Հաղթաթեյ․ եղեգնաձորցի երիտասարդների օրինակելի նախաձեռնությունը.

Հաղթանակ թեյով կամ հաղթանակի թեյ, պարզապես «Հաղթաթեյը» երեք եղեգնաձորցի դեռահասների՝ Անիի, Սեդայի և Սիլվայի նախաձեռնությունն է: Աղջիկներն իրենց կամավոր ընկերների հետ հոկտեմբերի 30-ից Եղեգնաձորի կենտրոնում վաճառում են թեյ, նաև սուրճ ու քաղցրավենիք՝ ստացված հասույթը հիմնադրամ փոխանցելու և սահմանին կանգնած մեր զինվորներին օգնելու նպատակով:

Աղջիկները նշեցին, որ երկար են մտածել, թե ինչ նախաձեռնությամբ կարելի է իրենց ներդրումն ունենալ զինվորներին օգնելու՝ թիկունքի կարևոր գործում: Մտածել են խոտաբույսեր կամ չորամրգեր վաճառել: Սակայն Անիի առաջարկով ի վերջո որոշել են խոտաբույսերով տաք թեյ վաճառել և հենց առաջին օրվանից գործի են անցել:

«Հաղթաթեյ» անունն ընտրվել է պատահական, բայց շատ տեղին։ «Մեր առաքելությունը ոչ միայն գումար հավաքելն ու հիմնադրամ փոխանցելն է, այլև այն, որ մարդկանց ևս մեկ անգամ վստահություն ներշնչենք, որ հաղթելու ենք, որովհետև ունենք շատ ամուր սահման, շատ ամուր թիկունք ու չունենք ոչ մի նախադրյալ չհաղթելու համա»,- նշեց Սեդան: «Ունեինք մտավախություն, որ նախաձեռնությունը բավարար հաջողության չի հասնի և չի արդարացնի իրեն»,- նշեցին աղջիկները: Սակայն հենց առաջին օրը հավաքվեց 70 հազար դրամ, ինչը նպաստեց, որ նրանք ավելի մեծ եռանդով շարունակեն ջերմացնող թեյի վաճառքն ու բոլորին ոգեշնչող նախաձեռնությունը: Այն սիրվեց ու գնահատվեց եղեգնաձորցիների կողմից, արժանացավ ժպիտների ու բարի խոսքերի: Շատ են եղել մարդիկ, ովքեր թեյի կամ սուրճի համար վճարել են նախատեսված 300 դրամից ավելի շատ:

10 օր տևած նախաձեռնության արդյունքում աղջիկները հավաքել են մոտ 730 հազար դրամ, որը շուտով փոխանցվելու է հիմնադրամ:

Հեղինե Ավագյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>