Հանդիպում Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ

Աշխարհում արագ աճող բնակչությանը զուգահեռ կարևոր է դառնում այդ բնակչությանը սննդով ապահովելու հարցը։ Իսկ սնունդ նշանակում է ագրոլորտ։

«Այբ» դպրոցում հանդիպեցինք Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ, ով ներկայացրեց ագրոլորտի և դրանում կիրառվող տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը։

Վարդան Ուռուտյանն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը և 2003 թ.՝ Կանադայի Գուելֆի համալսարանի հետասպիրանտական հատուկ դասընթացը։ Երկար տարիներ ղեկավարել է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնը, որտեղ բազմաթիվ նորարար կրթական ծրագրեր է իրականացրել։ Մշտապես զբաղվել է գիտելիքի կատարելագործմամբ և գիտահետազոտական աշխատանքով:

Հանդիպման սկզբում Վարդան Ուռուտյանը ներկայացրեց, թե ինչ կարևոր խնդիրներ և գյուղատնտեսության մեջ չօգտագործված հնարավորություններ կան աշխարհում, ապա ինչպես կարող է «Գյուղատնտեսություն 4.0»-ը (AgroTecհ), նորարական տեխնոլոգիաներ օգտագործելով, լուծում տալ համաշխարհային մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստանում առկա բավականին լուրջ խնդիրներին։ Թերևս ամենակարևոր խնդիրը աճող բնակչությանը կերակրելն է, քանի որ 2050 թվականի դրությամբ աշխարհում կլինի 10 մլրդ մարդ, իսկ դա նշանակում է, որ պետք է արտադրվի երկու անգամ ավելի շատ սնունդ, քան հիմա։ Կան բնական ռեսուրսների կորուստներ. տարեկան մոտ 10 մլն հեկտար անտառ է վերանում, ջուրն օրեցօր պակասում է։ Կանխատեսվում է, որ ապագայում պատերազմներ են լինելու ոչ թե նավթի, այլ ջրի համար։ Ջրի ռեսուրսներն արդյունավետ կառավարելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնել ջրամբարաշինության վրա, որը կարող է հենց լուծվել AgroTecհ-ի միջոցով։ Լուծում է պահանջում նաև համաշխարհային տաքացումը, որը մեծապես ազդում է գյուղատնտեսության վրա և առաջացնում հիվանդություններ։

Հայաստանում նույնպես քիչ չեն խնդիրները, որոնք լուծում են պահանջում։ Հայաստանում խնդիր է պարենային անվտանգությունը, պարենային սննդամթերքի առումով ոչ անկախ լինելը, այսինքն՝ սնունդ ենք ներկրում, որը կարող ենք ինքներս ապահովել։ Կա արտադրողականության ցածր մակարդակ, չունենք բարձրակարգ մասնագետներ։ Երկրում ունենք 440 հզ վարելահող, սակայն օգտագործվում է դրա կեսը։ Համեմատելով տվյալները Իսրայելի հետ՝ պարզում ենք, որ Հայաստանն ավելի քիչ է արտադրում, սակայն ունի ավելի շատ ռեսուրս։

Այս խնդիրներին արագ լուծում տալու համար գյուղատնտեսությունն անցում է կատարել նոր փուլ։ Գյուղատնտեսության մեջ սկսել են օգտագործվել թվանշային տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, դրոններ, ռոբոտներ, արբանյակներ։ AgroTecհ-ի գլխավոր նպատակն արդյունաբերության բարելավումն է՝ արտադրության ժամանակ առաջացող կորուստների նվազեցմամբ։ AgroTecհ-ն ունի մի քանի ուղղություն.

  • խելացի գյուղատնտեսություն – կիրառվում են տարբեր ծրագրեր գյուղմթերքի արտադրման համար.
  • ճշգրիտ գյուղատնտեսություն – օգտվում են արբանյակներից, դրոններից ստացված նկարներից՝ արդյունաբերության բարելավման համար, և այդպիսով ֆերմերը խնայում է իր ռեսուրսները, ավելի լավ ճանաչում տարածքը և իմանում, թե որտեղ է ավելի շատ խնամք պետք՝ բույսերն ավելի արդյունավետ աճեցնելու համար.
  • ուղղահայաց գյուղատնտեսություն – փակ համակարգերում ուղղահայաց տարաների մեջ բույսերի արտադրություն՝ տարածքի հարմարագույն օգտագործմամբ (փոքր տարածք, բայց շատ արտադրանք).
  • BioTech – արտադրողականության բարելավում, հիվանդությունների կանխարգելում, որոնցով զբաղվում է, օրինակ, Impossible Food կազմակերպությունը.
  • արհեստական բանականություն - եղանակի և հողի մասին տեղեկությունների հավաքում, ալգորիթմների կիրառում, ագրոնոմիական որոշումների կայացում՝ արտադրողականությունը բարելավելու համար։

Այս համակարգերն էլ հենց լուծում են տալու համաշխարհային խնդիրներին, բարելավելու են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, օգնելու գյուղացիներին քիչ ջանք ներդնելով շատ արտադրանք ապահովել։

Հանդիպման վերջում հնչեց նաև հետևյալ հարցը.

- Ըստ ցուցանշային աղյուսակների՝ Հայաստանն ավելի շատ է արտադրում, քան Ադրբեջանը և Վրաստանը, սակայն տարածքով ավելի փոքր է. ի՞նչն է պատճառը։

- Սեկտորներն ավելի քիչ են զարգացած այդ երկրներում։ Վրաստանում կան նույն խնդիրները, ինչ Հայաստանում, իսկ Ադրբեջանը նավթային երկիր է և հիմնականում կենտրոնացած է նավթի արդյունաբերության վրա։ Սակայն առաջիկա տարիներին կարող է մեծ գյուղատնտեսական թռիչք ունենալ, քանի որ այնտեղ կատարում են մեծ ներդրումներ։

Լիլի Թովմասյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>