ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանը այցելեց «Այբ» դպրոց

«Այբ» դպրոց այցելեց «Այբ»-ի բարերար, ամերիկյան ServiceTitan ընկերության համահիմնադիր Վահե Կուզոյանը։ Անվանական ցուցանակը պատին տպավորիչ է, բայց «Այբ» դպրոցի Գ մասնաշենքը՝ է՛լ ավելի ուրախացնող։ Վահե Կուզոյանը այբական երկրորդ շենքի կառուցման համար նվիրատվություն արած բարերարներից մեկն է։ Գ մասնաշենքը մրցանակներ է ստացել միջազգային մի շարք կարևոր ճարտարապետական մրցույթներում։ Այն նախագծել է «Ստորակետ» ճարտարապետական ընկերությունը։

«Այբ»-ի բարեկամ ու բարերար Վահե Կուզոյանի համար շրջայց անցկացրին «Այբ-ի համահիմնադիրները, դպրոցի ու «Այբ» կրթական հիմնադրամի տնօրենները՝ պատմելով վերջին տարիների այբական նշանակալի հաջողությունների, կրթական նախագծերի ու հաղթանակների մասին։

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը հարթակ է տրամադրում տնային ծառայություններ մատուցող բիզնեսներին, որպեսզի նրանք առանց ավելորդ ջանքերի կառավարեն և լավարկեն իրենց գործողությունները, բարելավեն հաճախորդների սպասարկումը և զարգացնեն բիզնեսը: Արա Մահտեսյանի և Վահե Կուզոյանի հիմնադրած ընկերությունն ընդգրկվել է Forbes-ի միլիարդ դոլարանոց ստարտափների ցանկում:

«Այբ» ավագ դպրոցը մասնավոր կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է Հայաստանում։ Աշակերտների 85 տոկոսից ավելին ստանում է ուսման վարձի փոխհատուցում։ «Այբ»-ի կրթաթոշակային համակարգը հավասար հնարավորություն է ընձեռում բոլոր ընդունված աշակերտներին՝ անկախ նրանց ընտանիքի վճարունակությունից։ «Այբ»-ի կրթաթոշակային ֆոնդը գոյանում է բարերարների նպատակային նվիրատվություններից։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>