Վերջին զանգ 2021․ դպրոցն ավարտում է 9-րդ սերունդը

Հնչեց «Այբ»-ի 9-րդ սերնդի 49 աշակերտների վերջին զանգը: Ամիսներ տևած քննարկումներ, երկարատև նախապատրաստական աշխատանքներ, համաձայնություններ և տարակարծություններ, համատեղ ուժերով գրված սցենար և մի ամբողջ սերունդ` այդքան պատրաստ Վերջին զանգի միջոցառմանը, սակայն ոչ՝ ավարտելուն:

Միշտ մտածում էինք` այնքան ժամանակ կա, ամեն ինչ դեռ առջևում է, սակայն երբեք չէինք պատկերացնում, թե որքան մոտ է հրաժեշտի պահը և թե ինչքան արագ է անցել այն ժամանակը, որը մենք այդքան գերագնահատում էինք: Համավարակի պատճառով գրեթե մեկ տարվա բաժանումը խլեց մեզանից շատ մեծ ժամանակ` լիարժեք դպրոցական առօրյա վայելելու և այբական կյանքի քաղցրությունն ապրելու համար, սակայն այդ հեռավար ուսուցման ընթացքը ստիպեց մեզ է՛լ ավելի արժևորել դպրոցն ու մեր ընկերներին և լավագույնս պատրաստվել Վերջին զանգին` մեր այս փոքրիկ, բայց գեղեցիկ պատմությունն ամփոփելու և բոլորին պատմելու համար:

Այսքան բազմազան և այսքան տարբերվող սերնդին անհրաժեշտ էր միջոցառման այնպիսի մի լիարժեք սցենար, որը կկարողանար անդրադառնալ բոլորին և ամեն ինչին՝ աշակերտական հոգեբանությունից մինչև ուսուցչական զավեշտալի կատակներ, ազգային պարեր և մեր սերնդի կյանքը ներկայացնող դրվագներ: Բոլորի համախմբված աշխատանքի ու ջանքերի միջոցով հնարավոր դարձավ ստանալ լավագույնը:

Ավարտական և ընդունելության քննությունների այս բարդ շրջանում դժվար էր գտնել ժամանակ և կազմակերպել միջոցառման փորձեր և անհրաժեշտ նկարահանումներ, սակայն անգամ այս դժվարություններն ու երբեմն տեղի տվող հույզերը մեզ չխանգարեցին կազմակերպել մեր տոնն ու վայելել օրվա հերոսը լինելու պատիվն ու հնարավորությունը: Վերջին զանգն է՛լ ավելի մոտեցրեց մեզ: Երկարատև փորձերը, կատակներն ու ջերմ մթնոլորտը ստեղծեցին նոր հուշեր և դարձան մեր դպրոցական պատմության մի մասնիկը:

Եվ ահա եկավ Վերջին զանգի օրը. գեղեցիկ և երջանիկ աշակերտներ, հպարտ ծնողներ, հուզված ուսուցիչներ, մի խոսքով՝ այբական գունավոր տոն, միջոցառում և ապա երեկույթ: «Այբ»-ի իններորդ սերունդն ամփոփեց 2020-2021 ուստարին:

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել դպրոցի ողջ անձնակազմին միշտ մեր կողքին լինելու, օգնելու, ընդառաջելու և մեր ընկերը լինելու համար: Մի՛ սպասեք բաժանման խոսքերի, քանի որ մենք չենք հեռանում, մենք գնում ենք վերադառնալու նպատակով: Դե ի՛նչ, առա՛յժմ, սիրելի՛ «Այբ» ընտանիք:

Սիլվի Գևորգյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>