նշեմ Արցախի նախագահ և գերագույն հրամանատար Արայիկ Հարությունյանի դերը: Նա իսկապես իրեն դրսևորում է առաջնորդի պես և իր հետևից տանում մարտիկներին և ողջ հայ ժողովրդին: Այս օրերին նա աչքի է ընկնում հայի ոգուն բնորոշ վարքագծով: Նախագահի մարտական ոգին և խաղաղ ժպիտը հաղորդում են բոլորիս հաղթական կամք և վստահություն ապագայի հանդեպ։ Սակայն նրա գործն անհնար է առանց հայ զինվորների, որոնք աչքի են ընկնում իրենց մարտական հերոսություններով:

Սա մի դյուցազնավեպ է, որի ամեն դրվագը գերմարդկային լարման և անկոտրում ոգու դրսևորում է։ Ճանաչենք ու հիշենք նրանց անուն առ անուն։

Արցախի ազգային հերոս Կարեն Ջալավյանը՝ «Եղնիկների» հրամանատարը, հայրենիքի իսկական նվիրյալ է: Նրա շնորհիվ մեր զինվորները ոչ միայն կարողացել են ճիշտ պաշտպանվել, այլև անցել են հակահարձակման և գրավել նոր դիրքեր: Նա զինվորների համար երկրորդ հայր է:

«Հովազ 1» դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը, ճիշտ գնահատելով իրավիճակը, որոշում է կայացրել մարտնչող անձնակազմի հետ դիրք զբաղեցնել թաքստոցում: Նա թույլ է տվել, որ հակառակորդը ներթափանցի դիրքի տարածք: Սակայն այստեղ ևս, ճիշտ գնահատելով իրավիճակը, ճիշտ պահի հակահարձակվել է թշնամու վրա և, խուճապ առաջացնելով, կորուստ պատճառել նրան՝ ստիպելով ոմանց պարզապես խուճապահար փախուստի դիմել։

Դավիթ Առուշանյանը ցուցաբերել է մարտական խիզախություն: Նա ՀՄՄ-ով մարտի բռնվել և խոցել է հակառակորդի 4-ից ավելի զրահատեխնիկա և զգալի կենդանի ուժ: Սակայն նա մարտի ընթացքում վիրավորվել է մարտական մեքենայի խոցվելու արդյունքում: Ցուցաբերելով սառնասրտություն` մտել է այլ ՀՄՄ , շարունակել թեժ մարտերը մինչև վերջին արկը: Վերջացել է զինամթերքը, բայց նա ՉԻ ՀԵՌԱՑԵԼ մարտի դաշտից, այլ նստել է մեկ այլ ՀՄՄ և շարունակել մարտն այնքան ժամանակ, մինչև ստորաբաժանումը կարողացել է ավարտել մարտական խնդիրը։

ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ Հովիկ Ասատրյանը, ցուցաբերելով բացառիկ խիզախություն, ՀՄՄ-2-ով ներթափանցել է հակառակորդի թիկունք և խոցել 4 զրահատեխնիկա։

Դավիթ Լյովայի Գրիգորյանը հասցրել է Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ ու 1 միավոր ՀՄՄ, շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում:

Արեն Չոբանյանը հակառակորդի հարձակվողական գործողությունների ժամանակ խոցել է 4 զրահատեխնիկա և խոչընդոտել թշնամու տանկային ստորաբաժանումների առաջխաղացմանը:

Էդգար Էդվարդի Մարկոսյանը Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը: Ի դեպ, նա ընտանիքի անդամներին ասել էր, թե առաջնագծում չէ, բայց նախագահ Հարությունյանից ծնողներն իմացան Էդգարի հերոսության մասին։

Յուրա Հայկարամի Ալավերդյանը 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել:

Գնդապետ Սերգեյ Շաքարյանը արցախյան գոյամարտի առաջամարտիկներից է, կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ:

Շարքային Կարեն Ալեքսանյանը, դրսևորելով մարտական բարձր վարպետություն ու սառնասրտություն, կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վերջինիս զինակիցները՝ շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը, «Մարտական ծառայություն» մեդալների են ներկայացվել յուրաքանչյուրը երկուական ԱԹՍ խոցելու համար: «Պատերազմի աստվածներ» հակաօդայինների սխրանքները շարունակվում են:

Թշնամական 2 տանկ խոցելու համար մայոր Հայասեր Դալլաքյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի շքանշանների են ներկայացվել նաև կրտսեր սերժանտ Աշոտ Եսայանը՝ 2 տանկ ու 2 ավտոտեխնիկա, և կրտսեր սերժանտ Հրաչ Հայրապետյանը՝ հակառակորդի 2 տանկ խոցելու համար: Մայոր Միքայել Մովսիսյանն էլ «Արիության համար» մեդալի է արժանացել թշնամական զինուժին պատկանող 1 տանկ խոցելու համար․․․

Այս հերոսությունների շարքը շարունակելի է: Մենք կանգնած ենք մեր հողերի վրա շատ ամուր և անգամ մի թիզ չենք զիջի մեր թշնամուն: Մենք ողջ ազգով պետք է համախմբվենք այս պատմական պահին և կերտենք նոր հաղթական պաստմություն:

Որպես ապագա զինվոր՝ ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ, տղե՛րք։ Ինչպես հայտնի երգում է ասվում՝ «ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը՝ մեր սրտերում»։

ՓԱ՜ՌՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Արծրուն Ղալթախչյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>