Նախ հյուրընկալ թիմը փոքրիկ երգիչներին ծանոթացրեց դպրոցին, այց կազմակերպեց ռոբոտիկայի լաբորատորիա, որը շատ տպավորեց հյուրերին, այնուհետև «Այբ»-ի աշակերտների հետ միասին անցկացվեց հայկական քոչարիի վարպետության դաս։ Հանդիպման ավարտին «Հայաստան» դահլիճում ելույթ ունեցան «Այբ»-ի աղջիկների և Վիեննայի տղաների երգչախմբերը, իսկ ելույթները եզրափակվեցին երկու երգչախմբերի՝ «Էրեբունի-Երևան» ստեղծագործության համատեղ կատարմամբ։
Մեզ հետ զրույցում տղաներն անկեղծացան՝ փոխանցելով այբական միջավայրից ստացած տպավորությունները։ Խմբի ամենափոքր երգիչ 11-ամյա Հանկիին ամենից շատ տպավորել էր «Այբ»-ի գույնզգույն միջավայրն ու սահուղիների առկայությունը, իսկ 13-ամյա Ալեքսանդրը տպավորված էր «Այբ»-ի կրթական համակարգով․ «Այստեղ շատ հաճելի է և տպավորիչ։ Մեր դպրոցում չենք կարող ընտրել, թե ինչ ենք ցանկանում սովորել, մինչդեռ այստեղ սովորելը զվարճալի է և հետաքրքիր»։
Խմբավար Օլիվեր Շտեքի հաղորդմամբ՝ երգչախմբում աշխարհի տարբեր անկյուններից ներգրավված տասից տասնչորս տարեկան տաղանդավոր տղաներ են, որոնք ընտրվել են լսումների միջոցով։
Հավելենք, որ Վիեննայի տղաների աշխարհահռչակ երգչախումբը Երևան էր այցելել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում և հոկտեմբերի 4-ին համերգային ծրագրով ելույթ ունեցավ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։
Վիեննայի տղաների երգչախումբը ստեղծվել է 1948 թվականին՝ Մաքսիմիլիանոս Առաջին կայսեր հրամանով։ Երգչախմբի կազմում եղել են այնպիսի հանճարներ, ինչպիսին են Հայդն եղբայրները և Շուբերտը։
Սերգեյ Բադալյան
12-րդ դասարան