Հեռավար ուսուցման բնութագիր և առանձնահատկություններ, օգտագործվող գործիքակազմ, խնդիրներ և լուծումներ․ մեր սիրելի ուսուցիչներն ահա այս թեմաներով կազմակերպեցին 3 վեբինար, այսինքն՝ ուղիղ եթերում կիսեցին մեզ հետ իրենց փորձը, տպավորություններն ու հետաքրքիր մտքերը։ Այժմ հերթը մերն է, սիրելի աշակերտներ, պատմելու մեր «դպրոցական» օրերի, դժվարությունների և առավելությունների, հետաքրքիր հնարավորությունների և մեզ հուզող այլ հարցերի մասին։ Այսպիսով՝ ապրիլի 11-ին՝ ժամը 14։00-ին, կլինի առաջին աշակերտական վեբինարը, որը կվարեն Էլլա Ավագյանը, Վահե Դաբաղյանը, Էրիկ Բադալյանը և ես՝ Մերի Ղուլյանս։
Իսկ ի՞նչ թեմաներ ենք շոշափելու այդ ընթացքում՝ կհարցնեք դուք։ Եթե ուսուցիչները ներկայացրին հեռահար կրթությունն իրենց աչքերով, ապա իրատեսական է այն դիտարկել նաև աշակերտի տեսանկյունից՝ հաշվի առնելով մեր կարծիքը օրապլանի, արդյունավետության և ուրիշ խնդիրների մասին։ Բացի դրանից, վեբինարի ընթացքում ես կքննարկեմ մի կարևոր հարց, որը վերջերս անհանգստացնում էր շատերիս. հասարակական աշխատանք։ Ինչպես կատարել հանրօգուտ աշխատանք՝ առանց տնից դուրս գալու։ Առաջարկում եմ կարանտինը դիտարկել որպես ոչ թե խոչընդոտ, այլ հնարավորություն։ Ինչպե՞ս։ Դրա համար շատ մեթոդներ կան, ինչպես «Այբ»-ի հասարակական թիմերում, այնպես էլ դպրոցից դուրս՝ այլ նախագծերում։ Հետաքրքրե՞ց։ Ուրեմն չմոռանաս ապրիլի 11-ին՝ ժամը 14։00-ին, միանալ մեր ուղիղ եթերին, որի ընթացքում այս ամենի մասին մանրամասն կպատմեմ և կներկայացնեմ իմ փորձը։
Մերի Ղուլյան
Կիսվել