«Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը և ակադեմիական տնօրեն Մերի Հովսեփյանը ավարտել են Լոնդոնի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի համատեղ մագիստրոսական ծրագիրը և ստացել «Կրթության կիրառական կառավարման և առաջնորդության» արվեստի մագիստրոսի դիպլոմ: Նրանք Լոնդոնում մասնակցեցին ավարտական հանդիսությանը և ստացան մագիստրոսական դիպլոմները:
Այցի շրջանակում Մերի Հովսեփյանն ու Աննա Ակոպյանը հյուրընկալվեցին Վեստմինստերյան դպրոցում և հանդիպեցին King's Scholars ծրագրի ղեկավարի հետ: Քննարկում ունեցան դպրոցի կրթական մոտեցումների և կրթական գործընթացների կառավարման թեմաներով: «Այբ»-ի տնօրենները փորձի փոխանակման նպատակով ներկայացրին «Այբ» դպրոցում կիրառվող մեթոդները: Մերի Հովսեփյանը և Աննա Ակոպյանը անցկացրին նաև դասալսումներ:
«Այբ» դպրոցի և Վեստմինստերյան դպրոցի համագործակցությունն արդեն երկարամյա պատմություն ունի: 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում «Այբ» ավագ դպրոցի 12-րդ դասարանի 8 աշակերտ պատմության ուսուցիչներ Լիլիթ Մինասյանի և Ջուլիետա Կճանյանի ուղեկցությամբ մեկնել էին Մեծ Բրիտանիա աշակերտական կոնֆերանսի շրջանակում ամփոփելու Վեստմինստերյան դպրոցի աշակերտների հետ իրականացրած նախագիծը: Բուն ծրագիրն իրականացվել է Ուելսի Հոուրդեն բնակավայրում գտնվող, ՄԹ նախկին վարչապետ, անվանի պետական գործիչ Ուիլյամ Գլադստոնի գրադարանի հետ համատեղ։ Նախագծի շրջանակում ստեղծված տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Ավելի վաղ՝ 2017 թվականին, «Այբ» կրթական հիմնադրամի հրավերով Հայաստան և «Այբ» էր այցելել Վեստմինստերյան դպրոցի տնօրեն Փատրիկ Դերհամը համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։
Լիահույս ենք, որ Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկը համարվող այս դպրոցի և «Այբ»-ի գործակցությունը հետկովիդյան շրջանում նոր հուն կմտնի, և համատեղ աշակերտական նոր նախագծեր կյանքի կկոչվեն:
Կիսվել