Հրատարակվել է «Այբ» դպրոցի պատմության ուսուցիչ, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Հակոբյանի «Երևանի խանության ԺԸ․ դարի երկրորդ կեսի պատմության հարցերն ըստ Մատենադարանի պարսկերեն վավերագրական նյութերի» աշխատությունը։
Ստորև ներկայացնում ենք պարոն Հակոբյանի հոդվածը հատուկ «Այբ» բլոգի համար, թե ինչով է արդիական թեմայի ուսումնասիրությունը, որոնք են կարևոր շեշտադրումները։
***
Մեր օրերում հատկապես արդիական է Երևանի խանության պատմության ուսումնասիրումը, քանի որ վերջին շրջանում ադրբեջանական քարոզչության կողմից ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի և Երևանի պատմության կեղծման ուղղությամբ։ Այդ կեղծիքները նպատակ են հետապնդում Հայաստանի տարբեր բնակավայրեր, այդ թվում նաև Երևանը, իբրև արդբեջանական ներկայացնելու, այդ միջոցով ադրբեջանական ինքնությունն ամրապնդելու, հայերին տարածաշրջանում իբրև եկվոր ներկայացնելու։
Պարսիկ տիրակալների հրամանների, պաշտոնական այլ փաստաթղթերի ուսումնասիրուման միջոցով գրքում ներկայացվում են այնպիսի կարևոր հարցեր խանության հայերի վերաբերյալ, ինչպիսիք են հայերի գաղթի պատճառները, հայերի իսլամ ընդունելու պատճառները և այլն։ Աշխատությունում այս և այլ սկզբնաղբյուրների ուսումնասիրման և քննման միջոցով ցույց է տրվում, որ Երևանի հայ բնակչությունը պարզապես նվաճված բնակչություն չէր։ Հայերն առանցքային դերակատարում ունեին Երևանի քաղաքական, ռազմական և տնտեսական կյանքում։ Ինչպես վկայում են ժամանակակից շատ աղբյուրներ, առանց հայերի աջակցության Երևանի պարսիկ տիրակալները, որոնք հաճախ նաև մեծ արտոնություններ էին տալիս հայերին և հաշվի էին նստում նրանց հետ իրենց արտաքին քաղաքականությունում, քաղաքական, ռազմական և տնտեսական առումով շատ թույլ կլինեին և չէին կարողանա իրենց իշխանությունը պահպանել։
Ուսումնասիրության համար ժամանակագրական ընտրությունը պայմանավորված է խանության կիսանկախ կարգավիճակով, երբ Երևանն այլևս Իրանի ուժեղ ազդեցության ներքո չէր և տարածաշրջանի գերտերությունները՝ Ռուսաստանը և Թուրքիան, մրցակցում էին Երևանին տիրելու համար։ Այս առումով խանության պատմությունը նման է մեր օրերին, երբ հզոր պետության թուլանալուց հետո, այլ երկրներ մրցակցում են նախկինում դրա ազդեցության ներքո գտնվող երկրների համար (օրինակ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային երկրների համար Արևմուտքի, Ռուսաստանի, Չինաստանի մրցակցությունը), իսկ փոքր երկրները գոյատևելու համար պետք է ճկուն քաղաքականություն վարեն։ Երևանի խաների թուրքական, ռուսական, վրացական և այլ իշխանություններին ուղղված նամակների ուսումնասիրումից հնարավոր է եղել առավել խորքային ուսումնասկիրել խաների արտաքին քաղաքականությունը և հասկանալ թե ինչպես են նրանք կարողացել չեզոքություն պահպանել աշխարհաքաղաքական գործընթացներում՝ անվտանգ պահելով Երևանի խանությունը։
Կիսվել