10-րդ սերնդի աշակերտների ուխտագնացությունը Վայոց ձոր

Սուրբ Խաչ, Խաչվերաց, Սբխեչ․․․ Տաղավար հինգ մեծ տոներից վերջինը թերևս շատ անուններ ունի, սակայն բոլորի արմատն էլ քրիստոնեության խորհրդանիշն է՝ խաչը։ Այս տարի Տիրոջ խաչափայտի՝ գերությունից ազատմանը նվիրված տոնը նշվեց սեպտեմբերի 12-ին։ Այս առթիվ «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն ուղևորվեցին Վայոց ձոր՝ ուխտագնացության նպատակով։

Վայոց ձորում կան մոտ 3100 սրբավայրեր, արվարձաններ, տեսարժան վայրեր, որոնցից մի քանիսն այբեցիներն այցելեցին։ Ճանապարհորդության առաջին նշանակետը միջնադարյան բարձրաքանդակներով զարդարված Թանահատի վանքն էր։ Ենթադրվում է, որ հենց այս վանքում է եղել Գլաձորի համալսարանը։ Այնուհետև ուղևորվեցինք Արկազի Սբ Խաչ եկեղեցի, որտեղ մասնակցեցինք սուրբ պատարագին։ Ավանդույթի համաձայն՝ եկեղեցու բակում բարձրացվեց խաչափայտը (այստեղից էլ տոնի անվանումը՝ Խաչվերաց)։ Աշակերտներից ոմանք նաև հաղորդություն ստացան։ Հատկանշական է, որ Արկազի Սբ Խաչ եկեղեցու հիմքում կա Քրիստոսի Խաչափայտից մի մասունք․ այն նվիրել է Խաչափայտն ազատագրած բյուզանդական կայսր Հերակլը Վայոց ձորի թագուհի Հեղինեին՝ որպես երախտագիտություն վերջինիս օգնության։ Ահա հենց այս եկեղեցու բակում էլ «Այբ» դպրոցի աշակերտները Կարնո քոչարի, «Ալաշկերտ», իշխանաց պար և յարխուշտա պարեցին։ Վերջին կանգառը Հերհեր գյուղն էր, որտեղից քայլարշավով հասանք մենաստան համարվող Սուրբ Սիոն վանական համալիր։ Այստեղ երգչախումբը երգեց «Հայր մեր»-ը, ինչով և ավարտվեց «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների՝ Խաչվերացի տոնին նվիրված ուխտագնացությունը։

Այս ուղևորությունը թերևս շատ կարևոր նշանակություն ուներ մեզ՝ ավարտական դասարանում սովորող աշակերտներիս համար։ Նպատակը ոչ միայն ճանապարհորդելն ու Հայաստան աշխարհը ճանաչելն էր, այլև Հայ առաքելական եկեղեցու պատմությանն ու մշակույթին ծանոթանալը։ Օրվա ընթացքում յուրաքանչյուրս փորձեց գտնել ինքն իրեն որպես անհատ, ՀՀ քաղաքացի, քրիստոնյա։

Մերի Ղուլյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>