Երկրորդ վեբինարը վարեցին Հասարակագիտական առարկայախմբի պատմության ուսուցիչները։ Խոսնակներն էին Լիլիթ Մինասյանը, Հասարակագիտական առարկայախմբի ղեկավար, պ․գ․թ․, դոցենտ, պատմության ուսուցիչներ Վահագն Հակոբյանը, պ․գ․թ․, Սարգիս Բալդարյանը, պ․գ․թ․, Ջուլիետա Կճանյանը և Նինա Հայրապետյանը։
Առարկայախումբը նախ ներկայացրեց այն սկզբունքները, որոնց վրա հիմնված են Հայոց և համաշխարհային պատմության առարկայական ծրագրերը և ուսումնառությունը Այբ-ում՝ առարկայական (substantial knowlidge) և ընթացակարգային (procedural knowledge) գիտելքների հավասարակշիռ համադրությունը, այնուհետև կենտրոնացավ պատմական մտածողության կարևորագույն կոնցեպտի՝ պատճառականության ուսումնառության տեսական և գործնական կողմերի վրա։ Վեբինարի նպատակն էր ցույց տալ այս բարդ կոնցեպտի ուսումնառության արդյունավետ ձևեր, որոնք կիրառման համար չեն պահանջվում առանձնահատուկ պայմաններ և տեխնիկական համալրվածություն։
Ստորև կարող եք տեսնել վեբինարի սեղմ նկարագիրը, ինչպես նաև ցուցադրված սահիկաշարն ու գործիքները։
Պատմության ուսուցիչներ Նինա Հայրապետյանը և Սարգիս Բալդարյանը ներկայացրին ծառի մոդելի կիրառումը պատճառների ուսումնասիրման համար ավագ դպրոցում՝ վերոնշյալ թեմայի շրջանակում։ Մոդելը հնարավոր է կիրառել ինչպես պատճառների և հետևանքների դուրսբերման, դրանց միջև կապերի ու հարաբերությունների բացահայտման, այնպես էլ ավելի բարդ աշխատանքների՝ պատճառների և հետևանքների դասակարգման համար։
Ուսուցիչները տվյալ դասի համար կիրառել են Miro գործիքը, բայց ծառի մոդելը հնարավոր է կիրառել նաև ցանկացած այլ նմանատիպ գործիքով, ինչպես նաև՝ առանց դրանց։
Տե՛ս ծառի մոդելը․
Իսկ լրացված տարբերակը՝ այստեղ
Պատմության ուսուցիչ Վահագն Հակոբյանը ներկայացրեց ձկան մոդելի կիրառումը պատճառների ուսումնասիրման համար՝ վերոնշյալ թեմայի շրջանակում։ Այն ևս հնարավորություն է տալիս պատճառականության շուրջ տարբեր բարդության աշխատանքներ կազմակերպել։ Ուսուցիչը նաև նշեց հարցերի օրինակներ, որոնք կարող ենք օգտակար լինել ըստ կարևորության պատճառները դասակարգելիս։
Տե՛ս ձկան մոդելը․
Լիլիթ Մինասյանը և Ջուլիետտա Կճանյանը անդրադարձան պատճառականության ուսումնասիրմանը՝ համաշխարհային պատմության դասի օրինակով։ Ուսուցիչները աշխատանքային թերթիկներ, որոնց կիրառումը հնարավորություն է տալիս սովորողին ոչ միայն բացահայտել Բիսմարկի կնքած դաշինքներից յուրաքանչյուրի պատճառներն ու հետևանքները, այլև բացատրել, թե դաշինքներից յուրաքանչյուրի հետևանքները ինչպես են պատճառ հանդիսացել հաջորդ դաշինքի ձևավորման համար։ Ավելին, դրանք հնարավորություն են տալիս նախապատրաստել սովորողին շատ ավելի բարդ աշխատանքների կատարման՝ Դաշինքների համակարգի երկարաժամկետ և կարճաժամկետ հետևանքների վերլուծության, Բիսմարկի գործունեության, նրա ստեղծած դաշինքների համակարգի արդյունավետության գնահատման։
Ուսուցիչները ներկայացրին նաև ըստ կարևորության պատճառների դասակարգման «9 ադամանդ» և «9-մաս եռանկյունի» մոդելները և դրանց կիրառման հնարավոր ձևերը։ Ընդգծվեց նաև պաճառականության ուսումնասիրությանը զուգահեռ սովորողների համապատասխան բառապաշարը զարգացնելու կարևորությունը՝ որպես նրանց մտածական հմտությունների զարգացման միջոց։
Աշխատանքային թերթիկները կարող եք գտնել այստեղ՝
Վեբինարի սահիկաշարը՝ այստեղ
Կիսվել